Այսօր` սեպտեմբերի 26-ին, Թումանյանի թանգարանում մեկնարկեց «Բռնությունը փոխարինենք սիրով» երեխաների հանդեպ բռնության վերացմանն ուղղված հնգամյա արշավը, որը նպատակ ունի կանխարգելելու Հայաստանում երեխայի բռնությունը:
Հանրային արշավը կյանքի է կոչվել երեխաների պատշապանության ոլորտի խոշորագույն 10 կազմակերպությունների համատեղ ջանքերով՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Վորլդ Վիժն Հայաստանի, «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլի» հայաստանյան ներկայացուցչության, ՍՕՍ մանկական գյուղեր-Հայաստանի, Հայաստանի մանուկներ հիմնադրամի, Քաղաքացիական հասարակության ինստիտուտի, Երեխաների պաշտպանության ցանցի, «Ընտանիք և համայնք» ՀԿ-ի, Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն»-ի, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի: Արշավին են միացել նաև լրատվամիջոցներ:
«Մենք կարող ենք հպարտությամբ խոսել աննախադեպ գործընկերության մասին, որ ձևավորվել է երեխաների հանդեպ բռնության վերացման նպատակի շուրջ: Մեր գործընկերները թե հասարարակական խոշոր կազմակերպություններ են, թե լրատվամիջոցներ, և մենք բոլորս հավասարապես կիսում ենք պատասխանատվությունը՝ հասնելու հաջողության և բարելավելու երեխաների հանդեպ բռնության վիճակագրություն Հայաստանում», – ասում է Վորլդ Վիժն Հայաստանի Ծրագրերի տնօրեն Ժիրայր Էդիլյանը:
Հանրային արշավը Հայաստանում մի քանի խոշոր նպատակ է հետապնդում՝
- կանխարգելել և նվազեցնել Հայաստանում երեխաների հանդեպ կիրառվող ֆիզիկական և հոգեբանական բռնությունը,
- բարեփոխել օրենսդրությունը՝ մասնավորապես Ընտանեկան բռնության մասին օրենքի և հարակից իրավական ակտերի, Քրեական օրենսգրքի և Քրեական դատավարության օրենսգրքերի շրջանառվող նախագծերը,
- նպաստել երեխայի բռնության վերացմանն ուղղված համակարգի և քաղաքականության արդյունավետ գործառնությանը,
- բարեփոխել սոցիալական պրակտիկան և նորմերը,
- նպաստել բռնության ենթարկված երեխայի համակողմանի վերականգնմանը,
- նպաստել երեխաների լիարժեք և ներդաշնակ զարգացման համար բարենպաստ միջավայրի ստեղծմանը ընտանիքում, հանրակրթական հաստատություններում և հասարակության մեջ,
- խոշոր դոնորների օրակարգում ամրագրել երեխաների պաշտպանության խնդիրները որպես գերակայություն:
Ստեղծված մեդիա ռեսուրսների միջոցով հանրային արշավը նպատակ է հետապնդում բարեփոխել սոցիալական պրակտիկան և նորմերը: Մեդիա ռեսուրսների շարքում են ինֆոգրաֆիկ տեսանյութ(https://goo.gl/hJER5H) և երաժշտական տեսահոլովակ: Հատկանշական է նաև www.mankutyun.am կայքի ստեղծումը, որտեղ ամփոփված են երեխաների իրավունքների և երեխաների հանդեպ բռնության վերաբերյալ մի շարք հետազոտություններ, քաղվածքներ օրենքներից, ռազմավարական փաստաթղթեր, ինչպես նաև օգտակար խորհուրդներ ուսուցիչների, ծնողների և երեխաների համար:
***
Հայաստանում երեխաների հանդեպ բռնության վերաբերյալ հիմնական վիճակագրական տվյալները՝
- Համաձայն Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտության (2015-16 թթ.)՝ 1-14 տարեկան տասը երեխայից յոթը հետազոտությանը նախորդող 30 օրերի ընթացքում ենթարկվել է հոգեբանական կամ ֆիզիկական որևէ պատժի: Հոգեբանական ագրեսիան ավելի տարածված է, քան ֆիզիկականը:
- Երեխաների երկու երրորդից ավելին (65 տոկոս) ենթարկվել է հոգեբանական ագրեսիայի, իսկ 38 տոկոսը՝ ֆիզիկական պատժի որևէ տեսակի: Երեխաների 4 տոկոսը ենթարկվել է ֆիզիկական խիստ պատժի:
- 2015 թվականին Վորլդ Վիժն Հայաստանի կողմից անցկացված Երեխաների պաշտպանության ոլորտում տիրող իրավիճակի նախնական գնահատման արդյունքում պարզվել է, որ ծնողների 74.7%-ը վերջին մեկ ամսվա ընթացքում որպես պատժի ձև երեխաների նկատմամբ կիրառել է ֆիզիկական կամ հոգեբանական բռնություն: Ֆիզիկական
- բռնություն կիրառել է 39.7%-ը: Նույն ծնողների 67.4%-ը կարծում է, որ ֆիզիկական բռնության կիրառումը դաստիարակության արդյունավետ մեթոդ չէ, և միայն 8%-ն է կարծում, որ ֆիզիկական պատիժը դաստիարակության արդյունավետ միջոց է: