Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված ու ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու եւ նրանց միանալու փորձի մեջ մեղադրվող Անդրիաս Ղուկասյանի գործով հերթական դատական նիստում այսօր վերջինիս պաշտպան, փաստաբան Ինեսա Պետրոսյանը միջնորդություն ներկայացրեց՝ որոշ տուժողների չհարցաքննելու վերաբերյալ: Նրա խոսքով՝ այդ տուժողները չեն առնչվում Անդրիաս Ղուկասյանի գործի հետ, ուստի դատարանը չի կարող իրեն թույլ տալ նրանց հարցաքննելով ծանրաբեռնվել:
Անդրիաս Ղուկասյանը ներկայացրեց այդ անձանց, որոնք իր գործով որպես տուժող են ճանաչվել. «Վալերի Օսիպյանը եւ գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանը, ըստ մեղադրանքի, մի քանի օր պատանդ են պահվել, բայց դա եղել է մինչեւ հուլիսի 29-ի դեպքը, այսինքն, մինչեւ՝ հուլիսի 23-ը: Օսիպյանի՝ պատանդ լինելն առհասարակ հարցական է…Խաչատուր Մուրադյանը ՊՊԾ պնդում եղել է հերթապահ եւ ազատ է արձակվել: Տիգրան Դանիելյանը եւս: Արթուր Հարությունյանը, Դավիթ Գեւորգյանը, ըստ մեղադրանքի, կրկին պատանդ են եղել: Վիգեն Մարտիրոսյանն էլ ոստիկանության այլ գնդի ծառայող է: Սալվադոր Խեչոյանը ՊՊԾ գնդի տարածքում վիրավորներին օգնություն ցուցաբերած բժիշկն է: Դավիթ Տոնոյանը եւս բժիշկ է, որը մի քանի ժամ է եղել ՊՊԾ գնդում: Նորայր Թեւանյանը մինչեւ հուլիսի 30-ն է մնացել ՊՊԾ գնդում: Մալինա Մարգարյանն էլ, որը եւս որպես բժիշկ եղել է ՊՊԾ գնդում, երբ վիրակապում էր ինձ, հայտնել է՝ բժիշկները պատանդ չեն եղել, այլ իրենց պարտականությունն են կատարել եւ վիրավորներին համապատասխան օգնություն ցուցաբերել»:
Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանը հուլիսի 29-ի գիշերը, իր պնդմամբ, վնասվածք է ստացել քաղաքացիական հագուստով ոստիկանի մահակի հարվածից, եւ այդ առթիվ նախաքննությունն ընթացքի մեջ է:
Ապա Երեւանի փոխոստիկանապետ Վարելի Օսիպյանի առնչությամբ Անդրիաս Ղուկասյանը հավելեց. «Հուլիսի 29-ին նա եղել է Խորենացի փողոցում եւ այդտեղ է կազմակերպել քաղաքացիներին ծեծելու գործողությունները»: Այս գործով մեղադրող-դատախազ Պետրոս Պետրոսյանը միջնորդության դեմ առարկեց՝ ասելով, որ նշյալ անձինք պահվել են պատանդի կարգավիճակում: Դատավոր Վարդան Գրիգորյանը որոշեց, որ միջնորդությունը հիմնավոր չէ, ուստի այն մերժվեց:
Անդրիաս Ղուկասյանի մյուս պաշտպանը՝ փաստաբան Կարեն Մեժլումյանը դատարանի որոշման դեմ առարկեց՝ ասելով. «Եթե անգամ Անդրիասը մեղքն ընդուներ եւ ասեր, որ ցանկացել է միանալ «Սասնա ծռերին» եւ շարունակել իրականացնել այդտեղ գտնվող անձանց պատանդառությունը, ինչպես մեղադրական եզրակացությունում է նշված, մեղադրանքը չէր լինի, որովհետեւ այդ մարդիկ այդ ժամանակ պատանդ չէին արդեն»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ