Լրահոս
Օրվա լրահոսը

«Հոկտեմբերի 27-ի» գործով դատապարտյալի մորը սպառնացել են խեղդել

Սեպտեմբեր 25,2017 18:07

Արաբկիր Քանաքեռ եւ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության  դատարանում լրագրող Թերեզա Սարգսյանի գործով նիստին այսօր հարցաքննվեց գործով տուժող Թերեզա Օհանյանի որդին՝ «հոկտեմբերի 27-ի» ահաբեկչության գործով ցմահ ազատազրկման դատապարտված Էդուարդ Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի, ամբաստանյալ Թերեզա Սարգսյանը ցմահ ազատազրկում կրող Էդուարդ Գրիգորյանի նկատմամբ համաներում կիրառելու և ներում շնորհելու կեղծ խոստմամբ, վերջինիս մորը՝ Թերեզա Օհանյանին, դրդել է իր միջոցով առանձնապես խոշոր չափերով՝ 4.903.740 ՀՀ դրամին համարժեք 12 000 ԱՄՆ դոլար գումար կաշառք տալ պաշտոնատար անձանց, ապա, ստանալով նշված գումարը, հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գույքը։

Ըստ Էդուարդ Գրիգորյանի՝ իրեն համաներում շնորհելու համար  իր ընտանիքի անդամներից 20 հազար դոլար են պահանջել, բայց պահանջված գումարից 12 հազար դոլարն են հարազատները վճարել: Վկայի խոսքով, գործով ամբաստանյալ Թերեզա Սարգսյանը գործարքն ավարտին հասցնելու համար նախապայման է առաջ քաշել՝ այն է՝ Էդուարդ Գրիգորյանը չպետք է իմանա գործարքի մասին: Ըստ վկայի՝ Սարգսյանը նույնիսկ սպառնացել է հարազատներին, որ վատ կլինի, եթե գործարքը կիսատ թողնեն, սպառնացել են նույնիսկ Նաիրի Հունանյանի մոր պես իր մորը խեղդել ու ջուրը գցել, իսկ իրեն՝ բանտում ոչնչացնել:

Թերեզա Սարգսյանի հարցին, թե ինչու է  վկան այդքան վստահ, որ գումարը հասել է իրեն՝ Գրիգորյանը պատասխանեց՝ վստահում է ընտանիքի անդամների ասածներին: Էդուարդ Գրիգորյանը դատարանին հայտնեց նաեւ, որ ուսումնասիրել է Թերեզա Սարգսյանի կենսագրությունը, տեղեկացել, որ նա նախկինում դատապարտվել է նմանատիպ խարդախության գործով:

Aravot.am-ը փորձեց Էդուարդ Գրիգորյանի ցուցմունքի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ ամբաստանյալ Թերեզա Սարգսյանից, վերջինս չցանկացավ խոսել՝ մեղադրելով մեզ ուղղորդված հարցեր տալու համար: Ի դեպ, այս գործով տուժող Թերեզա Օհանյանը փաստաբան չունի, փոխարենը երկու պաշտպան ունի ամբաստանյալ Թերեզա Սարգսյանը: Նրա երկու փաստաբաններն էլ հրաժարվեցին մեր հարցերին պատասխանելուց:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930