Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գագիկ Համբարյան. «Շիրակի համալսարանում ծաղկում են քավոր-սանիկական հարաբերությունները ու թալան է կատարվում»

Սեպտեմբեր 25,2017 17:40

Շիրակի պետական համալսարանի Պատմության եւ փիլիսոփայության ամբիոնի դասախոս Գագիկ Համբարյանը եւ նրա գործընկեր Հովհաննես Խորիկյանը բաց նամակ են հղել  ՀՀ նախագահին եւ վարչապետին` Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի գործունեության վերաբերյալ ու նրանց ձեւակերպմամբ՝ ռեկտորն ավերում է բուհը:

Aravot.am-ի հետ զրույցում Գագիկ Համբարյանը այլ փաստեր էլ հրապարակեց, որոնք, իր ձեւակերպմամբ, քրեորեն պատժելի են. «Հենց հիմա պարոն Մինասյանը հրավիրում է գիտխորհուրդ, որն իր հանցանքների թաքցնողն է եղել կամ ակտիվ մասնակիցը:

Իր առաջին հանցագործությունն այն է, որ մինչեւ հիմա ոչ մի դասախոս պայմանագիր չի կնքել ինստիտուտի հետ, մենք, փաստորեն, ապօրինի ենք աշխատում, մինչդեռ ՀՀ-ում ոչ մի այդպիսի բուհ չկա: Ինչպե՞ս է դա մեկնաբանվում իշխանությունների, կոնկրետ ԿԳ նախարարության կողմից:

Մյուս հանցագործությունը հեռակա բաժինների ինտեգրված ուսուցումն է ստացիոնարների հետ, որի արդյունքում հեռակայի հետ պարապելու համար դասախոսը չի վարձատրվում: Ի՞նչ է նշանակում ինտեգրված ուսուցում, սա հնարածին է եւ ապօրինի եզրույթ է: ՀՀ Բարձրագույն կրթության մասին օրենքում չկա այդպիսի եզրույթ, մենք ունենք ստացիոնար, հեռակա եւ հեռավար ուսուցում, ինտեգրված ուսուցման մասին խոսք լինել չի կարող: Ի՞նչ իրավունքով է ռեկտոր Մինասյանն իր համար հարմար եզրույթներ գտնում, որպեսզի չվարձատրի դասախոսի աշխատանքը: Եթե մենք հեռակայի հետ պարապելու համար չենք վարձատրվելու, ինչ իրավունքով է ինքը 100%-ով վարձ գանձում հեռակա սովորող ուսանողներից, եթե դրանից մեկ լումա դասախոսին չի տալու»:

Մեր զրուցակիցը այլ խնդիրների էլ անդրադարձավ. «Բոլոնիայի համակարգին անցնելուց հետո ՀՀ բոլոր բուհերն անցան կրեդիտային համակարգի, եւ կոնկրետ որոշում կա շաբաթական ուսանողի ծանրաբեռնվածությունը որքան պետք է լինի, այսինքն՝ ըստ օրենքի սահմանված է 24-30 ժամ շաբաթական ծանրաբեռվածությունը: Պարոն Մինասյանը, սակայն, այլ բան է որոշել: Կամայական որոշում է ընդունվում գիտխորհրդի կողմից, որ լիարժեք կուրսեր կարող են համարվել 11 հոգուց բաղկացած կուրսերը, այսինքն, եթե կուրսը 10 հոգանոց է, ուրեմն պարապմունքները 50%-ով են արվում: Մյուսը կարեւոր խնդիրը աշխատավարձերն են:

Ժառանգելով նախորդ ռեկտորից 500 մլն դրամ, պարոն Մինասյանը հայտարարում է, որ բուհի բյուջեն ճեղքվածք է տվել: Հարց է առաջանում, այդ ճեղքվածքը մեկ տարվա ընթացքում որտեղի՞ց առաջացավ: Շատ սովորական բացատրում եմ` ինստիտուտում պետք է վերակառուցվի դահլիճը, որի կահավորումը նվիրել է Համաշխարհային բանկը, դրա համար ծախսվել է 100 մլն դրամ, մինչդեռ այդ գումարով կարելի էր գնել 10 տուն, իսկ պարոն Մինասյանը դահլիճ է վերանորոգում: Ինստիտուտի բյուջեի գումարները ծախսվում են բուֆետ վերանորոգելու համար, կոնկրետ բուֆետի վրա ծախսվել է 25 մլն դրամ, առանց տենդեր հայտարարվելու՝ ինստիտուտի բուֆետն աշխատեցվում է ինստիտուտի կողմից, դեռ 7 հոգի աշխատող ունի, ամբողջ սնունդը գնվում է ինստիտուտի հաշվին: Ինստիտուտում կրճատումներ են արվում, բայց բուֆետում աշխատողներ են ընդունվում:

Սահակ Մինասյանի խորհրդականը եւ օգնականը ստանում են 300-400 հազար դրամ աշխատավարձ: Նա անընդհատ հայտարարում է, որ իր համար կարեւոր են պաշտպանած դասախոսները, մինչդեռ իր օրոք չպաշտպանած մարդը եկել է համալսարան եւ ստանում է բարձր աշխատավարձ, չպաշտպանած մարդիկ զբաղեցնում են բավական բարձր պաշտոն ադմինիստրացիայում: Պարոն Մինասյանը նաեւ բժիշկ է ընդունել, որը 250000 դրամ է ստանում: Ինքը նաեւ բերել է իր գործավարուհուն, ընդ որում՝ բոլոր թոշակառուներին ազատեց գործից, որոնք պրոֆեսիոնալ աշխատողներ էին, իսկ իր գործավարուհին, որ 67 տարեկան է, համակարգչից օգտվել չգիտի, թեյ եւ սուրճ է եփում, դրա համար ստանում է 200000-250000 դրամ: Իմ կարծիքով՝ այսպիսի աշխատավարձեր չկան Հայաստանի ամենահարուստ հիմնարկներում անգամ: Սա ընդամենը մի քանի դրվագ է նրա արած թալանից, ստուգումների արդյունքում ավելին կլինի: Հաշվապահը, որն իր մտերիմն է, 400000 է ստանում:

Օրերս Լեւոն Մկրտչյանը հեռուստահաղորդումներից մեկի ժամանակ հայտարարում էր, որ թե պայքարում են քավոր-սանիկական համակարգի դեմ, մեր ինստիտուտում այդ համակարգը ծաղկում է: Ռեկտորի խորհրդականը իր երեխաների քավորն է, սանիկը նույնպես մեզ մոտ է աշխատում, տղաների ընկերներն էլ: Քրոջ որդին երկրորդ իրավաբան է ընդունվել բարձր աշխատավարձով, մինչդեռ բուհը լավագույն տարիներին մեկ իրավաբան է ունեցել: Մեր բուհում մտցրել է հսկիչների, որոնք հսկում են դասապրոցեսները, եւ ի տարբերություն այլ բուհերի, ոչ թե ավարտած մարդիկ են, այլ մեր ուսանողները: Նրանք ստանում են 200000 դրամ, երբ սովորական դասախոսը գրոշներ է վաստակում:

Եվս մեկ հարց ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանին: Ինչպե՞ս է ԿԳ նախարարը թույլատրել, որ պարոն Մինասյանը բուհում բացի քաղաքագիտություն, իրավագիտություն եւ սոցիոլոգիա բաժինները, երբ լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ է, որպեսզի պարոն Մինասյանը ներկայացներ փաստաթղթեր, որ ամեն բաժինն ունի հիմնական 3 թեկնածու աշխատողներ: Մինչդեռ այդ բաժիններում գիտությունների թեկնածուներ չկան: Պարոն Մինասյանը առաջին իսկ օրվանից հայտարարել է, որ եթե նախկինում բուհը եղել է հանրապետություն, հիմա միապետություն է, իրեն շրջապատել է յուրայիններով, որոնք ներկայացված են գիտխորհուրդում, որը նրա ապօրինությունների քողարկողն է:

Պարոն Մինասյանն առաջին իսկ օրվանից ահաբեկում է բոլորին, թե ձեռքերը երկար են եւ հովանավորություն ունի «վերեւից»: Դիմում եմ ՀՀ նախագահին եւ վարչապետին, ինչո՞ւ է այս մարդը ցանկանում ոչնչացնել բարձրագույն կրթությունը Շիրակի մարզում: Իմիջիայլոց, հավելեմ, որ սեպտեմբերի 1-17-ը լրագրության բաժինը դաս չի արել, որովհետեւ պարոն Մինասյանի թեթեւ ձեռամբ այդ բաժնում դասաբաշխում չի եղել: ՆԶՊ բաժնում էլ դասեր չեն արվել: Սա հանցագործություն է բուհի եւ Շիրակի մարզի նկատմամբ»,-հայտարարում է Գագիկ Համբարյանը:

Aravot.am-ը կապվեց նաեւ Շիրակի համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի հետ: Նա վերը նշվածը եւ Բաց նամակում եղած փաստերը հերյուրանք որակեց ու ասաց, որ գիտխորհուրդը հայտարարություն է տարածելու այդ ամենի վերաբերյալ:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930