Արմավիրի մարզի Պտղունք գյուղի Տիգրան Մեծի անվան դպրոցի շենքը 4-րդ կարգի վթարային է: Դպրոցի 116 աշակերտի համար այստեղ դասաժամերն անցնում են արտակարգ իրավիճակում. ամեն վայրկյան փլուզում կարող է լինել:
Մանկավարժներն Aravot.am-ի հետ զրույցում պատմեցին, որ դպրոցի դրսի պատը փլվել է՝ աշակերտներից մեկը հազիվ հասցրել է անվնաս անցնել այդտեղով:
Ուսուցիչներն ու աշակերտները մեզ պատմեցին, որ հաճախ դասի ժամերին մեկ էլ առնետներ են լցվում դասասենյակ: Իսկ անձրեւների եւ հալոցքի ժամանակ դասասենյակներում իսկական հեղեղ է լինում, առաստաղից ջուրը կաթում է ուղիղ երեխաների վրա:
11-րդ դասարանցիներից մեկը մեզ պատմեց, որ հանրահաշվի դասաժամին առնետների ձագերը լցվել էին դասարան, բոլորը վախեցել էին: Հետո առնետների մուտքը լաթերով փակել են, առայժմ կրծողները լաթերով «պատնեշը» չեն հաղթահարել:
Դպրոցում անգամ կոյուղի չկա, ջրագծեր չկան. աշակերտները ջուր են խմում ու լվացվում են դպրոցի բակում տեղադրված ցայտաղբյուրից, իսկ ձմռան ցրտերին աշակերտները զրկվում են անգամ այս ցայտաղբյուրի ջրի բարակ շթից. այն սառչում է: Դպրոցի շենքը ջեռուցում չունի, նավթի վառարաններով են ջեռուցում սենյակները: Ուսուցիչներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ երեխաներից շատերը նավթի վառարանի արտանետումներից ալերգիա են ունենում:
Մանրամասն՝ տեսանյութում
Դպրոցի զուգարաններն առանձնացված են, մանկավարժական անձնակազմի զուգարանը դպրոցի հետնամասում է, աշակերտներինը՝ առաջնամասում: Դրանք իրարից շատ չեն տարբերվում. երկուսն էլ դրսում են, ու հին գյուղական, այսպես ասած՝ փոսով զուգարաններ են:
Երեխաները մեզ հետ զրույցում ամաչելով էին ասում, որ ստիպված են օգտվում այդ զուգարանից, մի քանի հպարտ աշակերտներ սակայն ասացին՝ «Էտի զզվելի զուգարան ա, չենք գնում էդտեղ, սիրտներս խառնում ա»:
Դպրոցի շենքը, տնօրեն Սիլվա Մկրտումյանի պատմելով՝ շահագործման է հանձնվել 1948 թվականին, ինքը 13 տարի է տնօրեն է եւ այս տարիների ընթացքում շենքը երբեւէ չի վերանորոգվել:
Տնօրենն ասում է՝ բազմաթիվ անգամ դիմել են մարզպետարանին, ամեն անգամ խոստացել մի բան անել, սակայն ոչինչ էլ չի արվել. «Մի անգամ էլ Երեւանից եկան, քաղաքաշինությունից էին, տեսան պայմանները, նույնիսկ արգելեցին դաս անենք: Բայց, դե ոնց կլինի դաս չանենք: Ջուրը պատերից լցվում ա ներս, հավաքարարները դույլերով ջուրը հավաքում են՝ թափում»:
Մանրամասն՝ տեսանյութում
Դպրոցի փոխտնօրեն Վարդիթեր Մաթեւոսյանն էլ մեզ հետ զրույցում պատմեց, որ նախագահական ընտրություններից առաջ էլ ինչ-որ պաշտոնյաներ էին այցելել դպրոց, կրկին խոստացել էին լուծել խնդիրը, բայց մինչ օրս անգամ փլված տանիքի հարցը չի լուծվել: Թե կոնկրետ ովքեր էին նախընտրական շրջանում այցելել դպրոց, փոխտնօրենն անուններ չտվեց: Դպրոցի տնօրենն էլ, փոխտնօրենն էլ մեր հարցին ի պատասխան հպարտությամբ հայտարարեցին՝ «Դպրոցի ուսուցիչների մեծ մասը հանրապետականներ են»:
Արդյոք ձեզ չի՞ մտահոգում, որ իրենց հարազատ կուսակցության պաշտոնյաները դպրոցի համար այս երկար տարիների ընթացքում ոչինչ չեն արել, գոնե տանիքը չեն նորոգել, երեխաները սովորում են անմարդկային պայմաններում, մեր այս հարցին ի պատասխան տիկին Մաթեւոսյանն ասաց. «Միայն հանրապետականներն են մտահոգ մեր դպրոցով»:
Մանրամասն՝ տեսանյութում
Ընդմիջման ժամանակ, երբ երեխաները դասարաններից դուրս վազեցին՝ փայտյա հատակն այնպես էր ճոճվում ու ճռճռում, որ թվում էր, թե ուր որ է այն կփլվի:
Դպրոցի առաջին դասարանցին էլ միջանցքում միայնակ ու տխուր կանգնել էր. հուզմունքից լաց եղավ. Միակ աղջիկն է դասարանում, ընկերուհի չունի:
Մանրամասն՝ տեսանյութում
Հ. Գ. Դպրոցի վերանորոգման համար արդյոք կառավարությունն ու նախարարությունը երբեւէ մտահոգվել են ու ներառել այն ծրագրերում, այս եւ այլ մանրամասները կարդացեք վաղվա տպագիր «Առավոտում»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ