Սեպտեմբերի 26-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ուրուգվայի «Ռադիո Արաքս»-ի տնօրեն, լրագրող Դիեգո Կարամանուկյանին:
Ողջունելով հյուրին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց հայ լրագրողի ազգանպաստ գործունեությունը, հետաքրքրվեց համայնքի նորություններով և «Հայաստան-Սփյուռք» համահայկական 6-րդ համաժողովից ստացած տպավորություններով:
Հայազգի լրագրողը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և նշեց, որ Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովը նախադեպ չունեցող շատ կարևոր և արդյունավետ հավաք էր, որտեղ ներկայացվեցին ուշագրավ տեսակետներ, առաջարկներ, որոնք հետո ծրագրեր կդառնան:
Խոսելով Ուրուգվայի հայկական համայնքի ներկա իրավիճակի մասին՝ Դիեգո Կարամանուկյանը նշեց, որ ուրուգվահայությունն իր կենսակերպով շատ է կապված Հայաստանի և հայ մշակույթի հետ, անգամ, եթե իրենք մեկ բառ անգամ չեն հասկանում հայերեն. «15 հազար հայ կա Ուրուգվայում: Ունենք երկու հայկական դպրոց: Սակայն պետք է նշեմ, որ Ուրուգվայում, այն ինչ հայկական է, վտանգված է, վտանգված է հայոց լեզուն, քանի որ կրթական ծրագրերում կան մեծ տարբերություններ և հայոց լեզուն դասավանդվում է շատ քիչ ժամաքանակով: Ուրուգվայում հայերը՝ հաճախ անգամ հայերեն չհասկանալով, հաճույքով են լսում հայկական ռադիոյի հաղորդումները, հայերեն երգեր եւ երաժշտություն: Անհանգստացնող է, որ վերջին շրջանում սկսել են շատ ավելի քիչ մասնակցել հայկական կյանքին, փակվում են հայկական դպրոցներ, կրթօջախներ, սահմանափակվել է, օրինակ, ռադիոյով հեռարձակվող հայկական հաղորդման և երգերի հեռարձակումը: Հազվադեպ են մշակութային շփումները: Ադրբեջանը Ուրուգվայում ակտիվացել է՝ ընդդեմ հայերի: Եվ այստեղ Հայաստանը շատ մեծ անելիք ունի», – հավելեց նա:
Քննարկվեցին համայնքի մշակութային կյանքի աշխուժացմանն ուղղված համատեղ ծրագրեր:
Սփյուռքի Նախարարություն
Մամուլի Եվ Հասարակայնության Հետ Կապերի Վարչություն