Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Անդրիաս Ղուկասյանը միջնորդեց հարցաքննել Լեւոն Բարսեղյանին եւ Եղիշե Պետրոսյանին (Տեսանյութ)

Սեպտեմբեր 26,2017 14:33

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված ու ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու եւ նրանց միանալու փորձի մեջ մեղադրվող Անդրիաս Ղուկասյանի գործով հերթական դատական նիստն է: Վկաները չէին ներկայացել, ուստի պաշտպանական կողմն անցավ միջնորդություններ ներկայացնելուն:

Անդրիաս Ղուկասյանը նախ միջնորդեց որպես վկա հարցաքննել լրագրող Լեւոն Բարսեղյանին եւ երաժիշտ Եղիշե Պետրոսյանին, որոնք դեպքի օրն իր հետ եղել են Ազատության հրապարակում, նաեւ՝ տեսագրություն հետազոտել որպես ապացույց:

Ղուկասյանն ընդգծեց՝ ոմն Արտակ Մկրտչյանն իր դեմ ցուցմունք է տվել առ այն, որ Անդրիաս Ղուկասյանն Ազատության հրապարակում՝ մինչեւ դեպի Սարի թաղ երթով շարժվելը, առանց բարձրախոսի քաղաքացիներին կոչ է արել քարեր վերցնել՝ ոստիկաններին վնաս հասցնելու նպատակով:

Անդրիաս Ղուկասյանը նշեց. «Նա նախկինում դատված է եղել գողության համար, հաշվառված է Գորիսի բժշկական կենտրոնում՝ հոգեկան առողջության խնդիրներով: Հետո նա խոստովանեց, որ իր եղբայրը ռազմական ոստիկանության փոխգնդապետ է: Միջնորդեցինք, որպեսզի Արտակ Մկրտչյանի մասնակցությամբ քննչական փորձարարություն կատարվի, սակայն քննիչը միջնորդությունը մերժեց: Ի հակառակ Արտակ Մկրտչյանի պնդումների՝ կա լրատվամիջոցի տեսագրություն այն մասին, թե ինչպես եմ ես իջնում Ազատության հրապարակի հարթակից եւ մի շարք հասարակական-քաղաքական գործիչների հետ շարժվում դեպի Թումանյան փողոց: Դա որպես ապացույց ճանաչելու միջնորդությունս եւս մերժվեց քննիչի կողմից: Քննիչի գործողությունների դեմ բողոք ներկայացրինք դատախազ Պետրոս Պետրոսյանին, որը եւս մերժվեց: Միջնորդում եմ որպես ապացույց հետազոտել նշյալ տեսագրությունը եւ որպես վկա հարցաքննել Լեւոն Բարսեղյանին եւ Եղիշե Պետրոսյանին»:

Դատախազ Պետրոս Պետրոսյանը միջնորդության դեմ առարկեց՝ ասելով, որ նախաքննության ժամանակ Լեւոն Բարսեղյանը հարցաքննվել է, իսկ Եղիշե Պետրոսյանը եղել է կասկածյալի կարգավիճակում եւ հրաժարվել վկայություն տալուց:

Դատավոր Վարդան Գրիգորյանը որոշեց բավարարել միայն Լեւոն Բարսեղյանին եւ Եղիշե Պետրոսյանին որպես վկա հարցաքննելու միջնորդությունը, իսկ տեսագրությունը որպես ապացույց ճանաչելու միջնորդությունը, ըստ դատարանի, ժամանակին չի արված:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930