Լրահոս
Օրվա լրահոսը

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը՝ Հայաստանում գործող վիզա կենտրոնների անբարեխիղճ աշխատանքի վերաբերյալ

Սեպտեմբեր 26,2017 15:34

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմն անընդունելի է համարում ՀՀ քաղաքացիների, մասնավորապես հասարակական կազմակերպությունների անդամների նկատմամբ Հայաստանում գործող ԹիԷլԷսԿոնտակտ վիզաների կենտրոնի (TLScontact) կողմից ցուցաբերվող անհարգալից եւ անպատասխանատու վերաբերմունքը:

Մենք ստիպված ենք արձանագրել, որ իտալական վիզաների դիմում-հայտերը եւ Միացյալ Թագավորության վիզաների դիմում-հայտերն ընդունող այդ  կենտրոնում ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի անդամ ՀԿ-ների ներկայացուցիչները բախվել են հետադարձ կապի բացակայության, անկանոն հերթերի եւ տեխնիկական սխալների, որոնց համար սպասարկող աշխատակիցները որեւէ պատասխանատվություն չեն կրում։

Փաստորեն, Հայաստանի քաղաքացիներից, այդ թվում մեր գործընկերներից շատերը դարձել են ԹիԷլԷսԿոնտակտ վիզաների կենտրոնի եւ Միացյալ Թագավորության վիզաների եւ իմիգրացիայի գործակալության (ՄԹՎԻ)՝ նշված ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի զոհեր՝ գրեթե մեկ ամիս հետ չստանալով իրենց անձնագրերը։  Վիզաների համար դիմորդները հիմնականում երիտասարդներ են, ուսանողներ, քաղաքացիական հասարակության ակտիվիստներ, որոնք այդ «տեխնիկական սխալների» պատճառով զրկվել են աշխատանքային կամ ուսումնական այցեր իրականացնելու հնարավորությունից՝ կրելով ֆինանսական, գործնական եւ բարոյական վնասներ։

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը այս իրավիճակը համարում է անթույլատրելի եւ կոչ է անում  ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանությանը եւ ՀՀ արտաքին գործերի նախարարությանը՝ միջամտել իրավիճակին, հանդես գալ պաշտոնական դիրքորոշմամբ եւ ապահովել, որ ԹիԷլԷսԿոնտակտ վիզաների կենտրոնը եւ Միացյալ Թագավորության վիզաների եւ իմիգրացիայի գործակալությունը հրապարակային ներողություն խնդրեն տուժած քաղաքացիներից՝ վերջիններիս նկատմամբ ցուցաբերած անհարգալից եւ անպատասխանատու վերաբերմունքի համար, ինչպես նաեւ  փոխհատուցեն քաղաքացիների կրած ֆինանսական վնասները։

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը ստիպված է ցավով արձանագրել նաեւ, որ այս հայտարարության առիթ հանդիսացած խնդիրը չի կրում եզակի բնույթ: ՀՀ քաղաքացիների նկատմամբ Եվրոպական միության անդամ երկրների կոմերցիոն գործընկերների՝ վիզա կենտրոնների եւ դրանց աշխատակիցների պահվածքը բացասաբար է անդրադառնում Հայաստանում ԵՄ համբավի վրա եւ հակասում է վիզաների դյուրացման մասին համաձայնագրի ոգուն եւ պրակտիկ իրականացման հետ կապված ակնկալիքներին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930