Լրահոս
Օրվա լրահոսը

Բենզինի գինը կրկին բարձրանում է. այս անգամ եւս գների փոփոխությունը եղավ միաժամանակ. «Հայոց աշխարհ»

Սեպտեմբեր 26,2017 12:35

Ներքին շուկայում հեղուկ վառելանյութի գները վերջին օրերին սկսել են դանդաղորեն բարձրանալ։ Բենզինը նախորդ շաբաթ թանկացավ լիտրի հաշվով 10 դրամով։ Նախկին 380-ի փոխարեն «ռեգուլյարի» գինը դարձել է 390 դրամ։ «Պրեմիումը» վաճառվում է 410 դրամով, նախկին 400-ի դիմաց։ Անհամեմատ թանկ է «սուպերը». գինը հասել է 450 դրամի։

Դիզելային վառելանյութը վաճառվում է 360 դրամով։
Ինչպես սովորաբար լինում էր, այս անգամ եւս գների փոփոխությունը եղավ միաժամանակ։ Որքան էլ դա ենթադրում է որոշակի փոխհամաձայնության տարրեր շուկայի մասնակիցների միջեւ, այնուհանդերձ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը խուսափում է պատշաճ ուշադրություն դարձնել այդ երեւույթին։ Փաստորեն մատակարարների թվի ավելացումը նույնպես չփոխեց շուկայի գնային քաղաքականության պատկերը, թեպետ մի պահ թվում էր, թե ստեղծվել է նպաստավոր վիճակ։
Պաշտոնական տվյալներով, բենզինը այս տարվա ընթացքում թանկացել է ավելի քան 10 տոկոսով։ Նույն ժամանակահատվածում դիզելային վառելիքի գինը բարձրացել է գրեթե 14 տոկոսով։ Ի դեպ, այս դրսեւորումների մեջ ներառված չէ գների վերջին փոփոխությունը։
Հիշեցնենք, որ տարեսկզբին «ռեգուլյար» տիպի բենզինը վաճառվում էր 330, «պրեմիումը»՝ 350 դրամով։ Այժմ գները լիտրի հաշվով ավել են 60 դրամով։
Վառելանյութի գնային շուկայում այլեւս նկատելի չէ մրցակցային այն ակտիվությունը, որը կար նոր մատակարարի հայտնվելու սկզբնական փուլում։ Անցած տարվա հոկտեմբերի վերջին, երբ շուկայում հայտնվեց եւս մեկ խաղացող՝ ի դեմս «Մաքս Պետրոլի», վիճակը բոլորովին այլ էր։ Մտնելով շուկա՝ նոր մատակարարը սկսեց թելադրել սեփական գնային քաղաքականությունը։ Մի բան, որ ստիպեց շուկայի մյուս մասնակիցներին նվազեցնել գները։ Բավական կոշտ մրցակցության պայմաններում ընդամենը մեկ ամսում վառելանյութի գները նվազեցին գրեթե 50 դրամով։

Ամեն ինչ դրանով ավարտվեց։ Տարեսկզբից դաշտը կրկին վերադարձավ նախկին վիճակին։ Վառելանյութի գները սկսեցին աստիճանաբար բարձրանալ։
Դա պայմանավորված էր օբյեկտի՞վ, թե՞ սուբյեկտիվ գործոններով, այնքան էլ էական չէ։ Առավել մտահոգիչ է շուկայի մրցակցային պատկերը, որն այդպես էլ որեւէ փոփոխության չենթարկվեց։
Վառելանյութի գների աճը ազդել է սպառման ծավալների վրա։ Այս տարվա առաջին կեսին Հայաստան ավելի քիչ նավթամթերք է ներկրվել, քան նախորդ տարի (տարբերությունը՝ 15 հազար տոննա)։ Ընդ որում՝ դա տեղի է ունեցել տրանսպորտային միջոցների քանակի զգալի ավելացման պայմաններում։

Ս. ԲԵԳԼԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930