ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Լիբանանի Ս. Խաչ-Հարպոյան վարժարանի ուսումնական հատուկ կարիքների բաժանմունքի գլխավոր պատասխանատու Սևակ Հակոբյանին, համակարգող Լարա Գուտուզյանին, բաժանմունքի խորհրդական Քրիստին Տեր-Սարգսյանին, հոգեշարժական կազմավորման մասնագետ Նաթալի Ավեսյանին և ուղղախոսության մասնագետ Ջենիֆեր Ապեթյանին:
Ջերմորեն ողջունելով հյուրերին՝ նախարարը շնորհակալություն հայտնեց «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» շարժմանն անմիջապես արձագանքելու համար և բարձր գնահատեց նրանց նախաձեռնությամբ՝ Բեյրութի Ս. Խաչ-Հարպոյան վարժարանում ներառական կրթության մեկշաբաթյա դասընթացին Մարտակերտի Վարդան Մինասյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն Մելսիդա Քարդումյանի, ուսուցիչներ Լուսինե Սաիյանի և Ռուզաննա Ավետիսյանի մասնակցության կազմակերպումը: Նա մասնավորապես ասաց. «Իսկ ձեր վերջին ձեռնարկը պարզապես հիացմունք է պատճառում, այն գիտակցությունը, որ Սփյուռքի դպրոցները Արցախի դպրոցներին աջակցում, սատար են կանգնում՝ ուժ ու զորություն են տալիս Արցախի ժողովրդին: Ձեր փորձն ու հմտությունները փոխանցելով՝ դուք նրանց վստահություն ու հողին ամուր կանգնելու վճռականություն եք հաղորդում»:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և գնահատանքի համար՝ Սևակ Հակոբյանը նշեց, որ հայրենի հողի վրա ապրելն է իսկական հայրենասիրությունը, և սփյուռքահայերը հնարավոր ամեն ինչ պետք է անեն հողը հայրենիք դարձնողներին աջակցելու համար: Նա ներկայացրեց Վարժարանում իրականացվող աշխատանքները, նշեց, որ Հայ Կաթողիկե Պատրիարքութեան Ս. Խաչ-Հարպոյան Բարձրագույն վարժարանը հիմնվել է 1987-ին, Լեռնալիբանանի Մեթնի շրջանի Զալքայի արվարձանում: 2016-2017 ուս. տարում վարժարանն ունի 500 աշակերտ: Վերջին տարիներին վարժարանում ստեղծվել են նոր բաժիններ, կրթության համար անհրաժեշտ բոլոր շենքային, տեխնիկական կառույցները և հաստատվել է ակադեմիական դպրոցական բակալավրիայի կրթությունը՝ իր տարբեր բաժանմունքներով: Սևակ Հակոբյանը կարևորեց վարժարանի կարգախոսը, որը դարձել է վարժարանի ուղենիշը՝ «2 տարեկան երեխան վստահութեամբ յանձնեցէք մեզի եւ 18 տարեկանին կը ստանձնէք հայ քրիստոնեայ, ուսեալ երիտասարդը»:
Քննարկվեցին համայնքի կրթական խնդիրներին առնչվող հարցեր:
ՀՀ սփյուռքի նախարարություն