Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Լրագրողները մրցեցին Ստեփանակերտի ֆուտբոլային դաշտում

Սեպտեմբեր 25,2017 23:35

Արցախի լրագրողների ֆուտբոլի հավաքականի հաղթանակով ավարտվեց Ստեփանակերտում սեպտեմբերի 22-24-ը ԶԼՄ-ների ներկայացուցիչների միջեւ անցկացված միջազգային մրցաշարը: Մրցումներն իրականացվել էին է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում եւ նվիրված էին Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին: Մրցաշարին աջակցում էին նաեւ Արցախի Հանրապետության նախագահն եւ կառավարությունը, ինչպես նաեւ «Արցախբանկ» ՓԲԸ, «Արցախ բրենդի կոմպանի» եւ «Սիլ Մաազա» ընկերությունները: Կազմակերպիչն էր Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան (ԱԹԱ):

Մրցաշարում մասնակցում էին 5 ֆուտբոլային թիմեր Ռուսաստանի միացյալ հավաքականը, որը կազմված էր Վոլգոգրադ եւ Բրյանսկ քաղաքների լրագրողներից, Ջավախքը (Վրաստան), Հայաստանի լրագրողների հավաքականը եւ Արցախը: Մրցաշարը անցավ մեկ օրվա ընթացքում եւ, քանի որ խաղերը կրում էին սիրողական բնույթ՝ որոշված էր ամեն մի խաղակեսի սահմանել 10 րոպե, իսկ ընդհանուր տեւողություն՝ 20 րոպե:

Պետք է նշել, որ ղարաբաղցիների մոտ մրցաշարը առաջացրել էր մեծ հետաքրքրություն՝ 10 հազարանոց Ստեփանակերտի Շահումյանի անվան կենտրոնական մարզադաշտը, որտեղ անցնում էին մրցումները, գրեթե լի էր երկրպագուներով: Իսկ պատանի արցախցի ֆուտբոլիստները շտապում էին ինքնագրեր վերցնել մասնակիցներից:

Բացմանը ներկա էր Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոսը, Արցախի ԱԺ-ի նախագահ Աշոտ Ղուլյանը, կրթության, գիտության եւ սպորտի նախարար Սլավա Ասրիյանը եւ այլ պաշտոնական անձինք:

Բոլոր թիմերը խաղացին մեկը մյուսի հետ եւ հաղթողը ճանաչվեց լավագույն արդյունք ցույց տված հավաքականը՝ Արցախի մասնակիցները: Երկրորդ եւ երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրեցին Ջավախքի եւ Ռուսաստանի լրագրողները, իսկ Հայաստանը կիսեց 4-5 տեղերը Ուկրաինայի թիմի հետ:

Մրցանակաբաշխությունը եւ եզրափակիչ ընթրիքը տրվեց նախագահ Բակո Սահակյանի կողմից:

Մրցաշարի լավագույն դարպասապահ ճանաչվեց Օդեսայից (Ուկրաինայից) ժամանած լրագրող Ռուսլան Միխայլեւսկին, պաշտպան՝ Կարեն Պետրոսյանը (ԼՂՀ), կիսապաշտպան՝ Տիգրան Հովհաննիսյանը (Հայաստանից), հարձակվող՝ Գուրգեն Գաբրիելյանը (Ջավախքից), ռմբարկուն՝ 10 գոլ խփած Արարատ Ղազարյանը: Հատուկ մրցանակների «Արցախ բրենդի կոմպանի» ընկերության կողմից արժանացան բոլոր անվանակարգերում հաղթած մասնակիցները, Ջավախքի թիմի ղեկավար, նախկին պատգամավոր Տաճատ Վարդապետյանը, Վոլգոգրադի պատվիրակության անդամ Օլեգ Բուսլոն եւ Ռուսաստանի թիմի ավագ Անդրեյ Շունյակովը: Շնորհակալագրեր ստացան Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի կողմից միջոցառումը բարձ մակարդակով կազմակերպմանը աջակցելու համար Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը եւ ԼՂՀ-ի կրթության, գիտության ու սպորտի նախարար Սլավա Ասրիյանը:

Ինչպես նշեց ԱԹԱ-ի նախագահ, Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականի ավագ Տիգրան Հովհաննիսյանը՝ «Այս միջոցառման անցկացումը կարող է նպաստել ԼՂՀ-ի միջազգային ճանաչմանը, հաստատել կապը Արցախի եւ միջազգային մամուլի ներկայացուցիչների միջեւ, արտասահմանյան ԶԼՄ-ների ուշադրությունը գրավել Արցախի ժողովրդի իրավունքին՝ ապրելու եւ լինելու իր երկրի ճակատագրի տերը»:

«15 տարի առաջ ես արդեն եղել էի Հայաստանում, բայց այս անգամ ավելի լայնորեն անցկացվեց մրցաշարը: Ես շատ քիչ լրատվություն ունեի Ղարաբաղի մասին եւ ուրախ եմ, որ իմ աչքերով տեսա, թե ինչ հրաշալի մարդիկ են այնտեղ ապրում եւ բարձր մակարդակով մրցումներ կարող են անցկացնել: Մենք տեսանք երկրպագուներով լի մարզադաշտ, ինչը մեր մրցաշարերի համար հազվադեպ երեւույթ է: Մեր հետ գալիս նկարվում, վերցնում էին ինքնագրեր, ինչ մեզ շատ դուր եկավ եւ մտորումներին տեղիք է տալիս կրկին վերադառնալ այս հիասքանչ երկիրը», – պատմում է Օդեսայի թիմի ավագ, ռազմական լրագրող Ռուսլան Միխայլեւսկին:

«Ուղղակի հիացմունք է առաջացնում այն, որ այս տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղը ավելի է զարգացել եւ գեղեցկացել: Շատ շնորհակալ եմ կազմակերպիչներից, ամեն ինչ շատ լավ էր եւ նույնիսկ խոսք չկա արտահայտելու այն, ինչ մենք տեսանք Ստեփանակերտում», – ասում է Ռուսաստանի լրագրողների թիմի ավագ, լրագրող Անդրեյ Շունյակովը, որը 15 տարի առաջ արդեն մասնակցել էր ԼՂՀ-ում անցկացվող ԶԼՄ-ների միջեւ ֆուտբոլային մրցաշարին:

«Շատ շնորհակալ եմ կազմակերպիչներից հրավերքի համար՝ Հայաստանի նախագահից, Արցախի նախագահից եւ արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայից: Առաջին անգամ էինք մենք այցելում Լեռնային Ղարաբաղ մեր լրագրողական թիմով եւ ուրախալի է, որ կազմակերպիչները մեզ չէին մոռացել հրավիրել՝ Ջավախքը պետք է մասնակցի բոլոր այսպիսի միջոցառումներին, որը անցկացվում է հայրենիքում», – ասաց Ջավախքի թիմի ավագ Ադամ Այվազյանը:

Սա արդեն 2-րդ միջազգային ֆուտբոլային մրցաշարն է ԶԼՄ-ների միջեւ, որը անցկացվում է Արցախի հանրապետությունում: Առաջին անգամ այսպիսի մրցաշար ԱԹԱ-ն կազմակերպեց 2009 թվականին:

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930