Լրահոս
Օրվա լրահոսը

Իսրայելը բացարձակ ոչինչ չի ձեռնարկել՝ ինձ ադրբեջանական բանտից փրկելու համար. Լապշին

Սեպտեմբեր 26,2017 23:00

Իսրայելի ռուսախոս հասարակությունն աղաղակում է, որ իբր Իսրայելը հերթական անգամ փրկեց «դմբո քաղաքացուն»՝ ի վնաս ազգային շահերի, իր բլոգում գրում է ադրբեջանական բանտից ազատ արձակված բլոգեր Ալեքսանդր Լապշինը, որն ունի Իսրայելի և Ռուսաստանի քաղաքացիություն:

«Ընդհանրապես չէի ցանկանա բարձրացնել այդ հարցը, քանի որ այն մութ է և ոչ միանշանակ: Պատասխանատու կերպով հայտարարում եմ՝ Իսրայելը պետական մակարդակով բացարձակ ոչինչ չի ձեռնարկել՝ ինձ փրկելու համար՝ ո՛չ բելառուսական, ոչ էլ արդեն ադրբեջանական բանտում գտնվելուս ժամանակ: Մինսկում և Բաքվում Իսրայելի հյուպատոսներն ինձ այցելում էին, բայց դա իրենց պարտականության շրջանակում էր. նրանք օրենքով պարտավոր են հյուպատոսական օգնություն ցուցաբերել իրենց քաղաքացուն: Դրանից բացի՝ Իսրայելն ընդհանուր առմամբ այլևս ոչինչ չի ձեռնարկել, և դա երեք պատճառով.

1.Ադրբեջանը Իսրայելի հետ շուրջ 5 մլրդ դոլարի զենքի մատակարարման պայմանագրեր ունի ստորագրած և դրանով իսկ վերածվել է տեղի ռազմարդյունաբերական համալիրի գլխավոր հաճախորդներից մեկը: Հասկանում եք, այդ բոլոր սխեմաները չափազանց «մոխրագույն են»՝ անխուսափելի «օտկատներով» և բավականին բարձր մակարդակով անձնական կապերով:

2.Նավթի գների անկման պատճառով Ադրբեջանը մինչ օրս չի մարել նախկինում մատակարարված սպառազինության պարտքերը:

3.Ադրբեջանում արված դատավճռից հետո անգամ արտահանձնման ճանապարհով ինձ վերցնելով՝ Իսրայելը կհայտնվեր շատ բարդ կարգավիճակում: Տեղի դատարանը պետք է վերանայեր իմ՝ Լեռնային Ղարաբաղ այցելելու գործը և այն համապատասխանեցներ Իսրայելի օրենքներին: Պարզ ասած՝ իսրայելական դատարանը մեծ հավանականությամբ պետք է ինձ արդարացներ՝ ադրբեջանական դատավճիռը ճանաչելով մեղմ ասած ոչ համարժեք: Ավելացնենք Իսրայելում հասարակական արձագանքը, որը ձևավորվել էր ոչ հօգուտ մուսուլմական Ադրբեջանի և Իսրայելի քաղաքացու նկատմամբ նրա անհեթեթ դատավճռի:

Ինչպես գուշակում եք՝ նման խոշոր պայմանագրեր ձեռք բերելն այնքան էլ հեշտ չէ, իսկ դրանք կորցնել կարելի է ակնթարթորեն, օրինակ պաշտպան կանգնելով անօրինական կերպով ադրբեջանական բանտում հայտնված բլոգերին: Կամ նրան հետ վերցնել՝ բայց ուժը կորցրած ճանաչելով ադրբեջանական դատավճիռը: Սրանք իմ ենթադրությունները չեն, ներքին տեղեկություն է: Ի՞նչ արեց Իսրայելն այս ոչ միանշանակ իրավիճակում: Ոչինչ: Այսինքն, ընդհանրապես ոչինչ: Ինչպես հայտնի է, ամենևին էլ Իսրայելը չի ինձ «փրկել», այլ ինքը՝ Իլհամ Ալիևն է բոլորի համար անսպասելիորեն ներման հրաման ստորագրել: Ադրբեջանցիներն անգամ նեղացած էին, որ դատավճիռը կայացված է, իսկ Իսրայելը ձգձգում է արտահանձնման հարցը:
Կարճ ասած, մի գործոն կա, որն այս հարցում խաղաց հօգուտ Իսրայելի: Ադրբեջանը ի դեմս ինձ՝ ծանր բեռ էր կրում. վաղուց էր ցանկանում ազատվել ինձնից՝ միաժամանակ չսևացնելով իրեն: Նրանք համոզված էին, որ հենց որ դատավճիռը լինի, ինձ կուղարկեն իմ քաղաքացիության երկրներից մեկը (Իսրայել կամ Ռուսաստանի Դաշնություն), բայց փոխարենը ես շարունակում էի մնալ բանտում և նրանց համար գլխացավանք ստեղծել: Ուղարկել ինձ գաղութ, որտեղ հազարավոր դատապարտյալներ կային՝ նույնպես չէին կարող. այնտեղ ինձ պարզապես կսպանեին իմ գործի առանձնահատկության և հենց Բաքվում իշխանության անկայունության ու երկրի գլխավոր աթոռի համար կլանների միջև ընթացող լուրջ պայքարի պատճառով: Այդպես, ես վերածվել էի «առանց բռնակի ճամպրուկի», որից Իլհամ Ալիևը չգիտեր՝ ինչպես ազատվել: Իսրայելին մնում էր թուլանալ և սպասել, մինչև որ Ադրբեջանն ինքը ելք գտներ ստեղծված իրավիճակից: Հրեաները հենց դրանով են հրեա (սա ասում եմ որպես հրեական արմատներ ունեցող մարդ), որպեսզի 7 քայլ առաջ մտածեն:

Արդյունքում Բաքվում որոշում կայացվեց բեմադրել իմ ինքնասպանությունը (փաստացի խցում ինձ վրա հարձակվել էին և ծեծել), հետո «խղճահարություն» ցուցաբերել և ներում շնորհել: Հիշեցնեմ, որ ես ծեծի եմ ենթարկվել խցում սեպտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը, իսկ արդեն սեպտեմբերի 11-ին եղավ ներման հրամանը: Զարմանալի է, չէ՞:

Ո՛չ, Իսրայելը՝ որպես պետություն, ինձ չի օգնել: Բոլոր հնարավոր քայլերը ձեռնարկել են առանձին մարդիկ, փաստաբաններ (հատկապես Էլի Հերվիցը), Կնեսետի պատգամավորներ, հասարակական գործիչներ, լրագրողներ: Նրա՛նց շնորհակալություն, ոչ թե Իսրայել պետությանը, որը, չնեղանաք, բայց ինձ վաճառեց ռազմական պայմանագրի դիմաց: Թերևս այդպես կգործեր ցանկացած պետություն, լիներ դա Իսրայելը, Ամերիկան կամ, օրինակ, Շվեդիան»,- եզրափակել է Լապշինը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930