Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանին, հնարավոր է, հեռացնեն Եվրախորհրդից. HRW

Սեպտեմբեր 26,2017 23:13

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն որոշում է կայացրել դատական գործընթաց սկսել Ադրբեջանի դեմ՝ կապված քաղաքական ակտիվիստ Իլգար Մամեդովին ճաղերի ետևում պահելու հետ: Այս մասին ասվում է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության կայքում:

Իրավապաշտպանները նշում են, որ սա աննախադեպ քայլ է, և Եվրախորհուրդը երբեք նման բան նախկինում չի արել: Դատական գործընթացների արդյունքում հետագայում Ադրբեջանը կարող է զրկվել ձայնի իրավունքից կամ ընդհանրապես հեռացվել Եվրախորհրդից:

2014թ. մայիսին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հստակ վճիռ էր կայացրել առ այն, որ 2013թ. փետրվարին քաղաքական վերլուծաբան Մամեդովի ձերբակալությունն անօրինական է և նպատակ ունի «լռեցնել նրան և պատժել՝ կառավարությանը քննադատելու համար»: Դատարանը հստակեցրել էր, որ Մամեդովը պետք է ազատ արձակվի: Անցել է ավելի քան 3 տարի, բայց Մամեդովը շարունակում է մնալ ճաղերի ետևում՝ չնայած դրան հաջորդել է Նախարարների կոմիտեի ավելի քան 10 բանաձև՝ Մամեդովին ազատ արձակելու պահանջով:

Ազատ խոսքի նկատմամբ ոտնձգության դատական գործը երկարատև գործընթաց է, հետևաբար Ադրբեջանին Եվրախորհրդից հեռացնելու որոշումը շատ շուտ չի լինի: Սա Ադրբեջանի կառավարությանը ևս մեկ հնարավորություն է տալիս ազատ արձակելու Մամեդովին:

Մամեդովի դեպքը միակը չէ: Տասնյակ քննադատներ, իրավապաշտպաններ, մամուլի ներկայացուցիչներ անարդարացիորեն հայտնվել են ճաղերի ետևում: Որոշ ակտիվիստներ ազատ արձակվեցին 2016թ.՝ երկրից դուրս չգալու պայմանով: Այժմ, սակայն, նրանք չեն կարող աշխատել, քանի որ իշխանությունները փակել են նրանց կազմակերպությունները:

Կառավարության միջազգային գործընկերները, այդ թվում Եվրոպական միությունը, պետք է հստակ հասկանան, որ դատարանի նկատմամբ շարունակվող ոչ հարգալից վերաբերմունքը և քաղբանտարկյալներին բանտերում պահելը կարող է ունենալ շատ ավելի լուրջ հետևանքներ, նշում են իրավապաշտպանները:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930