Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Եթե մի ընտանիքում 2 ստեղծագործող կա՝ վատ է լինում, որովհետեւ տնային գործերն են մնում». (Ֆոտոշարք)

Սեպտեմբեր 25,2017 20:40

50-ամյա Քարմեն Հովսեփյանի կյանքում արվեստը յուրահատուկ տեղ է զբաղեցնում: Տիկին Քարմենն արվեստով ու ձեռքի աշխատանքներով հետաքրքրված է եղել դեռ մանկուց: Թեեւ ծնողները դեմ են եղել նրա նախասիրություններին, սակայն, տիկին Քարմենի սերը դեպի ստեղծագործ աշխարհ ավելի ուժեղ է գտնվել. «Փոքր ժամանակ ցեխից էի ինչ-որ բաներ սարքում: Ծնողներս դեմ էին, որ ցեխը կեղտոտ է, չի կարելի ձեռք տալ եւ այլն: Միշտ էլ հակառակությունը, որ լինում է, ավելի ես շահագրգռվում: Բայց, երբ աշխատանքներս դպրոցում ցուցադրվեցին, դրանից հետո ամեն ինչ սկսվեց»:

Պարսկաստանում մեծանալով, տիկին Քարմենը կարողացել է մի քանի մասնագիտություն ստանալ: Նրա ընտանիքը Հայաստան է վերադարձել 1982 թվականին:  Լինելով պարսկերեն լեզվի մասնագետ, կնոջ համար առավել հոգեհարազատ է մնացել արվեստն ու արհեստը. «Քանի որ ես Պարսկաստանում եմ կրթություն ստացել, այնտեղի դպրոցական սիստեմը քոլեջային է, որ թույլ է տալիս միանգամից մի քանի մասնագիտություն ստանալ: Իմ բախտն այդ հարցում բերել է: Բայց ես արվեստի վրա եմ կենտրոնացել: Երբ ուզում եմ հանգստանամ արվեստով եմ զբաղվում: Նկարչություն, կարուձեւ եմ անում: Շաբլոն գործեր չեմ սիրում, սիրում եմ ինքս ինչ-որ բան հորինեմ, նորը ստեղծեմ»:

Տիկին Քարմենը պատրաստում է տարատեսակ իրեր՝ փոքրիկ արձանիկներ, սառնարանի համար նախատեսված մագնիսներ եւ այլն: Բոլորը հիմնականում պատրաստվում են  հայկական մոտիվներով: Սկզբնական շրջանում կնոջ ստեղծագործությունների հումքը եղել է փայտի փոշին: Հիմա արդեն այլ նյութերով է աշխատում: Ասում է՝ աշխատանքները հիմնականում նվիրում է, հազվադեպ է վաճառում. «Պետք է հոգեբանորեն էլ առեւտրական լինես: Երբ որ ինձանից գին են հարցնում, ես շատ դժվարությամբ եմ ինչ-որ գին որոշում: Երբ որ դու աշխատում են, սկսում ես կապվել այդ գործի հետ, եւ քո ստեղծածը քեզ համար դառնում է անգնահատելի, կարծես դառնում է քո երեխան: Բայց, եթե պատվեր է լինում, խնդրում եմ, գոնե հումքի գումարը տան: Եւ ըստ իրենց ցանկությամբ այդ մարդիկ որոշակի գումար վճարել են նաեւ իմ աշխատանքի դիմաց»:

Վերջերս տիկին Քարմենը նաեւ սկեսուրի կարգավիճակ է ձեռք բերել, տղային է ամուսնացրել: Այս ընտանիքում, հարսն էլ է սկեսուրի նման ստեղծագործել է սիրում:

Հարսիկի՝ Սեդայի մոտ, աղջկական հետաքրքրությունը տարիքի  հետ ավելի է խորացել ու դարձել մասնագիտություն.  «Ֆոմից՝ տիկնիկներ, ուլունքներից՝ զարդեր, տարբեր խաղալիքներ ու գլխազարդեր եմ պատրաստում: Որ տիկնիկներ եմ պատրաստում, զգում եմ, որ մարդկանց տրամադրությունը բարձրացնում է, ուրախանում են: Ես էլ, երբ տրամադրություն չեմ ունենում, սկսում եմ տիկնիկներ պատրաստել, տրամադրությունս փոխվում է»:

Սեդան նույնպես մասնագիտությամբ մանկավարժ է: Սակայն ի տարբերություն տիկին Քարմենին, ինքը երեխաներին ռուսաց լեզու է փորձել սովորեցնել: Սակայն, որոշակի ժամանակ անց ռուսերենը փոխվել է ձեռքի աշխատանքի:

– Երեւի հոգեբանական գործոնն այստեղ աշխատեց, որ երեխաներին պետք է ստիպեի, որ սովորեն լեզուն: Բայց հասկացա, որ ստեղծագործելը երեխաներին ավելի է ձգում, եւ պետք չի, քաշել, բերել, նստեցնել ու ստիպել, որ սովորեն: Այս պարագայում իրենք են գալիս ու ուզում սովերն,եւ, երեւի, հենց դա էլ ինձ դուր եկավ, եւ սկսեցի ստեղծագործել»:

Զրույցի վերջում, տիկին Քարմենը կատակում է. «Եթե մի ընտանիքում 2 ստեղծագործող կա՝վատ է լինում, որովհետեւ տանային գործերն են մնում: Բայց, փառք Աստծո, մեր տղամարդիկ ընդունում են, եւ շատ ուրախանում են մեր գործերով: Մեզ շատ են օգնում»:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930