Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների եւս մեկ հանդիպում, որի ընթացքում քննարկվեցին հարցեր՝ կապված առաջիկայում եւս մեկ՝ Սարգսյան-Ալիեւ հանդիպման կազմակերպման հետ, պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ հոկտեմբերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան:
Չնայած իրար հաջորդող իրադարձությունների այս՝ արդեն սովորական դարձած շրջապտույտից այլ բան, քան եւս մեկ շրջան սպասել երեւի թե չարժե, այնուամենայնիվ պետք է արձանագրենք, որ ինչպես եւ նախորդները, այս մեկը եւս «չոր մնացորդում» կթողնի նստվածք, արդյունք, որն իր դրական եւ բացասական տարրերով արձանագրման կարիք կունենա, ինչից հնարավոր կլինի դուրս բերել նոր հաշվեկշիռը:
Նոր շրջանին ընդառաջ՝ մի քանի իրադարձություններ եւ գործընթացներ նոր գործոններ եւ երանգներ ավելացրին ընդհանուր խորապատկերին:
Նախ՝ էապես բարդացել են ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները, երբ ԱՄՆ նախագահ Թրամփը ստորագրեց Մոսկվայի դեմ նոր եւ աննախադեպ պատժամիջոցների փաթեթը: Նաեւ՝ ԱՄՆ-ը նշանակեց ԵԱՀԿ ՄԽ նոր համանախագահի՝ Էնդրյու Շոֆերին, որն արդեն ստանձնել է իր պարտականությունները՝ փոխարինելով այդ պաշտոնը ժամանակավոր զբաղեցնող Ռիչարդ Հոգլանդին:
Մյուս կողմից՝ բանակցային գործընթացի նոր փուլը մեկնարկել է հարակից եւ հեռավոր տարածաշրջաններում դրամատիկ իրադարձությունների ֆոնին: Նախ՝ դա Մերձավոր Արեւելքն է՝ Իրաքյան Քրդստանի հանրաքվեն, եւ Հեռավոր Արեւելքում, որտեղ Հյուսիսային Կորեան միջուկային եւ հրթիռային փորձարկումներով տարածաշրջանը կանգնեցրել է լայնամասշտաբ պատերազմի նախաշեմին, եւ այդ ճգնաժամերում հատվում են ՄԽ եռանախագահներից առնվազն երկուսի շահերը:
Իսկ նման դասավորությունը նախադրյալներ է ստեղծում, որպեսզի Ղարաբաղյան հակամարտությունը շարունակի մնալ որպես «երկրորդական», որտեղ Վաշինգտոնը ջանքեր կգործադրի այն կառավարելիության հունի մեջ պահելու ուղղությամբ, սակայն ոչ ավելի՝ մանավանդ, որ Մոսկվան նույնպես շահագրգռված չէ թե՛ որեւէ հիմնարար կարգավորմամբ, թե՛ լայնամասշտաբ, անկառավարելի պատերազմով՝ իր անկանխատեսելի հետեւանքներով:
Ուշագրավ է, որ համանախագահների կողմից տարածված հայտարարության մեջ բացակայում է հղումը 2016թ. Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին, որոնք, ըստ էության, հաջողությամբ վիժեցվեցին Բաքվի կողմից՝ Մոսկվայի լուռ, բայց անթաքույց աջակցությամբ: Եվ հայկական կողմի շահերից է բխում, որպեսզի այդ պայմանավորվածությունները, կապված վստահության միջոցների ներդրման հետ, մտնեն օրակարգ առաջիկա՝ Սարգսյան-Ալիեւ հանդիպմանն ընդառաջ:
Բանակցային գործընթացի նոր փուլն առանձնանում է նաեւ հայ-ռուսական հարաբերություններում վստահության ճգնաժամով՝ պայմանավորված կողմերի շահերի այլեւս հակադրությամբ: Որքան էլ որ իշխանությունը փորձի նույնիսկ հրապարակային ինքնանսեմացմամբ դա հերքել, նույնիսկ վիրավորելով բանականությունը եւ տրամաբանությունը, այնուամենայնիվ, այդ ճգնաժամը տարածվում է արդեն հասարակության լայն շերտերում եւ քաղաքական դաշտում, եւ դրա դրսեւորումներից է «Ելք» դաշինքի հայտնի նախաձեռնությունը՝ սկսել ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու գործընթաց, ինչն ակնհայտորեն նյարդայնացնում է Մոսկվային:
Բացի դրանից, համանախագահների առաջիկա այցը տարածաշրջան նախորդելու է նոյեմբերին սպասվելիք Հայաստան-Եվրամիություն նոր պայմանագրի ստորագրմանը, որին, համաձայն Սերժ Սարգսյանի հավաստիացման, Երեւանը գնում է հաստատակամորեն: Սակայն դա երաշխիք չէ, որ Մոսկվան խափանարար գործողություններ չի ձեռնարկի, որպեսզի առավելագույնս բարդացնի պաշտոնական Երեւանի խաղը: Մանավանդ, ինչպես նախորդ շրջափուլերում, համանախագահների ակտիվացմանը զուգահեռ՝ Բաքուն սովորաբար գնում է սահմանային սրացումների, իսկ Մոսկվան բազմանշանակորեն լռում է կամ էլ «բալանսավորված» եւ պղտոր հայտարարություններով փորձում է ցույց տալ իր «հավասար հեռավորությունը» հակամարտող կողմերից:
Հետեւաբար հիմքեր կան կանխատեսելու, որ Բաքուն այնուամենայնիվ կգնա սրացման հոկտեմբերին, եւ հայկական կողմը պիտի պատրաստ լինի նման զարգացման՝ մանավանդ իրավիճակը կարող է բարդանալ նրանով, որ ԱՄՆ-ը «զբաղված է» այլ տարածաշրջաններում հրատապ հարցերով եւ հազիվ թե գերակտիվություն ցուցաբերի մեր հակամարտության գոտում: Դա Ռուսաստանի համար կարճաժամկետ հեռանկարում հնարավորություն է բացում, որպեսզի սահմանային լարվածության իր կառավարման վահանակը գործի դնի՝ փորձելով կողմերից պոկել առավելագույնը: Իսկ Մոսկվան հիմքեր ունի այդ ուղղությամբ մտածելու՝ հաշվի առնելով թե՛ Երեւանի ավելի ակնհայտ խոցելիությունը՝ կապված «պրոբլեմ-2018»-ի հետ, թե՛ Բաքվի ահագնացող խնդիրներն Արեւմուտքի հետ՝ կապված ձնագնդի էֆեկտ ձեռք բերող կոռուպցիոն սկանդալի հետ:
Նյու Յորքում ձեռք բերված պայմանավորվածությունը՝ Սարգսյան-Ալիեւ նոր հանդիպմանը նախապատրաստվելու վերաբերյալ, չի ներառում պայմանավորվածությունը տեղի վերաբերյալ, գոնե ՄԽ համանախագահների հայտարարության մեջ տեղի մասին հիշատակում չկա: Հետեւաբար Մոսկվան եւ Բաքուն ջանք ու եռանդ չեն խնայի, որպեսզի գործընթացը կրկին փորձեն տանել ռուսական հարթակ, եւ ներկայումս դժվար է կանխատեսել, թե որքանով նրանց այդ ջանքերը կհաջողվի խափանել: Իսկ այդ խափանման թիվ մեկ շահագրգիռ կողմն, իհարկե, Երեւանն է, որը, գաղտնիք չէ, նման «ոտնձգությունը» մեր «ռազմավարական դաշնակցի» ցանկությունների նկատմամբ համարել եւ համարում է ռիսկային, եւ մի նոր, ասենք, «Սանկտ Պետերբուրգ» սարքելը ռուսների համար մեծ դժվարություն չի ներկայացնի, եթե Երեւանը հանկարծ չհամառի, ինչը նույնպես չի բացառվում:
Երեւանին հաջողվել է որոշակի առումով օպտիմալ դիրքորոշմամբ գնդակը թողնել Ադրբեջանի դաշտում եւ խուսանավել ճնշումներից: Ներկա փուլում «խաղը» շարունակում է մնալ վոլեյբոլի տրամաբանության մեջ, որում, ինչպես հայտնի է, ի տարբերություն ֆուտբոլի՝ ոչ թե գոլ են խփում, այլ գնդակը սեփական դաշտից դուրս բերելու խնդիր են լուծում, ընդ որում՝ դուրս բերելու այնպես, որպեսզի հակառակորդի կողմից այդ գնդակը վերցնելը լինի հնարավորինս դժվար: Երեւանին մնում է շարունակել այդ մարտավարությունը եւ շարունակել խուսանավել ռուսական խարդավանքներից եւ ճնշումներից, որոնք էապես մեծացել են, ընդ որում՝ բոլոր ուղղություններով:
Հետեւաբար Հայաստանին բանակցային ակտիվացման այս շրջափուլն անկորուստ հաղթահարելու համար անհրաժեշտ է հնարավորինս ամուր թիկունք՝ ներքաղաքական կայունություն մինչեւ տարեվերջ եւ ներքաղաքական լարումների կարգավորում՝ առաջնորդվելով բացառապես հանրության եւ պետության շահերով:
Ռուբեն Մեհրաբյան
«Առավոտ» օրաթերթ
26.09.2017