Անկախությունը պարզապես խոսք կամ ձևական կարգավիճակ չպետք է լինի, այլ պետք է լիարժեք բովանդակություն ունենա և արտահայտվի համակողմանիորեն: Դա վերաբերում է նախ ազգային արժանապատվությանը, ինքնավստահությանը և հպարտությանը, ազգային մտածելակերպի և մշակույթի ինքնուրույնությանն ու ինքնատիպությանը, նաև տնտեսության ըստ հնարավորին ինքնաբավությանն ու բազմազանությանը, քաղաքական ինքնուրույն որոշումներ կայացնելու կարողությանը և այլն: Այս ցանկից չի կարող դուրս մնալ ազգային լեզուն, որը նույնպես պետք է ձգտի ազատվելու օտար բռնաճնշումներից և ներքին ինքնանվաստացումից:
Այսպես մտածելու հերթական առիթը Հայաստանի գեղեցկության մրցույթի հեռարձակումն էր:
Ամեն մի միջոցառում սկսվում է խորագրից՝ անվանումից: Այս մեկի խորագիրը կարդում ենք «Միսս Արմենիա», որը հայերենի արտասանական կանոններով պիտի հնչի «Միսըս Արմենյա»: Անհեթեթ է: Իսկ հաղորդավարներն ասում են «Միս Արմենյա», որ էլի անհեթեթ է, հայերեն չէ: Գուցե ա՞յլ լեզվով է, օրինակ՝ անգլերեն՝ Miss Armenia, որ նշանակում է «օրիորդ Հայաստան» կամ «Հայաստանի օրիորդ»: Դարձյալ անհեթեթ է: Իսկ ո՞ւր մնաց գեղեցկությունը: Թե՞ դա երկրորդական խնդիր է (վերջում համոզվեցինք, որ իրոք երկրորդական-երրորդական է): Լավ: Գլուխը քարը:
Այնուամենայնիվ ինչո՞ւ անգլերեն: Հաղորդումը հայերեն է, հայկական հեռուստատեսությամբ, հայալեզու լսարանի համար: Եթե մեկ այլ՝ ոչ հայախոս երկիր նույնպես հեռարձակեր, ստիպված պիտի համաժամանակյա թարգմանություն ապահովվեր, և այս դեպքում խորագիրն էլ կթարգմանվեր:
Իսկ հիմա հայախոսներս չգիտես ինչու պիտի խորագիրը անգլերենից հայերեն թարգմանենք, որ հասկանանք՝ ինչի մասին է: Չնայած տեսանք, որ թարգմանությունն էլ չօգնեց, քանի որ անգլերեն տարբերակն ինքնին անհեթեթ է:
Ասում ենք՝ ռուսները մեզ նման օտարամոլ են: Բայց այս դեպքում նրանք չեն ցանկացել նվաստանալ օտարների առջև և իրենց համանման մրցույթն անվանել են Краса России, այսինքն՝ «Ռուսաստանի գեղեցկուհի»: Ի՜նչ գեղեցիկ է, չէ՞: Եվ իմաստալից է, անգլերենի նման անհեթեթ չէ («Ռուսաստանի օրիորդ» կամ «Օրիորդ Ռուսաստան»): Այս դեպքում հարգեցի ռուսներին ու նախանձեցի: Նաև տխրեցի, որ հայ մշակութային գործարարները այսքան նվաստ են, անինքնասեր, արժանապատվությունից զուրկ: Եվ իրենց բացասական օրինակով փչացնում են ժողովրդին:
Հանդիսավարներից մեկը, (ԱՄՆ-ից էր ժամանել) նկատեց, որ միջոցառման «կիքսերը» շատ էին: Նկատի ուներ վրիպումները, սխալները, ինչպես, օրինակ՝ մեկի փոխարեն մի ուրիշի անուն հայտարարելը (հետո ուղղելը և ներողություն խնդրելը), հաղթողի թագի հովանավորին չհիշատակելը (ինչի պատճառով հովանավորը թագը հետ վերցրեց), գուցե նաև՝ գեղեցկության առումով ամենաանհաջողին հաղթող ճանաչելը…
Բայց հաստատ նկատի չուներ գլխավոր ու մշտական «կիքսը»՝ խիստ անհաջող, անճաշակ ու անհեթեթ խորագիրը՝ «Միսս Արմենիա»:
Հիշենք այս «միսս»-ի հետ կապված մի հումոր, որ տարիներ առաջ հնչել է հանրային հեռուստատեսությամբ:
Հայկական ռադիոյին հարցնում են.
— Քրիստինա Օրբակայտեն կարո՞ղ է դառնալ միսս Եվրոպա:
— Ո՞ւր է նրա վրա մի՞ս, որ…
Գուցե այս տխուր հումորը դրականորեն ազդի միջոցառման կազմակերպիչների վրա, ու նրանք այսուհետ նախընտրեն «Հայաստանի գեղեցկուհի» հայերեն խորագիրը:
Հարություն ՄՈՎՍԻՍՅԱՆ
Իսկ միթե հայերիս իսկապես հարկավոր է այդ ապրանքային ցուցադրությունը?
Ոչ վաղ անցյալում այդպես ցուցադրում էին միայն տնային կենդանիներին, աճուրդով վաճառելու համար: Իսկ մերկանդամ մարդկանց ցուցադրություն – վաճառքը կատարվել է ավելի վաղ՝ ստրկատիրական ամոթալի ժամանակներում: Ինձ թվում է հենց դրան ենք գնում – արդեն բաց աճուրդներ են հայտարարվում այս կամ այն գեղեցկուհու կուսության վաճառքի համար:
Լավ կլիներ եկեղեցին իր դիրքորոշումը հայտներ այս գործով: