Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պյոտր Սվիտալսկին հանձնարարեց. «Կատարեք տնային աշխատանքը»

Սեպտեմբեր 26,2017 14:46

«Եվրամիությունն աշխարհաքաղաքական խաղեր չի ուզում խաղալ»,- այսօր «Արեւելյան գործընկերության ապագան. Մարտահրավերներ եւ հեռանկարներ» թեմայի շրջանակներում անցկացված «Քաղաքացիական հասարակության տեսակետները ԵՄ-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ» կլոր սեղանի ժամանակ հայտարարեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«Եվ չենք կարող ընդունել, որ տարածաշրջանի որևէ հատված հռչակվի բացառիկ ազդեցության ու շահերի տարածք, չենք ուզում անցնել զրոյական խաղերի որևէ գործընկեր երկրի հետ: Եվրամիությունը չի ուզում խաղալ»,- շարունակեց դեսպանը`վստահություն հայտնելով, որ բրյուսելյան գագաթաժողովից հետո Հայաստանի համար կլինեն դրական ուղղություններ։

Հիշեցնենք, նոյեմբերին Բրյուսելում, կայանալու է Արևելյան գործընկերության հերթական գագաթաժողովը: Նախորդ բրյուսելյան գագաթաժողովի նման, այս անգամ էլ պաշտոնական Երեւանն ամենաբարձր մակարդակներով հայտարարում է`ՀՀ-ԵՄ հարաբերությունների փաստաթղթային ամրագրումն այլընտրանք չունի: Ի դեպ, նախորդի համեմատ մեկ տարբերություն, այնուամենայնիվ, նոյեմբերին ստորագրման համար նախատեսված համաձայնագիրը նախաստորագրված է, թեեւ կրկին հրապարակված չէ կամ անգամ որոշ դրույթներ գաղտնազերծված չեն:

Դեսպան Սվիտալսկին վստահեցնում է՝ Արեւելյան գործընկերության նախորդ գագաթաժողովներից, դառը փորձերից հետո, վերաբերմունք է փոխվել թե գործընկերության նախաձեռնողների, թե գործընկերների մոտ: Այսօր նկրտումներն ու հավակնությունների մակարդակն է տարբեր: Գործընկերության երկրների շրջանում նույնիսկ ձգտումներն են տարբեր:

Ընդհանուր առմամբ, ակնկալիքները Արևելյան գործընկերությունից փոքր են. «Մենք ունենք երկու տարբեր օդանավեր կամ երկու փոխված հարթակներ, որոնցով մենք աշխատում ենք: Մեկը երկկողմ հարթակն է: Հայաստանի դեպքում այդ երկկողմ հարթակը ավելի ուժեղացվելու է ՝ առանձին համաձայնագրի ընդունումով»:

Ամեն դեպքում, Պյոտր Սվիտալսկու հավաստմամբ, բրյուսելյան գագաթաժողովի քննարկումների ժամանակ ակնհայտ կդառնա, որ արևելյան գործընկերությունն այսօր դիտարկվում է որպես «ծրագրային գործիք», որը հնարավորություն է տալիս հասցեագրել հասարակ քաղաքացիների մտահոգություններն ու սպասումներն Արևելյան Եվրոպայում ու Հարավային Կովկասում։Ըստ այդմ, մինչեւ 2020 թվականը 20 հայեցակարգ է կիրառվելու: Դրանք կլինեն հասարակ քաղաքացիների հետ շատ կոնկրետ ծրագրեր`տնտեսական, ազատ առեւտրի, հանրային կառավարման, դատաիրավական բարեփոխումների եւ մի շարք այլ ոլորտների համար: Թբիլիսիում նաեւ նախատեսվում է բացել Արեւելյան գործընկերության եվրոպական դպրոց:

«Արեւելյան գործընկերությունը պետք է դառնա կոնկրետ եւ կիրառական գործիք»,- ասաց դեսպանը: Համենայնդեպս, ԵՄ-ում նման փոխհամաձայնություն կա. «Եվրոպական միության գործողությունների հիմնական նպատակը հարևան երկրների դեմ գործընկերության կայունացումն է ։ Մենք ուզում ենք, որ տնտեսական կայունություն լինի, որ հասարակությունն ու տնտեսությունը դառնան դիմադրողունակ»:

Ինչ վերաբերվում է Հայաստանի ակնկալիքներին`բրյուսելյան գագաթաժողովից, մասնավորաբար, վիզաների ազատականացման մասով, դեսպանը նկատեց. «Միգուցե դուք այդքան էլ բավարարված չլինեք որոշակի արդյունքներով: Չգիտեմ: Ասենք, վիզայի մասը: Բայց անկեղծ կլինեմ՝ նախապատրաստական աշխատանքներում Հայաստանի համար շատ կարևոր է, որ վիզաների խնդիրը դրված է օրակարգում և նպատակը, որ կա՝ գնալ դեպի վիզաների ազատականացում, հետո էլ պայմանագրի ստորագրում՝ առանց վիզաների ռեժիմի ընդունման մասի, կլինի, վստահ եմ, պատշաճ ժամանակին: Բայց էլի եմ ուզում կրկնել՝ սկսեք այդ օրվա ձեր ներքին նախապատրաստական աշխատանքները: Պատրաստվեք: Կատարեք ձեր տնային աշխատանքը և այդ օրը, հուսով եմ, կգա»:

Դեսպանը նաեւ նկատեց, որ Արեւելյան գործընկերության երկրները շատ թույլ են համագործակցում միմյանց հետ: Նա դա համարում է նախորդ դարաշրջանի ազդեցությունը, երբ այդ համագործակցությունը թելադրվում եւ կառավարվում էր մեկ կետից: Ասում է, որ ԵՄ-ն նպաստելու է այդ երկրների“ միմյանց հետ համագործակցությունների ամրապնդմանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930