Ինչպես հայտնի է՝ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանների սոցիալական խնդիրները լուծելու, անօթևան աշխատակիցների համար բնակարաններ ձեռք բերելու, թատրոնի շենքում վերանորոգման աշխատանքներ իրականացնելու, դերասանների՝ դրսում վերապատրաստվելու ծախսերը հոգալու նպատակով դեռ այս տարվա հունիսին ստեղծվել էր թատրոնի աջակցման հիմնադրամ։
Առաջին ներդրողը եղել էր ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, որը փոխանցել էր իր մի ամսվա աշխատավարձը՝ 600 հազար դրամից ավելի։
Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանը։ Նա նաև ասաց, որ ԱԺ պատգամավորներից թատրոնի հիմնադրամի հաշվին իր աշխատավարձից գումար է փոխանցել գեներալ Ֆելիքս Ցոլակյանը։
Թատրոնի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանի ասելով էլ, հիմնադրամին աջակցողները մեծամասամբ գյումրեցիները չեն։ «Իհարկե, Տիգրան Համասյանի մասին չէ խոսքը (նա նոյեմբերի 11-ին Գյումրու դրամատիկական թատրոնում կտա մենահամերգ, որի հասույթը կփոխանցվի թատրոնի աջակցման հիմնադրամին), բայց օրինակ՝ Հայկ Մարությանը, Հրանտ Թոխատյանը գյումրեցիներ չեն, սակայն նրանք շատ հետաքրքրված են Գյումրու թատրոնով, ուզում են մեր կողքին լինեն, աջակցություն են ցուցաբերում։
Նմանապես Հրաչ Քեշիշյանը շատ հաճելի է, որ երևանաբնակ մեր արվեստագետները շատ հետաքրքրված են, բայց կուզենամ, որ մեր գյումրեցիներն էլ մասնակցեն, ինչու չէ նաև իշխանավորներն ու այն մարդիկ, որոնք կարող են ու պետք է, որ աջակցեն։ Կարծում եմ, որ սրա նպատակը շատ բարի է և ճիշտ, բայց առաջիկայում մենք պիտի շատ աշխատենք, դրա համար հետաքրքիր մի բան մտածեցինք․ «Լիր արքա» ներկայացումը խաղում ենք հենց հիմնադրամի համար»-, ասում է Լյուդվիգ Հարությունյանը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Ձեր ներկայացումների որակը բարձրացրեք: Օրինակ՝ Լիրա արքայի մեջ բացի Լիրի դերակատարն էլ ուրիշ Շեքսպիրյան դերակատարում չկա: Դրա մասին մտածեք: