Սեպտեմբերի 25-ի երեկոյան Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչ Միշա Ստեփանյանի 2 կովը գոմ չեն վերադարձել: Այսօր՝ սեպտեմբերի 26-ի առավոտյան դրանք հայտնաբերվել են Ոսկեպարի սահմանագոտում, Ոսկեպար գետի ափին: Անասունները սահմանամերձ, ականապատ տարածքում պայթել են ականների վրա:
Կովերից մեկը վիրավոր վիճակում ականապատ գոտուց դուրս է բերվել եւ հարկադիր մորթի ենթարկվել, մյուսը ականապատ տարածքում է:
Սեպտեմբերի 15-ին Ոսկեպարի սահմանամերձ, ականապատ նույն տարածքում ականի վրա պայթել է գյուղի բնակիչ Մանվել Ալավերդյանի կովը: Վիրավոր կովը ականապատ գոտուց դուրս է բերվել, հարկադիր մորթի ենթարկվել:
Երկարատեւ երաշտի պատճառով արոտավայրերը չորացել են, արոտավայրերի մի մասը սահմանագոտու հրդեհներից այրվել է: Կովերը կանաչ խոտ գտնելու համար մտնում են Ոսկեպար գետի եզրին գտնվող ականապատ տարածք: Ականապատ գոտին փշալարով պատված է, սակայն փշալարը գետը քշել է:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ