Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արթուր Սաքունց. ԵՄ-ի հետ համաձայնագիրը փրկություն չէ

Սեպտեմբեր 26,2017 15:28

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը չի համարում, որ նոյեմբերին, Արեւելյան գործընկերության բրյուսելյան գագաթաժողովում ՀՀ-ԵՄ ստորագրվելիք համաձայնագիրը փրկություն է: Նա կարծում է, որ դա հնարավորություն է Հայաստանի համար:

«Արեւելյան գործընկերության ապագան. Մարտահրավերներ եւ հեռանկարներ» թեմայի շրջանակներում անցկացված «Քաղաքացիական հասարակության տեսակետները ԵՄ-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ» կլոր սեղանի ժամանակ Արթուր Սաքունցը հիշեց, թե երեք տարի առաջ ինչպես մենք բաց թողեցինք հնարավորությունների մեկ լայն շրջանակ եւ այս տարիների ընթացքում հարմարվեցինք ավելի ցածր մակարդակի ժողովրդավարության, մարդու իրավունքների, համատարած կոռուպցիայի: Այդ ամենն, ըստ նրա, Հայաստանում այնպիսի ցածր մակարդակում են, որ ավելի ցածր մակարդակ իջնելն արդեն լուրջ խնդիրներ կհարուցի մեզ համար:

Անդրադառնալով Ստեփան Գրիգորյանի ներկայացրած տվյալներին, համաձայն որոնց հանրության 51 տոկոսի մոտ պրոեվրոպական տրամադրություններ են եւ զուգակցելով իշխանական շրջանակներից հնչող տեսակետը, որ համակցելու են Հայաստանի`ԵԱՏՄ-ի անդամ լինելը ԵՄ-ի հետ հարաբերություններում, նա տարակուսեց. «Որեւէ մեկը չի կարողացել հանրությանը ներկայացնել քիչ թե շատ տրամաբանական բացատրություն, թե ինչպես են համակցելու ԵՄ-ի հետ ստորագրվելիք համաձայնագրի իրականացումը ԵԱՏՄ-ի անդամակցության հետ: Տնտեսական համագործակցության շրջանակում ընդունվում են օրենքներ: Վերջին նորությունը, որ ես կարդացի`ՌԴ վարչապետն է մակագրել ֆինանսական միջոցների նույնականացման հարցը, որը պետք է ընդունվի ԵԱՏՄ-ում: Համաձայնագրի մեջ ինչպե՞ս կատարել փոքր եւ միջին բիզնեսի զարգացման կոմպոնենտը»:

Նա կարծում է, որ սա անհամադրելին համադրելու փորձ է: Վստահ է`ընտրություն պետք է կատարվի: Ինքը հասկանում է`պետությունը ֆինանսական ներդրումների կարիք ունի, որովհետեւ «անշնորհք, անգրագետ տնտեսական քաղաքականությունը հանգեցրել է» օլիգարխիաների եւ մոնոպոլիաների ձեւավորմանը, տնտեսական մրցակցության բացակայությանը, բյուջետային ռեսուրսները սահմանափակվել են եւ անընդհատ լրացուցիչ ներարկումների կարիք կա. «Բայց չեն կարող մարմնին, որը չի շնչում, չի գործում կամ կիսամեռած է`անընդհատ ներարկել: Մի պահի էլ կարող է`ժողովրդական լեզվով ասած, զահլաները գնա. ինչո՞ւ պիտի ներարկենք»:

Այս իմաստով, նա հասարակությանը տեղեկացնում է`ԵՄ-Հայաստան համաձայնագիրը փրկության օղակ չէ. «Փրկությունը մեր մեջ է: Սա ճիշտ է, ձեւակերպվեց տնային առաջադրանք, բայց հարցն այն է, թե մենք ինչքանո՞վ ենք պատրաստ համաձայնագրի ոգուն ու տրամաբանությանը, որպեսզի դա դառնա իրականություն, ինչը կբերի մեր դատաիրավական համակարգի փոփոխության եւ համապատասխանեցմանը Սահմանադրությանը, որն իր թերություններով հանդերձ ամրագրում է մարդու իրավունքների գերակայությունը, ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը եւ այլն»:

Եվ քանի դեռ իշխանությունն անհապաղ ազատ չի արձակել քաղբանտարկյալներին`Ժիրայր Սեֆիլյանին եւ նրա ընկերներին, Շանթ Հարությունյանին եւ մյուսներին, քանի դեռ բռնություն իրականացրած ոստիկանները չեն հայտնաբերվել եւ պատժվել, Արթուր Սաքունցը չի կարող ասել, որ Հայաստանի իշխանությունն անկեղծ է իր եվրոպացի գործընկերների հետ եւ ոչ միայն ֆինանսական ակնկալիքներ ունի: Համենայնդեպս, քանի դա չի արվել, ԵՄ-ն Հայաստանին փող չի տալու. Արթուր Սաքունցը կպայքարի դրա համար:

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն էլ անդրադարձավ այն ռիսկերին, որոնք կարող են խանգարել ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը: Դրանցից մեկը հայաստանյան քաղաքական ուժերի տրամադրությունների անհամապատասխանությունն է հասարակական տրամադրություններին: Եթե այդ տարբերությունը չլիներ, ինքը վստահ է`2013-ին այլ իրավիճակ կլիներ: Եվ քանի հայաստանյան քաղաքական ուժերը ԵՄ-ի հետ քաղաքական օրակարգ չեն տեսնում, իր ակնկալիքները մեծ չեն: Ինքը կարծում է`շատ շահագրգիռ խմբեր կան, որ ՌԴ-ն կրկին արգելակի ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը, եթե նույնիսկ դրանում չկա աշխարհաքաղաքական վտանգը: Դրանցից մեկն էլ ադրբեջանական լոբբինգին պատկանող խմբերն են: «Այս առումներով, նոյեմբերին մոտ, բավական հաճախակի եւ նկատելի են դառնում հայաստանցի եւ եվրոպացի դիվանագետների հայտարարությունները, որոնք փորձ են հանգստացնելու իրավիճակը, թույլ չտալ, որ ՌԴ-ն առիթ ունենա սա դիտարկել, որպես հակառուսական ձեռնարկ»:

Այս իմաստով, նա հատկանշական է համարում «Ելք»-ի`ԵԱՏՄ-ից դուրս գալու առաջարկին`իշխանական գործիչների «հավատարմության» շքերթն առ այն, որ ՀՀ-ի տեղը ԵԱՏՄ-ում է: «Միեւնույն ժամանակ, ՌԴ-ն կարող է արդարացում լինել, որպես հանգամանք, որպես լուրջ խոչընդոտող գործոն Հայաստանի իշխանության համար, Եվրոպայի հետ քաղաքական բանակցությունն առաջ տանելու համար»,- ասաց Հակոբ Բադալյանը`համոզմունք հայտնելով, որ ԵՄ-ՀՀ հարաբերությունները Հայաստանի իշխանության համար Եվրոպայում իր լեգիտիմությունն ապահովելուն է միտված, քանզի 2018-ին սպասվող իշխանական վերադասավորումների խնդիր կա: Ըստ նրա, արտաքին լեգիտիմության խնդիրը իշխանության համար չափազանց կարեւոր է, իսկ ներքին լեգիտիմության մասին ընդհանրապես մտածել էլ չեն պատրաստվում:

Քննարկումների ժամանակ ուկրաինացի եւ մոլդովացի փորձագետները ներկայացրեցին նաեւ վիզաների ազատականացման սեփական երկրների փորձը: Ուկրաինացի փորձագետ Իրինա Սուշկոյի կարծիքով, նաեւ իրենք Հայաստանից այս առումով սովորելու բան ունեն, քանզի մեր երկիրը վիզաների ազատականացման ուղղությամբ բազում քայլեր արել է: Հիմնական մտավախությունների`միգրացիայի աճի մասին, ըստ նրա, կարելի է խոսել վեց ամիս անց, երբ վիճակագրություն կլինի, թե Ուկրաինայից Եվրոպա մեկնած քաղաքացիների քանի տոկոսն է խախտել ժամկետները եւ չի վերադարձել իր երկիր:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930