Շիրակի պետական համալսարանում այսօրվանից դասադուլ է սկսվել: Նախաձեռնությունը պատմության ֆակուլտետինն է, սակայն միացել են նաեւ այլ ֆակուլտետներ: Ուսանողները, ի թիվս այլ հարցերի, բողոքում են գիտխորհրդի երեկվա որոշման դեմ, որով լավագույն մասնագետներից մեկին` Պատմության եւ փիլիսոփայության ամբիոնի վարիչ Հովհաննես Խորիկյանին համալսարանի գիտխորհուրդն անվստահություն է հայտնել, մինչդեռ նման լիազորություն չունի:
Ի դեպ, նույն համալսարանի դասախոս Գագիկ Համբարյանը գիտխորհուրդը որակել էր որպես ռեկտոր Սահակ Մինասյանի ապօրինությունների մասնակից:
Aravot.am-ի հետ զրույցում Հովհաննես Խորիկյանն ասաց, որ պայքարից հետ չեն կանգնելու, վճռական են տրամադրված, ինչ վերաբերում է դասադուլին, այն կշարունակվի նաեւ վաղը:
«Դասադուլը հանուն արդարության, հանուն ուսանողների արդարացի պահանջների է, ուսանողների պահանջներից մեկը ոչ միայն զորակցություն հայտնելն էր ինձ ու Գագիկ Համբարյանին, այլեւ իրենք ունեն անհանգստացնող հարցեր: Օրինակ` առաջադիմության հետ կապված զեղչերը ի՞նչ պատճառով են չեղյալ հայտարարվել: Ի դեպ, երբ ուսանողները հավաքված էին, սկսեցին տարածել, թե առաջադիմության զեղչերը վերականգնվել են: Ծիծաղելին այն է, որ եթե նման որոշում կարող էին ի սկզբանե ընդունել, ինչո՞ւ դա արեցին բողոքից ու դժգոհությունից հետո: Իհարկե, մենք հասկացանք, որ սա հետագա քայլերից խուսափելու համար է, որ ավելի խորը զարգացումներ չլինեն: Ուսանողներ ունենք, որ մի ընտանիքից երեք հոգի են սովորում բուհում, բայց ոչ մեկի վարձը չի զեղչվել: Պատկերացրեք ի՜նչ ահռելի գումար է ընկած այդ ընտանիքի ուսերին»,-նշեց մեր զրուցակիցը:
Պարոն Խորիկյանից տեղեկացանք, որ ուսանողների դժգոհությունները վերաբերում են նաեւ ուսումնական պլաններին, համալսարանում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտին:
Հիշեցնենք, որ Հովհաննես Խորիկյանն ու Գագիկ Համբարյանը բուհի ռեկտոր Սահակ Մինասյանի գործողությունների մասին բաց նամակ էին հղել ՀՀ նախագահին եւ վարչապետին, ինչին հետեւել էին ռեկտորի «պատժիչ» գործողությունները, ապա դասադուլը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները` Սաթենիկ Կաղզվանցյանի ֆեյսբուքյան էջից