Լրահոս
Օրվա լրահոսը

Անծանոթ շանը փրկելու համար 27-ամյա աղջիկը նետվել է այրվող թափոններով խոր փոսը

Սեպտեմբեր 25,2017 17:10

«Տավուշ Տեքստիլ» ՍՊԸ տնօրեն, 1989թ. ծնված Միքայել Եզեկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 232 հոդվածի 1-ին մասով, այն բանի համար, որ նա խախտել է ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարի 2015թ. հունիսի 18-ի թիվ 595-Ն հրամանով սահմանված հրդեհային անվտանգության կանոնները՝ 2-րդ գլխի 5-րդ կետի 1-ին ենթակետը, համաձայն որի՝ օբյեկտների ղեկավարները կամ նրանց լիազորված անձինք պարտավոր են անցկացնել աշխատակիցների հրդեհային անվտանգության հրահանգավորում, ինչպես նաև 3-րդ գլխի 17-րդ կետը, համաձայն որի՝ արգելվում է աղբի ոչնչացման համար նախատեսված հատուկ տեղերում այրումը հսկողությունից դուրս թողնելը, այսինքն՝ պետք է հսկել կրակը մինչեւ վերջնական այրումը:

Դրա հետեւանքով, 2015թ. հոկտեմբերից «Տավուշ Տեքստիլ» ՍՊԸ-ում որպես օպերատոր-մեքենավար աշխատող, Արծվաբերդ գյուղի բնակչուհի, 1990թ. ծնված Լիաննա Զարգարյանը, չանցնելով հրդեհատեխնիկական հրահանգավորում, 2016թ. հուլիսի 8-ին ինքնակամ, շանը փրկելու նպատակով մտել է Արծվաբերդում գտնվող գործարանի տարածքում առկա թափոնների այրման եղանակով ոչնչացման համար նախատեսված փոսը, ստացել ջերմային այրվածքներ եւ առողջության ծանր վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածքներ:

Առաջադրված մեղադրանքում Մ. Եզեկյանն իրեն դատարանում մեղավոր չի ճանաչել, ցուցմունք է տվել, որ հրդեհային եւ տեխնիկական անվտանգության կանոնների իրազեկման հետ կապված մատյաններ են կազմվել: Հրդեհային եւ տեխնիկական անվտանգության վերաբերյալ հրահանգավորումը կատարել են մեկ մատյանում, որի համար աշխատողները ստորագրել են եռամսյակը մեկ: Իրենց կողմից վարած մատյանում ընդգրկված է եղել նաև հրդեհատեխնիկական անվտանգության` հրդեհը կանխելու, մարելու վերաբերյալ հարցը: Մատյանը վարելու պարտականությունը դրված է եղել Հովսեփ Անանյանի վրա, եւ վերջինս իր պարտականությունը կատարել է. վարել է մատյանը, հրահանգավորել է, ստորագրել է տվել:

Տուժող Լիաննա Զարգարյանը ցուցմունք է տվել , որ 2016թ. հուլիսի 8-ին, առավոտյան ժամը 7:30-ից 8:00-ի սահմաններում, արտադրամասում իրեն է մոտեցել Ալվարդ Ասիլբեկյանը եւ հայտնել, որ ամբողջ գիշեր շունը ոռնալիս է եղել, իրենք չեն կարողանում շանը փոսից հանել: Ալվարդի հետ միասին դուրս են եկել արտադրամասից, մոտեցել փոսին: Փոսում շուն կար, բայց փոսից կրակ կամ ծուխ չէր բարձրանում, այն լիքն էր, նրա խորությունը չէր երևում, ջերմություն նույնպես չի զգացել, որպեսզի հասկանար, որ այնտեղ այրում է տեղի ունենում:

Շանը փոսից հանելու նպատակով տախտակի միջոցով փորձել է իջնել, սակայն ոտքը սայթաքել է եւ ընկել է փոսը: Հետո զգացել է, որ այրվում է, օգնություն է խնդրել եւ ներկաները փայտի կտոր են բերել,ինքը դրա օգնությամբ բարձրացել է: Շտապօգնության մեքենայով իրեն տեղափոխել են Բերդ քաղաքի հոսպիտալ, որտեղ մնացել է երկու օր: Հետո իր եղբայրն իրեն տեղափոխել է Երեւան: Երեւանում 6 վիրահատություն է տարել, ոտքերի մատերն ամպուտացիայի են ենթարկել:

Դեպքից 17 օր անց Միքայել Եզեկյանը փորձել է իրեն աշխատանքից ազատել` պատճառաբանելով, որ եթե նրան հարցնեն իր մասին` չի կարողանա պատասխանել, թե ինքը որտեղ է: Մ. Եզեկյանն աշխատանքից ազատման հրաման է ներկայացրել, սակայն ինքը դրա տակ չի ստորագրել: Միքայելն իրեն մեկ օր ժամանակ է տվել աշխատանքից ազատվելու շուրջ մտածելու համար` խոստանալով, որ կապահովի թոշակով եւ նպաստով:

Միքայելի կինը` Մարիանան, հայտնել է, որ նպաստ նշանակող աշխատակիցների հետ մտերիմ է, իրեն կապահովեն նպաստով եւ թոշակով, իսկ մինչ այդ կապահովեն իր աշխատավարձը: Իր մայրը երեկոյան ժամը 22:15-ին զանգահարել է Միքայելին եւ հայտնել, որ իրենք աշխատանքից ազատմանը համաձայն չեն: Դրանից հետո Միքայելն իրեն որեւէ օգնություն չի ցուցաբերել, սակայն մինչ այդ գնել է 120.000 դրամ արժողությամբ հակագանգրենային դեղ, 270.000 դրամ է հաշվապահությունից փոխանցել, երկու անգամ էլ հիվանդանոցում այցելել է իրեն եւ մոտ 30.000 դրամի չափով սննդամթերք բերել: Լ. Զարգարյանը դատարանում պահանջել է Մ. Եզեկյանից հօգուտ իրեն բռնագանձել 2 միլիոն դրամ:

Գործով վկա «Տավուշ Տեքստիլ» ՍՊԸ փոխտնօրեն Նորիկ Երիցյանը ցուցմունք է տվել, որ 2016թ. հուլիսի 8-ին, առավոտյան ժամը 7-ին գործարանի կողմից բարձր ձայներ է լսել: Անմիջապես եկել է գործարան եւ տեսել, որ Լ. Զարգարյանին թափոնների համար նախատեսված փոսի միջից հանել են: Իր մեքենայով նրան տեղափոխել է հիվանդանոց: Հարցրել է, թե ինչ է պատահել, ասել են, որ Լիաննան շանը փրկելու համար մտել է փոսը: Լիաննան մեխանիկներին ասել է՝ ձեր մեջ համարձակ տղամարդ չկա ու ինքը թռել է փոսը: Փոսը գտնվում է գործարանից բավականին հեռու եւ բոլորը տեղյակ են, որ ավելորդ թափոնները վառում են այդ փոսում: Ոչ մի աշխատող իրավունք չունի իր աշխատավայրը թողնի ու դուրս գա արտադրամասից:

Թափոնները նախատեսված է վառել ամսվա կենտ օրերին: Բոլոր աշխատողները տեղեկացված են փոսի մասին: Վառելու ժամանակ բոց ու ծուխ է առաջանում, եւ հնարավոր չէ դա չնկատել: Նկատել է, որ մինչեւ Լիաննայի ծնկների վերևի հատվածը վառվել է, վառվել էին նաեւ պլաստմասսե հողաթափերը, շատ վառված էին ոտնաթաթերը: Լ. Զարգարյանի մայրիկին ինքն անձամբ 10.000 դրամ գումար է տվել եւ 40.000 դրամ էլ՝ շտապօգնության մեքենայով տեղափոխելու համար: Նշված գումարները ինքը տվել է գործարանի տնօրինության միջոցներից:

Գործով վկա «Տավուշ Տեքստիլ» ՍՊԸ մեխանիկ Հովսեփ Զարգարյանը ցուցմունք է տվել այն մասին, որ 2016թ. հուլիսի 8-ին, ժամը 7-ի սահմաններում, աղբի այրման փոսում շուն էր ընկել, իրենք փորձել են հանել այդ շանը: Փոսի մոտ գտնվել են ինքը, մեխանիկ Վարդան Զանյանը, Ալվարդ Ասիլբեկյանը եւ Լիաննա Զարգարյանը: Լիաննան իրենց չի լսել ու որոշել է ցած իջնել` շանը հանելու համար: Լիաննան շանը չի հանել, շունն ինքնուրույն է դուրս եկել, իրենք Լիաննայի ձեռքից բռնել են, քաշել ու հանել: Նա այրվածք էր ստացել, տեղափոխել են հիվանդանոց: Լիաննան ինչ-որ մեկի ձեռքից բռնած է եղել, ձեռքը թողել է ու թռել փոսը: Հետո սկսել է ասել` ախ, վայ, այրվում եմ: Նրան փոսից հանել են գրեթե անգիտակից վիճակում:

Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ 2017թ. սեպտեմբերի 11-ին Բերդ քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը վճռել է ՀՀ քրեական օրենսգրքի 232 հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում Միքայել Եզեկյանին արդարացնել` նրա արարքում հանցակազմի բացակայության պատճառով, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել, նրա նկատմամբ ընտրված «Ստորագրություն չհեռանալու մասին» խափանման միջոցը թողնել անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, տուժող Լիաննա Զարգարյանի կողմից պատշաճ կերպով ձևակերպված քաղաքացիական հայցի պահանջ չներկայացվելու պատճառով, տվյալ հարցը թողնել առանց քննության:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930