Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ոտքերիդ վրայից ամպիկների փետուրները երբե՜ք թափ չտաս…

Սեպտեմբեր 26,2017 23:52

Երբ մայրամուտի վերջին կրակները ձեռքով են անում լեռների գագաթից, ձեռքերս սեղմում եմ սրտիս ու տաքանում…միայնության կրակից: Այն առաջվա պես չի այրում-փոշիացնում, այլ պարզապես ջերմացնում է ինձ ու մարդկանց: Իսկ ես մարդ չե՞մ…երբեմն՝ ոչ, որովհետեւ ուղղակի մտքով թռչում եմ այդ լեռների գագաթներով, ոտքերս թաթախում ամպերի մեջ ու, ասենք, աշխատանքի գնում՝ մոռանալով ծնկներիցս թափ տալ ամպիկների փետուրները…Մարդիկ գարեջրով ու թմրանյութով են «թռնում» եսիմ ուր, զգում եսիմ ինչեր, իսկ ես…չէ, ես երբեմն հաստատ մարդ չեմ…իսկ գուցե՝ այլմոլորակայի՞ն…

Շեղվեցի՝ միայնությունից էի խոսում…այն գոյություն չունի, որովհետեւ բնության մեջ մենություն չկա…այլ է հարցը, որ մեր մտքում ու սրտում բնություն չունենք, սպանել ենք այն, կամ չենք թողել ծնվի: Կամ ուղղակի ալարում-վախենում ենք պարել քամու հետ, շնչել հողի բույրը, ջերմանալ արեւածագի առաջին համբույրից, զուլվել խոսուն ջրին: Գրեթե բոլորը երազում են ինչ-որ գեղեցկադեմ մեկի հետ քնելու, լավագույն դեպքում՝ արթնանալու մասին…թե այդքան «դուխով» են՝ թող ամեն օր Արեւի հետ արթնանան…

Երբ արթնացա բնությունը սրտումս, դատարկությունը շա՜տ հեռու էր փախչել: Թվում էր՝ հեսա Ապանդարամետը կգա իր ստորգետնյա թագավորությունից ու կդժհոգի՝ «սրա՞ն ինչու ուղարկեցիր ինձ մոտ, ա՜յ անխիղճ»… դու մի ասա՝ դատարկությունը զբաղեցրել էր նրա ողջ թագավորությունը: Երբ մաքուր է միտքը, դատարկությանը փոխարինում է Սերը՝ պարզ, ջինջ, մարդկային ու միաժամանակ՝ վերերկրային սերը: Երջանկությունն էլ ամենուրեք նրան է փնտրում ու այցելում նրանց, ում մտքում Սեր է՝ առանց նախապայմանների: Կներես, սիրելի Հախվերդյան, բայց դու ինձ ու շատերին «խաբել» ես՝ Երջանկությունը մի անգամ չի այցելում…

Լավ է լինել գրեթե երջանիկ՝ առանց այն միակի, քան առհասարակ դժբախտ՝ նրա բացակայության պատճառով…իսկ եթե Նա եկել է կամ հայտնվել, թող որ Սերը միայն բարին արարի՝ անկախ նրանից, թե արթնանալուց նրա՞ն ես տեսնում, թե…Արեւին…

Ախ, մոռացա ասեմ, թե ամպիկների կտորներն ինչ կապ ունեն այս ամենի հետ: Որպեսզի հոգիդ հասնի ամպերին, պետք է միտքդ մաքրես ու թույլ տաս, որ դրանում ապրի Սերը…ու ամենակարեւորը՝ ոտքերիդ վրայից ամպիկների փետուրները երբե՜ք, լսո՞ւմ ես, անգամ ամենածանր հիասթափության դեպքում, երբե՜ք թափ չտա՜ս…

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930