Կառավարության պատասխանատուների այն բացատրությունները, թե մեր երկրում տեղի ունեցած զանգվածային հրդեհները գլոբալ տաքացման հետեւանք են, բնապահպանները հակադարձում են, թե աղետն այդ մասշտաբների չէր լինի, եթե Հայաստանը համահունչ քայլեր գլոբալ տաքացման դեմ միջազգային պայքարին: Այսօր բնապահպանների այս տեսակետը Aravot.am-ը փոխանցեց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին: Նախարարից հարցրինք, թե ի՞նչ է անում մեր երկիրն այդ առումով:
Նախարարն ասաց. «Պարզ է, որ մենք մի շարք ուղղություններով պետք է վերանայենք քաղաքականությունը: Փարիզի համաձայնագիրը մենք արդեն վավերացրել ենք, ինչն, ըստ էության, փոխարինում է կամ լրացնում է Կիոտոյի համաձայնագրին, որտեղ Հայաստանը պետք է մասնակցի իր դերակատարությունով` ոլորտում ձեւավորված առանձնահատկություններով: Մասնավորապես` կարեւորներից մեկը ազգային ադապտացիոն ծրագրի հաստատումն է»:
Արծվիկ Մինասյանի խոսքի մանրամասները` տեսանյութում
Արծվիկ Մինասյանը, որն այսօր նախարարությունում ներկայացրեց մեկ տարվա արդյունքները, անդրադարձավ նաեւ Ախուրյանի ջրամբարի խնդրին: Հիշեցնենք, որ Ախուրյանի ջրամբարի ջրի մակարդակը կտրուկ իջել էր եւ ձկները սատկել էին:
Նախարարն ասաց, որ ջրամբարների մասով պետք է ունենանք ջրօգտագործման թույլտվություններ, որը պետք է նախատեսի ջրբացթողումների բոլոր ռեժիմները եւ ապահովի էկոլոգիական հավասարակշռություն. «Սա նշանակում է, որ ջրամբարներից ջուր բացթողումը չի կարող լինել ավելին` քան նրա էկոլոգիապես ընդունելի մակարդակն է: Ախուրյանի ջրամբարը երկու երկրների կողմից կառավարվող ջրամբար է եւ մեկը մյուսով ուղիղ կապակցված են: Այսինքն` եթե օրինակ թուրքական կողմը բացում է ջրամբարի իր հատվածի ջուրը, հայկական կողմը չի կարող անտարբեր մնալ եւ հակառակը»:
Հարցին, թե Սեւանա լճից ջրառը դադարեցվե՞լ է, պարոն Մինասյանը պատասխանեց, որ Սեւանը էկոլոգիական, տնտեսական, սոցիալական մեծ արժեք է ներկայացնում. «Նախատեսված գրաֆիկին համապատասխան ջրառն իրականացվել է, մենք սեպտեմբերի 15-ին դադարեցրել ենք, այս պահին որեւէ ջրառ չի իրականացվում»:
Նախարարը նաեւ ասաց, որ մի շարք գործոններով պայմանավորված եւ նաեւ շոգ եղանակներով, Սեւանա լճի ջրի մակարդակը 3 սմ-ով իջել է:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ