Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Մկրտչյան. «Լոմոնոսովի համալսարանի մասնաճյուղին կից դպրոցի բացումը կարեւոր է քաղաքական իմաստով» (ֆոտոշարք, տեսանյութ)

Սեպտեմբեր 26,2017 11:21

Սեպտեմբերի 26-ին Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի երեւանյան մասնաճյուղին կից Արմեն Երիցյանի անվան դպրոցում կայացավ լուսահոգի Արմեն Երիցյանի կիսանդրու բացումը, որին ներկա էին ՀՀ կրթության նախարար Լեւոն Մկրտչյանը եւ Ռուսաստանի կրթության նախարար Օլգա Վասիլեւան:

Ռուս նախարարին դիմավորեցին աղուհացով, գինով, նրան հնարավորություն ընձեռնվեց եղեւնի տնկել:

Դպրոցի ուսուցիչներից մեկն ասաց. «Այս եղեւնին կհիշեցնի հայ-ռուսական դարավոր բարեկամության եւ ձեր մասին»:

Այնուհետեւ ռուս նախարարը շրջայց կատարեց դպրոցում: Ուսուցիչներից մեկը նրան խնդրեց, որպեսզի աջակցի Երիցյանի անվան դպրոցում Ռուսաստանում ապրող հայ ընտանիքների զավակների համար պատշաճ ռուսերեն կրթություն ապահովել: ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը միջամտեց. «Բայց նման դպրոց արդեն կա Քանաքեռում»: Ուսուցչուհին չընկրկեց. «Դա ՌԴ պաշտպանության նախարարության աշխատակիցների զավակների համար է, իսկ մե՞նք»:

Օլգա Վասիլեւան հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին, իսկ նրա մամուլի քարտուղարը եւ ուղեկցողները հայտարարեցին, թե բոլոր հարցերին արդեն տրվել է պատասխան՝ օրերս կայացած ասուլիսի ժամանակ:

Դպրոցի դահլիճում փոքրիկ միջոցառում էր կազմակերպվել, որի ընթացքում ելույթ ունեցան երկու նախարարները, իսկ դպրոցի աշակերտները փոքրիկ բեմադրություն ներկայացրին: ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը կարեւորեց դպրոցի գոյությունը քաղաքական իմաստով եւ հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում:

Զրուցեցինք նաեւ դպրոցի տնօրեն Արտավազդ Մամյանի հետ: Նրանից պարզեցինք, որ դպրոցն ունի հայկական եւ ռուսական դասարաններ, ընդ որում՝ ռուսական դասարաններում աշակերտների թիվն ավելի մեծ է:

Պարոն Մամյանից նաեւ տեղեկացանք, որ դպրոցում ուսուցումը վճարովի է՝ տարեկան շուրջ 900.000 դրամ, սակայն ունեն նաեւ անվճար տեղեր: Արտավազդ Մամյանին հարցրինք՝ Հայաստանի պաշտոնյաներից ո՞ւմ երեխաներն ու հարազատներն են սովորում իրենց դպրոցում: Նա պատասխանեց, որ դպրոցը բացվել է սեպտեմբերի 1-ին, աշակերտների ծնողներին էլ չեն ճանաչում:

Պարոն Մամյանը նաեւ հավելեց, որ Լոմոնոսովի անվան համալսարանի երեւանյան մասնաճյուղում ընդունելության ժամանակ հայաստանցի դիմորդները խնդիրներ էին ունենում ռուսերենի իմացության հետ կապված, այդ անհրաժեշտությունից էլ ծագել է այս դպրոցի հիմնադրման գաղափարը:

Պարզեցինք նաեւ, որ ռուսերենով ուսուցմամբ դասարաններ ունեցող դպրոցի գործունեության արտոնագիրը տրվել է այս տարվա հունիսին, իսկ դպրոցի պաշտոնական բացումը հարմարեցվել է ՌԴ կրթության նախարարի այցի հետ:

Հավելենք, որ միջոցառմանը մասնակցում էր Արմեն Երիցյանի այրին, ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը եւ այլ կուսակցականներ, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը, ՀՀ գիտությունների ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը եւ ուրիշներ:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարինա says:

    Տարազ հագած երեխաները կարծես մեծահասակ, կյանքից արդեն հոգնած, տաս երեխա ունեցող կանայք լինեն, որովհետև տարազը, դրա ձևը, երկարությունը և գույները ընտրված են չգիտես ինչ սկզբունքով: Գոնե հարդուկեին, հետո հագցնեին:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930