Բաքվում անվանափոխվել է «Բաքվի 26 կոմիսարների» փողոցը և ստացել «Ապրիլի 2-ի փողոց» անվանումը: Այս մասին գրում է ադրբեջանական report.az պորտալը:
Թեմայի վերաբերյալ գործակալության հարցումը՝ ինչով է պայմանավորված նոր փոփոխությունը, պաշտոնական աղբյուրները չեն մեկնաբանել:
Այդ փողոցի անվան հետ կապված ադրբեջանական մամուլում և սոցիալական ցանցերում վաղուց էր դժգոհություն հասունանում: Ադրբեջանցիները պնդում են, որ Բաքվի 26 կոմիսարների (որոնք 1918թ. գլխավորում էին Ժողովրդական կոմիսարների խորհուրդը) թվում եղել են դաշնակցական հայեր: Հենց նրանց հրահրմամբ էլ, ադրբեջանցիների պնդմամբ, տեղի են ունեցել 1918թ. Բաքվում ադրբեջանական ջարդերը:
Փողոցի վերանվանումը «Ապրիլի 2-ի» փողոց ամենայն հավանականությամբ մատնանշում է 2016թ. քառօրյա պատերազմի սկիզբը (ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը), որն Ադրբեջանը համարում է իր համար հաջողությամբ ավարտված պատերազմ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ