Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ դեմ ցուցմունք տված անձը դեպքի օրն անգամ Երեւանում չի եղել». Անդրիաս Ղուկասյան (Տեսանյութ)

Սեպտեմբեր 26,2017 14:54

2016թ. հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված ու ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու եւ նրանց միանալու փորձի մեջ մեղադրվող Անդրիաս Ղուկասյանի գործով հերթական դատական նիստում այսօր նա եւս մեկ միջնորդություն արեց՝ նոր ապացույցներ պահանջելու մասին:

Ըստ Անդրիաս Ղուկասյանի՝ իր դեմ ցուցմունք տված Արտակ Մկրտչյանը հայտնել է, թե իր հետ մասնակցել է նշյալ օրն Ազատության հրապարակում տեղի ունեցած հավաքին, որի մասնակիցները հետագայում շարժվել են դեպի Սարի թաղ:

Ղուկասյանի պնդմամբ՝ ապացույց չկա այն մասին, որ տվյալ անձն իր հետ է եղել: «Նախաքննության ընթացքում միջնորդել էի՝ վերծանել նրա՝ այդ օրվա հեռախոսազանգերը, սակայն միջնորդությունս մերժվեց, քանի որ նա ասել էր, թե հեռախոսը տանն է թողել: Մինչդեռ այդ օրվա զանգերը կարեւոր նշանակություն ունեն եւ կփաստեն՝ նա մասնակցե՞լ է հավաքի, թե ոչ»,-պնդեց Անդրիաս Ղուկասյանը:

Պաշտպանական կողմը հայտարարեց՝ կասկածներ ունեն, որ Արտակ Մկրտչյանն առհասարակ Երեւանում չի եղել այդ օրը, այլ գտնվել է Գորիսում:

«Վստահ ենք, որ նա Ազատության հրապարակում չի եղել: Հեռախոսային ալեհավաքի միջոցով հնարավոր է պարզել՝ որտե՞ղ է եղել հեռախոսը, այդ ընթացքում դրան եկած զանգերն անպատասխա՞ն են մնացել, թե ոչ: Ըստ այդմ` կպարզվի՝ նա ցուցմունքը ճի՞շտ է, թե ոչ»,-նշեց Անդրիաս Ղուկասյանի պաշտպաններից Կարեն Մեժլումյանը:

Դատարանը գտավ, որ միջնորդությունը վաղաժամկետ է, քանի որ Արտակ Մկրտչյանը հարցաքննվելու է որպես վկա, եւ եթե հարցաքննությունից հետո կասկածներ կլինեն, միջնորդությունը կքննարկվի:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930