Լրահոս
Օրվա լրահոսը

Սեֆիլյանը մշտապես մերժում էր խորհրդարանական ընդդիմության հետ համագործակցությունը. Պետրոս Մակեյանի բացատրությունը. «Հայոց աշխարհ»

Սեպտեմբեր 26,2017 13:14

Սեպտեմբերի 22-ին Ժիրայր Սեֆիլյանը «հասցեական դիմում» էր հղել 3 տասնյակ քաղաքական եւ հասարակական գործիչների։
«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության առաջնորդ Պետրոս Մակեյանին եւ Թամար Հովհաննիսյանին էլ «խնդրել էր» ստանձնել դիմումին կցված ցուցակում տեղ գտած անձանց այդ գաղափարի շուրջ միավորելու պատասխանատու գործառույթը։ Ի՞նչ հանգրվանում են «կազմակերպական աշխատանքները»՝ մեզ հետ զրույցում փորձեց ներկայացնել ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆԸ։

-Սեֆիլյանը մշտապես մերժում էր խորհրդարանական ընդդիմության հետ համագործակցությունը՝ ասելով, որ դա համակարգային ընդդիմություն է՝ համակարգի մի մասը, որը կամա-ակամա նպաստում է իշխանության վերարտադրությանը։ Հիմա ցուցակում ընդգրկել է «Ելք» դաշինքի առաջնորդներից մեկին՝ Նիկոլ Փաշինյանին, անտեսելով մյուս երկուսին։ Սա ինչո՞վ բացատրել։

-Կյանքը ցույց է տալիս, որ միշտ պետք է մարդկանց հնարավորություն տրվի։ Այդ հնարավորությունն ամեն մեկը յուրովի է օգտագործում. Ժիրայրը համարում է, որ Նիկոլը դեռեւս կարող է գործընթացներին մասնակցել ժողովրդի բարձրացրած խնդիրները լուծելու համար։ Հիմա գնդակը Նիկոլի դաշտում է։

-Անձամբ ձեզ համար այդ ցուցակում ընդգրկված բոլոր անձինք ընդունելի՞ են։

-Իմ պարագայում եւս կան նման գործիչներ. մարդիկ, որոնք ժամանակին այդ համակարգի մեջ են եղել, որոնց դեմ ես պայքարել եմ՝ միշտ լինելով համակարգից դուրս։ Բայց եթե հիմա մտնենք անձնավորված մոտեցումների, աշխարհաքաղաքական կողմնորոշումների դաշտ, որեւէ միավորում չի ստացվի։ Դրա համար շատ հարցերում պետք է, այսպես ասած, զիջող լինենք, գնանք կոմպրոմիսի ինքներս մեզ հետ, որ կարողանանք ինչ-որ միավորում ձեւավորել։ Ա՛յդ սկզբունքը պետք է գործի։ Անձամբ ես այդպես եմ մտածում։

-Սեֆիլյանը իր դիմումի հասցեատերերին կոչ է անում «վերջ տալ ինքնախաբեությանը եւ որդեգրել ելքի միակ ուղին՝ ժողովրդային ընդվզումը»։ Ստացվում է, որ այդ մարդիկ մինչեւ հիմա ինքնախաբեությա՞մբ էին զբաղված։

-Կարծում եմ, Սեֆիլյանն այդ միտքն ասել է ընդհանրական՝ դիմում է ոչ թե կոնկրետ անձանց, այլ ամբողջ հասարակությանը, եւ հռետորական հարցադրում է անում, որ չարժե ինքնախաբեությամբ զբաղվել եւ հույս ունենալ, թե ընտրությունների միջոցով ինչ-որ բան կփոխվի այս երկրում։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930