Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրիաս Ղուկասյանը կասկած ունի՝ 3 ոստիկանները ՊՊԾ գնդի տարածքից արձակված կրակոցներից չեն վնասվել

Սեպտեմբեր 26,2017 15:38

2016թ. հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված ու ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու եւ նրանց միանալու փորձի մեջ մեղադրվող Անդրիաս Ղուկասյանի գործով հերթական դատական նիստում այսօր նա մեկ այլ միջնորդություն արեց՝  քննչական փորձարարություն կատարելու մասին:

Ղուկասյանը նշեց՝ մեղադրական եզրակացության համաձայն՝ հուլիսի 29-ի երեկոյան ՊՊԾ գնդի տարածքից հրազենային կրակոցներ են արձակվել Սարի Թաղի ուղղությամբ, ինչի հետևանքով երեք ոստիկաններ վնասվածքներ են ստացել, վնասվել է նաեւ ոստիկանական գույք, այդ թվում՝ զրահապատ մեքենա:

«Այդ տվյալները չեն համապատասխանում գործում առկա նյութերին: Ոստիկաններից Փայլակ Մնացականյանը ծանր վնասվածք է ստացել՝ Սարի թաղի ցույցը ցրելուց հետո՝ կեսգիշերին: Իսկ մյուս տուժողներ Գագիկ Հովհաննիսյանը եւ Դավիթ Մխիթարյանը գտնվել են Տիգրան Մեծի 55 հասցեում՝ ոստիկանական արգելապատնեշի մոտ: Գլինկայի փողոցում գտնվող արգելապատնեշի մոտ կայանված զրահամեքենան էլ չէր կարող վնասվել ՊՊԾ գնդից, որի շենքերն այդ հատվածից առհասարակ տեսանելի չեն: Բնական է՝ ոստիկանությունը չէր կարող իր ուժերը տեղադրել ՊՊԾ գնդի տարածքից կրակոցի համար հասանելի վայրում»,-նկատեց Անդրիաս Ղուկասյանը, ապա հավելեց,-«Պետք է փորձարարությամբ պարզել՝ արդյո՞ք Գլինկայի 4 եւ Տիգրան Մեծի 55 հասցեները տեսանելի են եւ կրակոցների համար հասանելի՝ ՊՊԾ գնդի տարածքից»:

Անդրիաս Ղուկասյանի պնդմամբ՝ վնասվածքներ ստացած այդ ոստիկանները չէին կարող կապ ունենալ իր դեմ հարուցված քրեական գործի հետ:

Նրա պաշտպաններից փաստաբան Ինեսա Պետրոսյանն էլ իր հերթին հավելեց՝ խնդիրն այն է, որ Անդրիաս Ղուկասյանին վերագրվում է այն ամենը, ինչը կատարվել է հուլիսի 17-ից սկսած, երբ Ղուկասյանն իր տանը քնած է եղել եւ տեղյակ էլ չի եղել, թե այդ օրերին ինչեր են տեղի ունենալու»:

Դատարանն այս միջնորդությունն էլ մերժեց՝ գտնելով, որ այն վաղաժամկետ է:

 Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930