Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը մտցրել են ԵՏՄ կոչվող ճահճի մեջ, ասում են՝ եկեք այնպես անենք, որ մեր երեխաներն այդ ճահճի լեզուն սովորեն». Դավիթ Սանասարյան

Սեպտեմբեր 26,2017 12:59

Հանրային գործիչ Դավիթ Սանասարյանը շնորհակալություն է հայտնում ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին, որ հայտարարեց՝ ռուսերենն օտար լեզու է: «Մեդիա կենտրոնում» հրավիրված «Դպրոցներում ռուսաց լեզվին` նոր կարգավիճակ տրամադրելու մասին հայեցակարգ» խորագրով քննարկմանը պարոն Սանասարյանը հայտարարեց, թե մեր կրթական քաղաքականության առաջ խնդիր չի դրված քաղաքացի ձևավորել, այլ պլան է դրված:

Անդրադառնալով ռուսերենի կարգավիճակին՝ Դավիթ Սանասարյանն ասաց. «Ստացվում է՝ կա օտար լեզու, մեկ էլ կա ավելի օտար լեզու: Նախ սկզբից ասում էին ռուսերենի և օտար լեզուների հայեցակարգ, երբ բողոք բարձրացրինք, թե ռուսերեն էլ է օտար լեզու, շնորհակալություն նախարարին, որ մատնանշեց՝ ռուսերենն օտար լեզու է: Մեր երեխաներին ուզում են սովորեցնել կախվածության մտածելակերպը, որ եթե ուզում ես լավ կրթություն ստանալ, պետք է խորացված ռուսերեն անցնես: Մինչդեռ այսօր աշխարհում արևմտյան կրթական համակարգն է օրինակելի»:

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանն ընդհատեց, թե «Մենք այն կարծիքին ենք, որ բանգլադեշյան կրթական համակարգն է ավելի օրինակելի»:

Այնուհետև պարոն Բլեյանը մտահոգություն հայտնեց՝ մեր հանրակրթությունը սովորողին հնարավորություն չի տալիս ինքնուրույն ընտրել, դեռ մի բան էլ մտցրել ենք խորացված հոմանիշը: Աշոտ Բլեյանը նկատեց. «Ամենախայտառակ վիճակը կրտսեր դպրոցում է: Իսկ մեր նախադպրոցական հաստատություններն ընդհանրապես վայրի վիճակում են: Այդ միջավայրում չի կարող լինել երեխայի զարգացումը»:

Անդրադառնալով օտարալեզու դպրոցների շուրջ ծավալվող քննարկումներին՝ պարոն Բլեյանը հղում կատարեց ՀՀ հանրակրթության մասին և Լեզվի մասին օրենքներին ու ընդգծեց. «Այդքան հեշտ չպետք է խոսել այդ մասին: Ըստ ՀՀ օրենսդրության՝ օտար լեզվով ուսուցմամբ դպրոց նշանակում է միջպետական համաձայնագրերով ստեղծված կրթօջախ, որոնք չեն կարող լինել յուրաքանչյուր լեզվով 4-ից ավելի: Մինչդեռ ՀՀ-ում 42 նման դպրոց է գործում»:

Հանրային քաղաքականության ինստիտուտի հետազոտությունների համակարգող Ավետիք Մեջլումյանը, հղում կատարելով ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի այն հայտարարությանը, թե հստակեցվել է ռուսերենի կարգավիճակը՝ օտար լեզու, ասաց. «Մի դեպքում ռուսաց լեզվին օտար լեզվի կարգավիճակ է տրվում՝ քննությունների ժամանակ այլ օտար լեզուների նկատմամբ, բայց չգիտես ինչու հայեցակարգի առումով բաժանում ենք. առանձնացնում ռուսաց լեզուն և հայեցակարգով կազմակերպում դրա ուսուցումը: Լավ է, որ կա օտար լեզուների դասավանդման հայեցակարգ, ուղղակի պետք չէ ռուսերենն առանձնացնել, դրա վրա կենտրոնացնել հանրության ուշադրությունը՝ որևէ կերպ չհիմնավորելով»:

Aravot.am-ի հարցին՝ արդյոք ռուսաց լեզվի հայեցակարգի շուրջ ծավալված խնդիրը քաղաքակա՞ն է, քանի որ վարչապետի ու ԿԳ նախարարի մոտեցումները տարբերվում են այս հարցում. դրա վկայությունն այն է, որ Կարեն Կարապետյանը հայտարարեց, թե նման հանձնարարական չի տրվել նախարարին, Դավիթ Սանասարյանը պատասխանեց զարմանքով. «Զարմանում եմ, որ կրթության նախարարը, որը քաղաքական պաշտոն ունի և քաղաքական որոշում է կայացնում, ասում է՝ հարցը մի քաղաքականացրեք: Հարցը, բնականաբար, քաղաքական է՝ կրթության, լեզվի քաղաքականության մասին: Մնացած թնջուկը՝ հանձնարարական է եղել, թե՝ ոչ, թող վարչապետն ու նախարարը միասին պարզեն: Դա ցույց է տալիս, թե ինչ վիճակ է այնտեղ»:

Դավիթ Սանասարյանի վստահեցմամբ՝ հանրային քաղաքականությունը մշակելիս սովորաբար հարցումներ են անում, հասկանում՝ ինչ պահանջներ կան, գտնում դրանց բավարարման ճանապարհները: Նա հարց բարձրացրեց՝ ՀՀ դպրոցներում որևէ անգամ հարցախույզ արվե՞լ է, հասկացե՞լ են, թե որոնք են խորքային խնդիրները:

Նա մանրամասնեց. «Հայաստանը մտցրել են ԵՏՄ կոչվող ճահճի մեջ, հիմա ասում են, թե դրա լեզուն ռուսերենն է, եկեք այնպես անենք, որ մեր երեխաներն այդ ճահճի լեզուն սովորեն: Առանց հիմնավոր պատճառաբանության, խորքային վերլուծության սա սխալ մոտեցում է: Նախարարի որևէ հիմնավորում քննադատության չի դիմանում»:

Մեր մյուս հարցին՝ այն, որ ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը հայտարարեց, թե Հայաստանում ռուսերենը օտար լեզվի կարգավիճակ է ստացել, արդյոք փարատո՞ւմ է ռուսերենի խորացման, ռուսական դպրոցների բացման և մի շարք այլ խնդրահարույց հարցեր պարունակող հայեցակարգի հետ կապված մտահոգությունները, Աշոտ Բլեյանն այսպես արձագանքեց. «Այդ մտահոգությունն ու վտանգները միշտ կլինեն, քանի դեռ հայաստանցիք բաժանված են երկու խմբի. ազգային փոքրամասնության իրենց երկրում, որոնք սովորում են ոչ պետական լեզվով ուսուցման դպրոցներում, քանի դեռ կա երկու պետական ծրագիր լեզվի ուսուցման առումով: Այս հայեցակարգը մեր ուշադրությունը հրավիրեց տեսնելու, թե ինչ ականներ են դրված: Իսկ հասարակությունը պետք է գտնի այս ամենն իրավական դաշտ բերելու լուծումները: Ամենաանթույլատրելի բանը մեր հանրակրթության մեջ խտրությունն է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930