Երեկ Լոռու մարզում տեղացած կարկուտը վնասներ է հասցրել հատկապես մարզի Սպիտակի տարածաշրջանի համայնքներին: Կարկուտի հետեւանքով վնասներ են կրել՝ Արեւաշող, Ղուրսալի, Սարամեջ, Լեռնանցք եւ Սպիտակ համայնքները: Կարկուտից տուժել է նաեւ Գուգարքի տարածաշրջանի Դարպաս համայնքը:
Վանաձորում եւս մոտ 15 րոպե տեղացել էր կարկուտ, Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ, բարեբախտաբար, կարկուտը համայնքին վնասներ չի հասցրել. «Տուժած համայնքներին հանձնարարվել է, որպեսզի իրենք համայնքի հանձնաժողովով վնասի չափը ակտավորեն եւ ուղարկեն մեզ: Որից հետո էլ մենք կգնանք եւ կտեսնենք: Ամենաշատ վնասը Սպիտակում է եղել, վնասվել է պտուղ-բանջարեղենի 50-65 տոկոսը: Դարպասում էլ գործող մասնավոր ջերմոցներ կան, այդտեղ էլ վարունգի ու լոլիկի սածիլներն են վնասվել: Մնացած համայնքներից դեռ տեղեկություն չունենք, թե ինչ վնասներ են եղել»:
Հակոբյանի խոսքով մարզպետարանում ստեղծված համապատասխան հանձնաժողովը վնասի չափն ուղարկում է գյուղնախարարություն: Իսկ փոխհատուցում կլինի, թե ոչ՝ իրենք տեղյակ չեն:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ
Լուսանկարները՝ shamshyan.com-ի