Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված ու ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու եւ նրանց միանալու փորձի մեջ մեղադրվող Անդրիաս Ղուկասյանի գործով հերթական դատական նիստում վերջինս մեկ այլ միջնորդություն էլ ներկայացրեց՝ լրացուցիչ անձանց որպես վկա հարցաքննելու վերաբերյալ:
Անդրիաս Ղուկասյանը նախ հետեւյալ խնդիրը մատնանշեց՝ նախաքննության ժամանակ իր դեմ ցուցմունք տված երկու ոստիկաններն ասել են, թե այդ օրվա երթի ժամանակ ինքը քաղաքացիներին հրահանգել է քարեր հավաքել՝ ոստիկանների վրա նետելու համար, մինչդեռ նա նման կոչ չի արել: Բացի այդ, ինչպես փաստեց Անդրիաս Ղուկասյանը, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը կոչ է արել քարեր եւ այլ իրեր չնետել, սադրանքների չտրվել:
Անդրիաս Ղուկասյանի խոսքով՝ ոստիկաններ Գալստյանը եւ Պապիկյանը միանման ցուցմունքներ են տվել. «Դրանք թելադրված են եւ իրարից արտագրված: Անգամ ինձ հետ առերեսման ժամանակ նրանք հակասեցին իրար: Նախաքննության ընթացքում միջնորդեցի լեզվահոգեբանական փորձաքննություն նշանակել, որը մերժվեց: «Ազատություն» ռադիոկայանի՝ երթի ուղիղ եթերի տեսագրությունը, որն ինձ արդարացնում է եւ նրանց ցուցմունքները հերքում, կցվեց գործին, բայց չհետազոտվեց: Նախաքննության ժամանակ միջնորդեցի, որ այն որպես ապացույց հետազոտվի, սակայն դա եւս մերժվեց: Ուստի այժմ միջնորդում եմ որպես վկա հարցաքննել մի շարք լրագրողների եւ օպերատորների, նաեւ՝ երթի որոշ մասնակիցների, այդ թվում՝ Սարգիս Խառատյան, Դավիթ Հարությունյան, Մարիամ Գրիգորյան, Տիգրան Բադալյան, Ստելլա Աղաջանյան, Սուսաննա Պողոսյան, Տիգրան Առաքելյան, Վաչագան Վարդանյան, Հարություն Աղլամազյան»:
Անդրիաս Ղուկասյանը կարծում է, որ նշյալ անձանց, այդ թվում՝ լրագրողների եւ օպերատորների ցուցմունքները կարեւոր են եւ կարող են փաստել իր խոսքերի ճշմարտացիությունը:
Դատարանը որոշեց այս միջնորդությունը բավարարել եւ դատակոչի ենթակա վկաների ցուցակը համալրել 11 անձանց անուններով:
Անդրիաս Ղուկասյանի գործի քննությունը կշարունակվի հաջորդ երեքշաբթի՝ 11 30-ին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ