Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական պարը՝ «Մետաքսի ճանապարհի» համատեքստում

Սեպտեմբեր 27,2017 13:30

Չինացիները խանդավառված էին «Բարեկամության» կատարումներով

Վերջերս կայացած  Չինաստան-Եվրասիա համաշխարհային  էքսպո- ցուցահանդեսի շրջանակներում  Դոնհուանգ քաղաքում շուրջ 10 երկրից՝ Մեծ Բրիտանիա, Կանադա եւ այլն,  ժամանած մշակութային  կոլեկտիվների թվում իր արվեստն է ցուցադրել պարարվեստի «Բարեկամություն» պետական անսամբլը (գեղարվեստական ղեկավար՝ Նորայր Մեհրաբյան): Սա, եթե չենք սխալվում, «Բարեկամության» երկրորդ այցելությունն էր Չինաստան: Իսկ անսամբլը այս անգամ ներկայացրել է Կարեն Մակինյանը (լուսանկարում), որը շուրջ 20 տարի հանդես է եկել  որպես մենապարող, իսկ հետո՝ փորձավար: «Առավոտի» հետ զրույցում Կարեն Մակինյանը նշեց, որ «Բարեկամությունն» ունեցել է մեկ մենահամերգ եւ երկրորդ անգամ հանդես է եկել տարբեր երկրներից ժամանած կոլեկտիվների հետ: Հետո էլ ասաց. «Վերջին տարիներին ավելի ու ավելի են զարգանում հայ-չինական հարաբերությունները: Եթե չեմ սխալվում՝ շուրջ երկու տարի առաջ մեր նախագահը Չինաստան կատարած իր այցելության ժամանակ հուշագիր էր ստորագրել Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու ստեղծմանն ուղղված համագործակցության խորացման վերաբերյալ: Ըստ էության, եթե հակիրճ ներկայացնեմ, ապա Դոնհուանգում մշակութային միջոցառումները ուղղված էին հենց Մետաքսի ճանապարհի վերականգնմանը»: Մեր զրուցակիցը հիշեցրեց, որ Մետաքսի ճանապարհը, որպես այդպիսին, բացվել է մ.թ.ա. 2-րդ դարում, երբ հռոմեական եւ չինական կայսրությունների միջեւ աստիճանաբար ընդլայնվում էր առեւտուրը եւ այս ճանապարհի շարունակությունն, այսպես կոչված՝ «հարավային ճանապարհն» էր, որն արեւելքից անցնում էր Հայաստանով, ավելի կոնկրետ՝ Արտաշատի միջով, այնտեղից էլ ձգվում դեպի Սեւ ծովի նավահանգիստներ: Իսկ հետո 5-րդ դարում Դվինը, որպես Հայաստանի նոր մայրաքաղաք, փոխարինելու եկավ Արտաշատին ու առեւտրի երթուղին, որը կապում էր Չինաստանը, Կենտրոնական Ասիան եւ Իրանը Կոստանդնուպոլսի հետ, անցնում էր հենց Դվինով: 15-րդ դարի կեսերին, երբ սկսեցին զարգանալ ծովային առեւտրական ուղիները եւ տնտեսական անկում տեղի ունեցավ Կենտրոնական Ասիայում, Մետաքսի ճանապարհը, որ գոյություն էր ունեցել շուրջ 15 դար, դադարեց իր նպատակին ծառայել:

Անդրադառնալով «Բարեկամություն» անսամբլի համերգին, մեր զրուցակիցը նախ նշեց, թե չինացիները ոչ միայն իրենց մշակույթն են պահպանում ու գնահատում, այլեւ այդ ժողովուրդը հայտնի է իր հետաքրքրություններով օտար մշակույթի նկատմամբ: «Մենահամերգում ընդգրկված 18 համարներն իսկապես ընդմիջվում էին երկարատեւ ծափերով, հատկապես կարելի է փաստել, որ չինացիները մեծ ոգեւորությամբ ընդունեցին հայկական ազգագրական պարերի շարանը եւ կանանց խմբի մեկնաբանմամբ «Կիլիկիան»: Նշեմ, որ ծրագրում տեղ գտած պարերի բեմադրիչն է անսամբլի գեղարվեստական ղեկավար Նորայր Մեհրաբյանը: Չինացիները խանդավառված էին «Գարուն Երեւան», «Զարթոնք», «Լեզգինկա», «Ուզունդարա», «Ծաղկած բալենի», «Գյումրի» եւ այլ համարներով նույնպես: Կարճ ասած՝ հետաքրքրությունը շատ մեծ էր»,- հայտնեց Կարեն Մատինյանը: Հարցին, թե չինացիները առաջին անգամ չէ, որ «շփվում» էին հայկական պարի հետ, մեր զրուցակիցը ժպիտով պատասխանեց. «Մոռանո՞ւմ եք, որ Չինաստանը շուրջ մեկուկես միլիարդ բնակչություն ունի…»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ  

«Առավոտ» օրաթերթ

  26.09.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930