Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Սկակով. «Բաքուն բոլորովին չի պատրաստվում որևէ փոխզիջման». «168 ժամ»

Սեպտեմբեր 26,2017 12:19

Հարցազրույց ՌԴ Արեւելագիտության ինստիտուտի Կովկասի և Կենտրոնական Ասիայի աշխատանքային խմբի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Սկակովի հետ

– Ալիևը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում իր ելույթում կրկին սպառնալիքներ հնչեցրեց։ Ձեր կարծիքով՝ Ադրբեջանն ընդհանրապես ինչի՞ է ձգտում, ինչպե՞ս կարելի է նման հռետորաբանության հետ միաժամանակ՝ խոսել բովանդակային բանակցությունների մասին։

– Ոչ, իհարկե, բանակցություններն այս պահին բոլորովին ձեռնտու չեն Ադրբեջանին, քանի որ բանակցությունների ժամանակ նա ստիպված է լինելու գնալ զիջումների, իսկ Բաքուն բոլորովին չի պատրաստվում որևէ փոխզիջման։ Ընդհանուր առմամբ՝ այս պահին փոխզիջումների պատրաստ չէ այս հակամարտության և ոչ մի կողմը։ Եվ բանակցությունները շարունակվում են՝ միայն հանուն բանակցությունների։

– Նախքան Նյու Յորքում Սերժ Սարգսյանի ելույթը, Էդվարդ Նալբանդյանը Երևանում հնչեցրել էր գնահատականներ, որոնք սկզբունքորեն տարբերվում էին այն շեշտադրումներից, որ արեց ՀՀ նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից։ Որոշ վերլուծաբաններ կապ են տեսնում տարածքային զիջումների, հայ-թուրքական արձանագրությունների և ԵԱՏՄ-ի հետ համագործակցելու Թուրքիայի ցանկության միջև։ Դուք ի՞նչ եք մտածում այս ամենի մասին։

– Թուրքիայի համար Հարավային Կովկասն այժմ առաջնահերթություն չէ, ո՛չ Վրաստանը, ոչ Հայաստանը։ Իսկ Ադրբեջանն այնքանով է հետաքրքիր, որ էներգակիրների մատակարար է, այսինքն՝ այդ հարաբերություններում ոչ մի հոգևոր կապ կամ միասնություն չկա, այդ մասին ոչ ոք լուրջ չի խոսում, և ամեն ինչ ունի իրական նպատակներ ու խնդիրներ։ Այսինքն միայն այդ առումով է Ադրբեջանը հետաքրքրում Թուրքիային։

Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին, ապա պետք է խոսել Թուրքիայի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման ցանկության մասին, ինչն արդեն տեղի է ունենում։ Հասկանալի է, որ ռուսական շուկան, տարբեր տեսակի պայմանագրերը և զբոսաշրջիկների հոսքը զգալի նշանակություն ունեն Թուրքիայի համար։ Այսինքն` այստեղ ավելի կարևոր է տնտեսական շահը։ Մնացած բոլոր հարցերը գտնվում են երկրորդ պլանում։

Հայ-թուրքական արձանագրությունների առումով պետք է նշել, որ դրանց իրագործման փորձն ապարդյուն անցավ, առաջին հերթին՝ Ադրբեջանի տեսակետից։ Ըստ էության՝ Թուրքիայի վրա ազդելու Ադրբեջանի լծակները նույնը մնացին, այսինքն՝ մնացին միայն էներգակիրները։ Հնարավոր է ինչ-որ պահի Թուրքիան առավել անկախ դառնա Ադրբեջանից, քանի որ այդ կախվածությունը ճնշում է նրան, բայց առայժմ դա տեսանելի չէ։

Գայանե ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930