Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու առթիվ հարուցված երեք քրեական գործերով կատարվում է նախաքննություն

Սեպտեմբեր 26,2017 13:22

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից խոշտանգում կատարելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքերի առթիվ:

Այսպես, Արարատ քաղաքի բնակիչ Ա. Հ.-ն հաղորդում է տվել, որ 04.09.2017թ.-ին ոստիկանության աշխատակիցներն իրեն տևական ժամանակով պահել են ոստիկանության Մաշտոցի բաժնում, որտեղ համոզել են խոստովանել գողության դեպքը, որի հետ ինքը առնչություն չի ունեցել: Այնուհետև բաժնի մի քանի աշխատակիցներ ծեծի են ենթարկել իրեն` պատճառելով մարմնական վնասվածք: Ավելին, ըստ Ա. Հ.-ի, բաժնի պաշտոնատար անձն իրեն հորդորել է չբողոքել ոստիկանների դեմ` սպառնալով, որ հակառակ դեպքում խնդիրներ կունենա:

ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու, ինչպես նաև պաշտոնեական դիրքը չարաշահելու վերը նշված դեպքերի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով:

Մեկ այլ ՀՀ քաղաքացի` 26.08.2017թ.-ին Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած ավտովթարի մասնակից Ա. Ա.-ն հաղորդում է տվել, որ նշված օրը դեպքի վայր ժամանած ոստիկանության ՊՊԾ գնդի մի քանի ծառայողներ առանց պարզաբանման իր ձեռքին ձեռնաշղթաներ են անցկացրել, ստիպողաբար նստեցրել պարեկային ավտոմեքենան և բերման ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին: Ա. Ա.-ն հայտնել է նաև, որ ճանապարհին` ավտոմեքենայում, ոստիկանները հարվածներ են հասցրել իր մարմնի տարբեր մասերին` պատճառելով մարմնական վնասվածքներ:

ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու հիշյալ դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով:

Նույն հոդվածի հատկանիշներով ևս մեկ քրեական գործ է հարուցվել ոստիկանության Կումայրիի բաժնի աշխատակիցների կողմից կատարված ենթադրյալ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ քաղաքացիներ Մ. Հ.-ի և Ս. Կ.-ի հաղորդումների հիման վրա:

Այսպես, Մ. Հ.-ն հաղորդում է տվել, որ 20.07.2017թ.-ին ոստիկանության Կումայրիի բաժնում իրեն սպառնալիքներ են տվել և զրկել ազատ տեղաշարժվելու հնարավորությունից, որի հետևանքով հիշյալ բաժնի մի խումբ ոստիկանների պահանջով սուտ ցուցմունք է տվել դանակահարության դեպքի մասնակիցների վերաբերյալ: Նույն դեպքի առնչությամբ 20.07.2017թ.-ին ոստիկանության Կումայրիի բաժին հրավիրված Ս. Կ.-ն, իր հերթին, հաղորդում է տվել, որ ոստիկանության ծառայողն այնտեղ հարվածել է իրեն` պահանջելով կեղծ ցուցմունք տալ դանակահարության դեպքի մասին:

ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքերի առթիվ հարուցված երեք քրեական գործերով կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930