Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եվրադատարանը կքննի ոստիկանների գործողություններից տուժած լրագրող Գայանե Առուստամյանի գործով գանգատը. hcav.am

Սեպտեմբեր 25,2017 17:42

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ստացել  է 2015 թ. մայիսի 7-ին ձերբակալված և ոստիկանների կողմից անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ու ֆիզիկական բռնության ենթարկված լրագրող Գայանե Առուստամյանի գործով գանգատը: Գայանե Առուստամյանի շահերը ներկայացրել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը:

Գանգատի հիմքում խոշտանգումներից զերծ մնալու՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածով ամրագրված իրավունքը և անձնական ու ընտանեկան կյանքը հարգելու՝ ՄԻԵԿ 8-րդ հոդվածով ու իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի՝ ՄԻԵԿ 13-րդ հոդվածով ամրագրված իրավունքներն են: Գայանե Առուստամյանը ձերբակալվել և ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի կենտրոնականի բաժին է տեղափոխվել 2015 թ. մայիսի 7-ին, երբ թույլատրված վայրում փողոցը հատելիս լսելով ոստիկանի սուլիչի ձայնը՝ անակնկալի գալով հանդիմանել է վերջինիս՝ «Ինչ ես սուլում, այ էշ» արտահայտությամբ: Ոստիկանը դա որակել է որպես վիրավորանք և ոստիկանության այլ աշխատակիցների հետ նրան բաժին է տեղափոխել: Ինչպես հայտնել է Գ. Առուստամյանը, ոստիկանական բաժանմունք տեղափոխելու ճանապարհին և բաժնում ոստիկաններն անվայելուչ պահվածք և արտահայտություններ են թույլ տվել նրա հասցեին՝ հոգեբանորեն ճնշելով ու ֆիզիկական ցավ պատճառելով նրան: Ինչի հետևանքով Գ. Առուստամյանի ինքնազգացողությունը վատացել է, նրա խնդրանքով շտապ օգնություն են կանչել:

Հետագայում նրա նախաձեռնությամբ անցկացված դատահոգեբանական փորձաքննությունը հաստատել է նրա հոգեվիճակի վրա վերը նշված դեպքերի ունեցած ազդեցությունը: Տեղի ունեցածի մասին Գ. Առուստամյանի և ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցի ներկայացրած հանցագործության մասին հաղորդումների հիման վրա պաշտոնեական լիազորություններն անցնելու հիմքով քրեական գործ է հարուցվել, սակայն 2015 թ. օգոստոսի 8-ին հանցակազմի բացակայության հիմքով կարճվել: Վերադասության և դատական կարգով բողոքարկելուց հետո Գ. Առուստամյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան Տ. Սիրադեղյանը ներկայացրել է նաև վճռաբեկ բողոք, սակայն Վճռաբեկ դատարանն այն վարույթ չի ընդունել: ՄԻԵԴ ներկայացված գանգատով Գ. Առուստամյանի ներկայացուցիչ Ա. Չատինյանը հիմնավորումներ է ներկայացրել այն մասին, որ մեղավորներին բացահայտելու ու պատժելու ուղղությամբ պատշաճ քննություն չի իրականացվել:

Նրա ձեռք բերած հիվանդությունների ու ոստիկանության գործողությունների միջև կապը բացահայտելու նպատակով փորձաքննություն իրականացնելու տուժողի միջնորդությունները մերժվել են, իսկ սեփական նախաձեռնությամբ իրականացված փորձաքննության արդյունքները դատարանը որպես ապացույց չի ընդունել: Ոստիկանները ժամեր շարունակ նրան պահել են ձեռնաշղթաներով, տեսանկարահանել նրան՝ խախտելով նրա անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքը: Ձեռնաշղթաները 3 ժամ անց հնարավոր է եղել հանել միայն փրկարարների օգնությամբ, քանի որ ոստիկանները հայտարարել են, թե բանալին կորցրել են: Իսկ այս իրավունքների խախտման դիմաց փոխհատուցում ստանալու միակ ճանապարհը որևէ անձի նկատմամբ մեղադրական դատավճիռ կայացնելն է, ինչը տեղի չի ունեցել: Եվրադատարանը գանգատի ստացումը հաստատել է 2017 թ. հունիսի 16-ի գրությամբ:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930