Ի՞նչ փուլում են Լարսին այլընտրանք ճանապարհի բանակցությունները հարցին, այսօր տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, որն ասուլիս էր հրավիրել մեկ տարվա աշխատանքները ներկայացնելու, ասաց, որ ինքը լավատես է եւ վաղ թե ուշ բոլոր ճանապարհները բացվելու են, քանի որ ժողովուրդները շփման եւ այդ ճանապարհների կարիքն ունեն:
Նրա խոսքով, Լարսին այլընտրանք է լաստանավը, օդային ճանապարհը: Aravot.am-ի այն դիտարկմանը, թե լաստանավով ճանապարհը կամ օդային ուղին մինչ այդ էլ եղել են, վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել էր քարտեզներ ուսումնասիրել եւ իրեն այլընտրանքի մասին ասել, խոսքը, կարծես թե ցամաքային այլընտրանքի մասին էր, պարոն Մարտիրոսյանը պատասխանեց. «Ես մի քանի անգամ նշել եմ, որ այլընտրանքային ճանապարհը ոչ միայն ցամաքայինն է, այլեւ լաստանավովը: Հարավկովկասյան երկաթուղին բավականին մեծ դիսկոնտներ ստացավ եւ հարմար գնային առաջարկներ ներկայացրեց գործարարներին: Ինչ վերաբերում է ցամաքային ճանապարհին, ապա դա գտնվում է երկու այլ պետությունների տարածքում, մենք կարող ենք իրենց հետ աշխատելով գտնել ինչ-որ լուծում»:
Վահան Մարտիրոսյանը նաեւ ասաց, որ Լարսի ճանապարհին վրացական կողմն ավելացրել է ճանապարհները մաքրող միջոցները: Ըստ նախարարի, այդ հատվածում նաեւ թունելի կառուցման աշխատանքներ են գնում, որպեսզի Լարսի անցումը հարյուր տոկոսանոց բաց լինի:
Մանրամասները` տեսանյութում
Իրան-Հայաստան երկաթուղու մասով էլ պարոն Մարտիրոսյանն ասաց, որ դեռ բանակցում են ներդրող բերելու համար:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ