Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի քանի տղամարդ ենք տեսել, այն էլ մեզանից վախենում, փախչում են». Զարուհի Փոստանջյանն Ալավերդիում էր

Սեպտեմբեր 26,2017 13:59

Մի քանի օր է՝ Զարուհի Փոստանջյանը շրջում է Լոռու մարզի համայնքներով, հանդիպում բնակիչների հետ:

Շրջելով մարզի Ալավերդի քաղաքում, Փոստանջյանն ասաց, որ Ալավերդին եւս Հայաստանի լքված քաղաքներից մեկն է. «Մարդ չկա փողոցներում, դատարկություն: Գրեթե բոլոր քաղաքացիները, ովքեր որ ներկա էին քաղաքի այն մասում, բոլորը պնդում էին, որ քաղաքում մարդ չի մնացել, բոլորը գաղթել են, եւ եթե այսպես շարունակվի, ապա իրենք նույնպես գաղթի ճանապարհն են բռնելու: 2017 թվական, ցեղասպանությունից 102 տարի անց, պատմական հայրենիք, բայց գյուղերն ու քաղաքներն աղետալի վիճակում են: Լքված, հարստահարված քաղաքացիներ եւ գյուղացիներ: Այս պահին էլ կարելի է ճեղքել, փոխել իրավիճակը, եթե բոլորս ցանկանանք»:

Շրջելով քաղաքում, Փոստանջյանը մոտեցավ «Էյ Սի Փի» ընկերության աշխատակիցներին: Մինչ կփորձեր զրուցել մուտքի մոտ կանգնած աշխատակիցների հետ, Փոստանջյանը տեղեկացրեց, որ ինքը ֆեյսբուքյան հարթակում ուղիղ հեռարձակում է իրականացնում: Աշխատակիցները, սակայն, դեմ էին, որպեսզի իրենց նկարեն. «Մի նկարի, որովհետեւ պատասխանատվությունն իմ վրա է»,-ասաց աշխատակիցներից մեկը:

-Ուզո՞ւմ եք ոստիկանություն կանչենք, որ մեզ խոչընդոտում եք,- ասաց Փոստանջյանն ու շարունակեց. «Մի քանի տղամարդ ենք տեսել, այն էլ մեզանից վախենում, փախչում են»:

Փոստանջյանն այցելեց նաեւ տարածքում գործող վարսավիրանոց: Փորձեց զրուցել այնտեղ գտնվող տղաների հետ. «Մենք ուզում ենք ձեզ հետ զրուցել՝ կյանքից, պայմաններից, քաղաքականությունից»:

Այստեղ եւս չցանկացան, որ իրենց նկարեն, հավելելով, որ քաղաքականությունից հեռու են եւ զրուցել չեն ուզում:

«Ես գիտեմ, որ դուք հեռու եք քաղաքականությունից, բայց մենք եկել ենք, որ ձեզ մոտեցնենք»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:

-Կեղտոտների՞ն եք մեզ մոտիկացնելու: Արդարություն չկա,- ասաց տղամարդկանցից մեկը:

-Դուք պարտավոր եք, չէ,՞ նորմալ երկիր ստեղծեք՝ ձեր ու ձեր երեխաների համար,- հետեւեց Զարուհի Փոստանջյանի հորդորը:

-Ես չեմ կարող, ես կզոհվեմ էդ ֆոնի վրա, բայց չեմ կարող ստեղծել, որովհետեւ կեղտերը լիքն են… Մենք այնպիսի երկրում ենք ապրում, որ փորձենք ձեր ասած ինչ-որ բանին հասնեմ, իմ մի կտոր հացից կզրկվեմ,-շարունակեց տղամարդը:

Փոստանջյանը եղավ նաեւ տեղի խաղասրահներից մեկում: Որտեղի աշխատակիցը Վանաձորից էր, Ալավերդի էր գնացել աշխատելու համար:

-Լա՞վ եք վարձատրվում, որ գալիս եք, ի՞նչ կուզեք, որ ձեր կյանքում փոխվի, հետաքրքրվեց Փոստանջյանը:

-Նորմալ եմ վարձատրվում, չեմ բողոքում: Ոչ մի բան չեմ ուզում, որ փոխվի: Ինչքանով, որ հնարավորություն կա՝ մենք ենք փոխելու,- ասաց երիտասարդը:

Մոտենալով խանութներից մեկի առջեւ նստած կնոջը, Փոստանջյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է կինը տխուր նստած:

-Խի՞ եմ տխուր, ինձ ի՞նչ ա եղել, որ, շատ ուրախ եմ,- արձագանքեց կինն ու չցանկացավ զրույցը շարունակել:

Իսկ Փոստանջյանն էլ բոլորին տեղեկացրեց, որ իրենք պատրաստվում են համահայկական ընդվզման, հորդորելով անպայման մասնակցել:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930