Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մենք այլեւս մի տեղից սկսելու ենք ՈՉ ասել մեր ազգային իրաւունքները չարաշահողներին. «Ասպարեզ»

Սեպտեմբեր 26,2017 10:53

Մինչ Արցախը հպարտօրէն նշում է իր ազատագրման 26ամեակը, մենք արդէն մի քանի շաբաթներ ի վեր լսում ենք ԵԱՀԿի Մինսկի խումբի ամերիկացի նախկին համանախագահ Ռիչարդ Հոկլանտի յայտարարութիւնը, որ Արցախի գրաւուած տարածքների շուրջ ընթացող բանակցութիւններում հայկական կողմը համաձայն է  փոխզիջումների, եւ հարցը միայն Լաչինի մէջ թշնամուց ապահով գօտի ստեղծելն է: Երկար տարիներ անընդմէջ հնչող այս սակարկութիւնները մեր բոլորի պրկուած զգայարանները այնքան են մաշել, որ մենք այլեւս անտարբերութեամբ ենք ընդունում բանակցութիւնների շուրջ ընթացող սուտ կամ ճիշդ լուրերը:

Իսկ մեր ղեկավարները, երկրի նախագահը, արտաքին գործերի նախարարը կամ ՀՅԴ ներկայացուցիչները, ոչ թէ բացարձակապէս չեն հերքում նրա յայտարարութիւնը կամ հակառակը հաստատող փաստեր բերում, այլ փորձում են մեզ համոզել, որ վերջին խօսքը Արցախի ժողովրդին է պատկանում:

Բնականաբար այս անորոշ վիճակում տարբեր եզրակացութիւնների ենք յանգում եւ յաւելեալ անգամ վատ տրամադրւում մեզ հանգստացնողների հանդէպ, իսկ աւելի անկեղծ՝ չենք հաւատում որեւէ մէկի յայտարարութեան:

Եւ հիմա, երբ մեզ հանգստացնում են ժողովրդի որոշմամբ հարցը լուծելու տարբերակին, իբրեւ թէ այդ հարցը կարգաւորողները կ՛ընդունեն ու կը յարգեն Արցախի ժողովրդի կամքը, սկսում ենք խորապէս անհանգստանալ, քաջ գիտենալով, որ  բանակցութեան մասնակիցներից որեւէ մէկը այնքան միամիտ չէ, որ սպասում է ժողովրդի հակառակ քուէին եւ դեռ շարունակում իր առ ու ծախը:

Հարցն այստեղ այն է, որ մենք այլեւս մի տեղից սկսելու ենք ՈՉ ասել մեր ազգային իրաւունքները չարաշահողներին: Մեր դարաւոր պատմութեան սխալ ընթացքը եւ մեր կորուստները հէնց այս չկարողանալ ՈՉ ասելու վրայ է հիմնուած: Մենք միշտ մէջքներս ծռած առերես համաձայնւում ենք բոլոր կողմերի հետ եւ սպասում, թէ նրանցից ո՞վ կ՛օգնի մեզ, որ նրանց ողորմածութեան հովանու տակ մտնենք անմիջապէս ու սպասենք, թէ նրանցից ո՞վ է լուծելու մեր հարցերը:

26 տարի առաջ մեր մարտիկները կարողացան ՈՉ ասել թշնամուն եւ ազատագրեցին Արցախը: Կարող էին ամբողջապէս  ազատագրել եւ պարտուած թշնամու հետ բանակցութիւնների մէջ երբեք չմտնել, եթէ կարողանային նոյն ուժով ՈՉ ասել Արցախի ամբողջական ազատագրումը խափանող մեր առաջին նախագահին: Մենք արդէն անգամներ ապացուցել ենք, որ կարող ենք ՈՉ ասել, ուրեմն պիտի շարունակենք մեր այդ ՈՉը մինչեւ մեր վերջնական յաղթանակին հասնելը:

Մենք գիտենք, գերպետութիւնները յատուկ ծրագրով, մեր նման, ինքներս մեզ թակարդի մէջ դրած երկրներին, պահում են երկարատեւ բանակցութիւնների կապանքների մէջ, այդ կապանքների ծայրը միշտ իրենց ձեռքում պահելով, որ տարածաշրջանը երբեք խաղաղութիւն չունենայ, որ իրենք իրենց յետագայ ծրագրերը իրականացնեն այդ երկրներում: Մեր տարածաշրջանը մեծ ռազմավարական  հնարաւորութիւններ ունի, դրա պատճառով դարեր ասպատակուել է մեր հողը: Եթէ դա մենք չենք տեսնում ու գնահատում, դա մեր քաղաքական տհաս մտածողութեան ապացոյցն է:

Մենք ցոյցի ենք ելնում ամէն պատեհ առիթով միայն սոցիալական պահանջների համար, սակայն երբ մեր հայկական գերեզմանատան վրայ արտաքնոց են կառուցում Թուրքիայի խորհրդարանի հրամանով, միայն մէկ հայ է իր ձայնը բարձրացնում՝ Կարօ Փայլանը: Լաւ որ այդ աննման հային ունենք, փա՜ռք ու պատիւ իրեն, որը միայնակ, ծեծուելով, իր կեանքը վտանգելով, մեր հարցերն է պաշտպանում թշնամու տան մէջ, հայ դպրոցների վիճակից սկսած մինչեւ մեր ազգապատկան ունեցուածքների ոչնչացման կամ ազգային իրաւունքների ոտնակոխման ժամանակ:

Բայց չէ՞ որ մեր հայրենի իշխանութեան եւ Հայ Դատի պարտականութիւնն էր Թուրքիայի այդ անբարոյ վճռի՝ Վանի Արտամէտ շրջանի հայկական հինաւուրց գերեզմանատան վրայ արտաքնոցի կառուցման դէմ որպէս պետութիւն, որպէս հայերի իրաւունքների պաշտպան, բողոքելու: Ոչ միայն պետական, այլ ազգային պարտականութիւնն էր աշխարհի ուշադրութեան ներկայացնել, մինչեւ իսկ ՄԱԿի խորհրդաժողով եւ ազգերի իրաւունքները պաշտպանող այլ բարձրագոյն հաստատութիւնների ուշադրութեան արժանացնել, Թուրքիայի այդ միտումնաւոր նուաստացուցիչ վճիռը, յաւելեալ անգամ աշխարհին ազդարարելով, որ Թուրքիան շարունակում է Հայոց Ցեղասպանութիւնը նոյնիսկ հայ մեռեալների վրայ, պղծում է մեր բռնագրաւած տարածքները, բացայայտօրէն ոչնչացնում մեր ազգային մասունքները: Որ Թուրքիայի այդ որոշումը աւելի շատ հայ ժողովրդին յաւելեալ անգամ ոչնչացնելու քայլ է, քան տեղի անհրաժեշտութիւն:

Ինչպէ՞ս է որ Թուրքիան դեռ չի ազատագրւում իր թոյնից հանդէպ հայի, իսկ հայը արդէն ներել է եւ այսպիսի անպատուող ապտակները լռութեամբ ու անտարբերութեամբ է ընդունում:

Չէ՞ որ պետական որոշումները պետական մակարդակով են լուծւում:

Մենք լռեցինք, երբ Նախիջեւանի մեր նախնիների գերեզմաններն էին յօշոտում, եւ տեսաք, թէ արդիւնքը ինչ եղաւ: Հիմա էլ լռեցինք, եւ արդիւնքը պարզ է: Վստահ եմ, վաղը հայ զբօսաշրջիկները իրենք էլ նոյն անտարբերութեամբ կ՛օգտագործեն այդ արտաքնոցը:

Չենք մտածում, որ եթէ նոյնիսկ մեր բողոքը արդիւնք էլ չտայ, գոնէ անհանգստացրած կը լինենք թշնամուն, յաւելեալ անգամ ազդարարելով մեր կեցուածքը իր գործած անժամկէտ, աններելի յանցագործութեան պատասխանատուութեան համար, իսկ աշխարհի ուղեղում կրկնակի անգամ կը փորագրուի մի փաստ՝ մեր հողերի բռնագրաւուած վիճակի փաստը:

ԴՈԿՏ. ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԷՖԵԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ասպարեզ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930