Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ստեփան Գրիգորյան. Քաղաքական ուժերի 5 տոկոսն է պրոեվրոպական, հասարակության`51 տոկոսը

Սեպտեմբեր 26,2017 14:11

Հայաստանի հասարակության վերաբերմունքը մեր երկրի`ԵԱՏՄ-ին անդամակցությանը, «կրիտիկական» է: Այս կարծիքին է «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային հետազոտությունների վերլուծական կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Ստեփան Գրիգորյանը: Նման ենթադրության Ստեփան Գրիգորյանը հանգել է իր կազմակերպության կողմից վերջերս անցկացրած հարցումների արդյունքում: Ըստ այդմ, հանրապետության մոտ տասը խոշոր քաղաքներում հարցված 900 քաղաքացիների 58 տոկոսը պրոեվրոպական տրամադրություններ են արտահայտել:

Այսօր «Արեւելյան գործընկերության ապագան. Մարտահրավերներ եւ հեռանկարներ» թեմայի շրջանակներում անցկացված «Քաղաքացիական հասարակության տեսակետները ԵՄ-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ» կլոր սեղանի ժամանակ Ստեփան Գրիգորյանը նկատեց, որ Հայաստանում հասարակական տրամադրությունները բավական լավ ուղերձ են թե իշխանությունների, թե քաղաքական վերնախավ կոչվածի համար, մանավանդ, նոյեմբերին սպասվող ԵՄ-Հայաստան նախաստորագրված համաձայնագրի ստորագրման շեմին:

Ուշագրավ է, որ կազմակերպության անցկացրած մեկ այլ հարցման արդյունքում, որտեղ ուսումնասիրվել են հայաստանյան քաղաքական կուսակցությունների տրամադրությունները միջազգային կառույցների` ԵԱՏՄ, ԵՄ, ՆԱՏՕ, ՀԱՊԿ վերաբերյալ, հարցված երկու տասնյակից ավելի քաղաքական կուսակցությունների միայն հինգ տոկոսն է պրոեվրոպական տրամադրություն արտահայտել:

Այս ամենից հետո, Ստեփան Գրիգորյանը զարմանում է, որ կուսակցական գործիչները բողոքում են, թե մարդիկ հրապարակներ դուրս չեն գալիս, իրենց միտինգներին չեն գնում. «Եթե դու ժողովրդի տրամադրությունը չես արտահայտում, ի՞նչ ես ուզում: Պառլամենտում 90 տոկոսն ասում է`լավ է Հայաստանի`ԵԱՏՄ-ին անդամակցությունը: Ժողովրդի հետ հանդիպեք`իմացեք»:

Ստեփան Գրիգորյանն ուշադրություն է հրավիրում նաեւ հարցի տնտեսական մասին, քանի որ ԵԱՏՄ-ն ի սկզբանե ներկայացվում էր իբրեւ տնտեսական կառույց: ԱՎԾ-ի հրապարակած պաշտոնական տեղեկատվության համաձայն, 2016 թվականին Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումները կազմել են 20 տոկոս: Արտահանումների 80 տոկոսից ավելին բաժին է ընկնում եվրոպական պետություններին, ապա Չինաստան, Վրաստան, Իրան եւ այլն: Այս թվերն, ըստ նրա, ուղղակի ապացույց են հասարակական այն տրամադրությունների, որ Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, մեզ ոչինչ չի տվել: Նման տեսակետ է արտահայտել 900 հարցվածների 51 տոկոսը` ի հեճուկս հայաստանյան այն տնտեսագետների եւ քաղաքագետների, ովքեր դեռ պնդում են` այդ անդամակցությունից Հայաստանն օգուտներ է քաղել:

Ի դեպ, նույն պաշտոնական վիճակագրությամբ, Հայաստանի`ԵԱՏՄ-ին անդամակցության 2,5 տարիների ընթացքում մեր երկրում ներդրումների տոկոսը կրճատվել է 2,5-ով:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930