Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Խոսրովի հրդեհը տեխնածին կամ մարդկայի՞ն գործոն էր

Սեպտեմբեր 26,2017 14:19

Արբանյակից արված լուսանկարները, որոնք բնապահպանության նախարարին է տրամադրել ամերիկյան կազմակերպությունը, վկայում են այն մասին, որ Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհը տեխնածին կամ մարդկային գործոնով է պայմանավորված: Այսօր այս մասին հայտարարեց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

Նախարարն ասուլիս էր հրավիրել՝ մեկ տարվա արդյունքները ներկայացնելու: Նախարարի խոսքերով՝ լուսանկարներից երեւում է, որ եղել է հրդեհի 3 օջախ եւ բնական ճանապարհով դրա առաջանալն անհնարին է: Արծվիկ Մինասյանը բոլոր այդ նյութերը փոխանցել է քննչական մարմիններին:

Aravot.am-ի ճշտող հարցին՝ ի՞նչ նկատի ունի նախարարը տեխնածին ասելով, Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ հնարավոր է այդտեղ ինչ-որ սարքավորում է աշխատել, խափանվել է եւ դրանից կայծ կամ բոց է առաջացել:

Ներկայացնելով իրավիճակը, նախարարն ասաց, որ հրդեհաշիջման աշխատանքները տեւել են 24 օր: Նրա խոսքով՝ թվում էր, թե հրդեհը ամբողջությամբ մարվել է, բայց մեկ էլ միանգամից բռնկվում էր. «Այնտեղ կային կայծքարեր, որոնք կլանում էին ջերմությունը իրենց մեջ եւ հետո սկսում էին պայթել ու բոց առաջացնել, հրդեհը նորից բռնկվում էր»:

Նախարարի խոսքով՝ Խոսրովի անտառը վերականգնելու համար հատուկ հաշվեհամար է բացվել, սակայն արձագանքողներ գրեթե չեն եղել:

Արբանյակային լուսանկարների տվյալներով՝ 2200 հեկտար գիհուտ է այրվել, որը, ըստ նախարարի՝ դժվար վերականգնելի է: 900 հեկտար էլ կաղնուտ է հրդեհվել, սակայն այդ հատվածում հրդեհը ավելի շատ գետնատարած է եղել եւ մեծ վնասներ չի հասցրել: Առաջիկա սեզոնին պարզ կլինի, թե ինչպիսի աճ կունենանք:

Արծվիկ Մինասյանն ասաց, որ վայրի խոշոր կենդանիների կորուստներ չեն արձանագրել, կորուստները հիմնականում մորեխների մասով են եւ քիչ քանակությամբ էլ՝ սողունների: Արջերի եւ այլ կենդանիների վերադարձ են նկատում: Նախարարի խոսքով՝ ամենամեծ կորուստը գիհուտների մասով է, որոնք մի քանի հարյուր տարվա պատմություն ունեն:

Արծվիկ Մինասյանը բացառեց, որ տարբեր վայրերում տեղի ունեցած հրդեհները հանքարդյունաբերողների ձեռքի գործն է, ինչպես փորձում են ներկայացնել որոշ մարդիկ: Նրա խոսքով՝ ընդհակառակը, նախարարությունը մտադիր է արգելոցի տարածքը մի բան էլ ընդլայնել, որպեսզի պաշտպանությունն ավելի հուսալի լինի:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930