Հասարակական գործիչ Կարեն Վարդանյանի սպանության գործով դատաքննությանն այսօր հարցաքննվեց գործով վկա Մանուկ Ստեփանյանը: Նա վերջին անձն էր, որը Կարեն Վարդանյանին սպանվելուց առաջ տեսել էր:
Վերջինս պատմեց, որ Կարեն Վարդանյանի հետ մտերիմ հարաբերություններ է ունեցել ու դեպքի օրը նրան մինչեւ Սասունցի Դավիթ կայարան է ուղեկցել: Նրա պատմելով՝ Կարեն Վարդանյանը նշված օրը Դուբայ էր մեկնում: Վկան նաեւ պատմեց, որ այդ օրը ցուրտ էր, ու ինքը չի կարողացել երկար սպասել մինչեւ Կարեն Վարդանյանը մեքենա նստի, վերջինիս հրաժեշտ է տվել ու հեռացել է՝ նրան թողնելով կանգառում. «Կարենը բարձր տրամադրություն ուներ, ուրախ էր, որ գնում էր Դուբայ»:
Մանուկ Ստեփանյանի խոսքով, ինքն ավելի ուշ է իմացել, որ Կարեն Վարդանյանը անհետացել է, Ոստիկանությունը նրան փնտրում է:
Վկան Կարեն Վարդանյանի հետ գործնական մտերմություն է ունեցել, նրա խոսքով, վերջինս իրեն օգնում էր CV-ներ պատրաստել, ինքն էլ մագիստրոսական թեզերի հետ կապված աշխատանքներ էր իրականացնում: Այսօրվա դատական նիստն ավարտվեց այս վկայի հարցաքննությամբ: Նա էական հանգամանքներ գործի վերաբերյալ չհայտնեց: Հաջորդ նիստը նշանակվեց հոկտեմբերի երեքին, այդ օրը հարցաքննվելու են ամբաստանյալները:
Հիշեցնենք, որ Գևորգ Զոհրաբյանին և Արթուր Միհրանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրան նախնական համաձայնությամբ խմբի կազմում վստահությունը չարաշահելու և խաբեության միջոցով Գ․Զոհրաբյանը գաղտնի առևանգել է Կարեն Վարդանյանին այնուհետև նույն անձի հետ խմբի կազմում շահադիտական դրդումներով դիտավորությամբ ապօրինաբար զրկել կյանքից, որից հետո նույն անձի հետ նախնական համաձայնությամբ խմբի կազմում գաղտնի հափշտակել Կարեն Վարդանյանի զգալի չափի գույքը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ