Լրահոս
Օրվա լրահոսը

Հարություն Խաչատրյան. «Կամավոր առաջարկում եմ իմ չարչարանքը»

Սեպտեմբեր 26,2017 16:14

Aravot.am-ն արդեն զրուցել է ՀՀ կինոգործիչների միության նախագահի պաշտոնի հավակնորդներ Վահե Գեւորգյանցի, Գոռ Վարդանյանի, Էդգար Բաղդասարյանի, Գեւորգ Գեւորգյանի հետ: Նրանք ներկայացրել են կինոմիության հետ կապված իրենց տեսլականը:

Ճանաչված կինոռեժիսոր, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանը եւս հայտարարել էր առաջադրվելու մասին:

Aravot.am-ը զրուցեց նաեւ Հարություն Խաչատրյանի հետ: «Կինոյի վիճակն ինձ անհանգստացնում է, ինչպես 15 տարի առաջ, երբ ամեն ինչ վաճառվել էր: Ինչո՞ւ մենք ստեղծեցինք «Ոսկե ծիրան» կինոփառատոնը, որովհետեւ կարծեցինք, որ այդ փառատոնով կարող ենք կինոյի համար այնպիսի մթնոլորտ ստեղծել, այնպիսի վերադարձ սկսվի դեպի կինո` հանդիսատեսի, երիտասարդների եւ պատանիների, որոնք կուզենան սովորել, որովհետեւ այդ տարիներին էկրանների վրա ֆիլմ չկար, կինոթատրոնները վաճառված էին, ֆիլմեր չէին նկարվում: Այսօր էլ նույնկերպ անհանգիստ եմ, քանի որ աշխարհն է փոխվում, կինոն փոխվում է իր տեսակով, համատեղ ֆիլմերի քաղաքականություն է գնում աշխարհով մեկ, ֆոնդերը բավականին փողեր են հատկացնում, ու պետք է տարբեր ֆոնդերի հետ մտերմություն անել, մարդկանց սովորեցնել այդ ամենը: Թվում է, թե «Ոսկե ծիրանն» ամեն ինչ ստեղծեց, մեկ-երկու ֆիլմերը, որ Հայաստանում նկարվում էին, դարձան 25-30, իսկ հանդիսատեսը մեկ շաբաթվա ընթացքում 1000-1500-ից դարձավ 45000-50000:

Դպրոց բացեցինք, վարպետության դասեր արեցինք, մարդկանց ուղարկեցինք փառատոների, եկան-տեսան նրանց ֆիլմերը, փառատոների հրավիրեցին, բայց հայկական կինոյի տեսակը, որ ինձ համար շատ կարեւոր է, որ գոյություն ուներ ժամանակին, հայկական պոետիկ կինոն կորավ, հայկական վավերագրական կինոն, որ մեծ ուժ էր, մեջտեղից կորավ, խաղարկային կինոն թուլացավ …

Երբ փառատոնով առաջ ընկանք բոլորից, ֆիլմերով մնացինք նույն տեղում դոփելով: Մտածեցինք, որ մի ուժեղ ձեռք է պետք, որ հավաքի բոլոր կինեմատոգրաֆիստներին եւ իրավաբանական, սոցիալական, պաշտպանություն ստեղծի, կինոյի համար, աշխարհի ֆոնդերից փողերը ստանալը հեշտացնի: Դա կարող է կինոմիությունն անել, որովհետեւ եթե պետական հիմնարկները չցանկանան փող ծախսել, միակ պաշտպանիչ ուժը կարող է լինել կինոմիությունը, որն ունի դրա իրավունքները»,-նշեց մեր զրուցակիցը:

Հարություն Խաչատրյանը փաստում է, որ միության նախկին ղեկավարները սոցիալական բոլոր հարցերով շատ լուրջ զբաղվել են, բայց չի եղել կինեմատոգրաֆիկ պաշտպանություն, բաց է մնացել նաեւ գիլդիաների ստեղծման հարցը:

«Պետք է շատ ուժեղ իրավաբանորեն պաշտպանված օրենքներ ստեղծել, որովհետեւ քննարկման դրված օրենքները բավականին թերի են, լուրջ միջամտություն պետք է անել: Մարդկանց սոցիալական հարցերը ապահովված թողնելով եւ ավելացնելով, նաեւ անհրաժեշտ է իրականացնել լուրջ մասնագիտական պաշտպանվածություն եւ հայկական կինոյի, եւ հայ կինեմատոգրաֆիստների: Այսօր հայ կինեմատոգրաֆիստներն անտեր են մնացել, որովհետեւ ոչ նրանց մասնագիտական արժեքներով են զբաղվում, ոչ ֆիլմերով, ոչ էլ ծրագիր ունեն»,-հավելում է կինոռեժիսորը, որ վերջին շրջանում հրավիրվում է գլխավորելու տարբեր հեղինակավոր փառատոների ժյուրին կամ պարբերաբար նրա ֆիլմերի հետահայաց ցուցադրություններն են կայանում Իսլանդիայից մինչեւ Հնդկաստան:

Հարություն Խաչատրյանը պատրաստվում է առաջիկայում ներկայացնել իր ծրագիրը: Ասում է. «Նույնիսկ չեմ ուզում քարոզելով զբաղվել, որովհետեւ այնքան բարդ ու ծանր աշխատանք է լինելու, որ մեծամտություն չթվա, պետք է ուրախ լինեն այդ ծանր գործը քարշ տալու համար: Ինձ ոչ պաշտոնն է հետաքրքիր, ոչ էլ եղած գումարները, որոնք ավելի շատացնելու կարիք կա: Իհարկե, դրանք սոցիալական ապահովության համար շատ լավ են, բայց մեծ գործունեություն ծավալելու համար, աշխարհի, տարածաշրջանի կինեմատոգրաֆիկ ընկերություն ստեղծելու համար` քիչ: Ծրագիրը բաժանելու եմ, որպեսզի ընտրվելու դեպքում մեկ-երկու տարի հետո տեսնեն այս գրածներից ո՞րն է իրականացել: Եվ եթե դժգոհ լինեն, թողնեմ-հեռանամ, հազար գործ ունեմ, ֆիլմեր ունեմ նկարելու: Այնպես որ` կամավոր առաջարկում եմ իմ չարչարանքը:

Հետո շատ ընկերներ են հավատում ինձ, եթե, իհարկե, կեղծ չի նրանց ասածը, որովհետեւ ամեն թեկնածու ասում է, թե շատ ընկերներ ունի, իր թիմն ունի… չնայած էնքան քիչ են, որ ամեն մեկի թիմը մի քանի հոգու մեջ բաժանված կլինի: Գուցե նույն մարդը մի քանի հոգու է խոստացել, բայց դա էլ հասկանալի է, կինեմատոգրաֆիստներ են, որոնք վախենում են, պաշտպանված չեն, չեն ուզում ինչ-որ մեկի աչքից ընկնել: Մյուս կողմից, դա էլ է վտանգավոր, որ համարձակ չեն, լավ չի, որ ծրագրերի հետեւից չեն գնում, չեն տեսնում մարդու արածը: Շատ կարեւոր է, թե մարդը մինչեւ հիմա ինչ է արել: Ի դեպ, կինոմիության նախագահի պաշտոնն այնպիսին չի, որ դրա համար խելագարվես»:

Կինոմիության նախագահի պաշտոնի հավակնորդը հավելում է. «Եթե մեծամասնությունը հավատաց իմ ծրագրին, կարելի է չարչարվել մի հինգ տարի, ինչ-որ բան առաջ տանել, լուրջ մոտենալ կինոյին, որովհետեւ կինոն փոքր ազգերի համար զենք է, իսկ ես հին զինագործներից եմ…»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը` Գերման Ավագյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930