«Ժողովուրդ»-ը «Մեա կուլպա 2»-ի, շոուբիզնեսցիներին վաստակավոր արտիստի կոչումներ շռայլելու, փառքի եւ փողի ետեւից վազողների՝ մշակույթի ոլորտ մուտք գործելու մասին զրուցել է դրամատուրգ, ռեժիսոր Վահրամ Սահակյանի հետ։
– Վերջերս վաստակավորների կոչումներ շնորհվեցին շոու-բիզնեսի մի շարք ներկայացուցիչների, այդ հանգամանքը բողոքի հերթական ալիքը բարձրացրեց համացանցում։ Դուք ի՞նչ կարծիք ունեք նման պարգեւատրումների մասին։
– Ես ուրիշի ստացածի, ուրիշի ունեցվածքի մասին չեմ խոսում, խոսողների արարքը համարում եմ ցածր մարդու մտածողության արդյունք։ Անում եմ ամեն բան, որ այդ խոսակցություններից վեր կանգնեմ։
– Դուք մշակույթի վաստակավոր գործչի կոչում ունեք, չէ՞։
– Այո՛, թե ո՞ր մշակույթի, ես էլ չգիտեմ։ Կոչումը պետք է մարդուն դրդի ավելի լավ գործեր անելուն, սխալները չկրկնելուն։ Բայց եթե մարդ մտածի՝ ումից ինչ կոչում, ինչ փող վերցնի, երբեք առաջ չի գնա։
Այսօր այնքան մեծ թվով մշակույթի երիտասարդ գործիչներ կան, որոնք կարիերիստ են, ամեն ինչի հետեւից վազող՝ պաշտոնների, այնպիսի բաների, որոնց արվեստով զբաղվող մարդն ընդհանրապես ուշադրություն չպետք է դարձնի։ Այսօր մարդիկ խնդրում են, որ իրենց թատրոնի տնօրեն նշանակեն։ Ես այսքան ժամանակ թատրոնում զբաղված եմ, չեմ հիշում, որ որեւէ մեկը ինձ որեւէ տեղ նշանակած լինի, ոչ մեկից ոչինչ չեմ խնդրել, ամեն բան արել ենք պրոդյուսերական ջանքերով։
Մշակույթի նախարարին ասել եմ. «Պարոն Արմեն Ամիրյան ջան, մի՛ թող, որ մշակույթի ասպարեզ մտնեն կարիերիստները»։ Հիմա ես չգիտեմ՝ ասելուց հետո ինչ է փոխվել, բայց ես չեմ ուզում ոլորտում տեսնել մարդկանց, որոնք մշակույթի հետ կապ չունեն։
Զրուցեց Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում