Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆինանսների նախարարը` վարկային ծրագրերից հրաժարվելու եւ փակված ՊՈԱԿ-ների ու ԾԻԳ-երի մասին (Տեսանյութ)

Սեպտեմբեր 25,2017 16:19

Ֆինանսական տարին կփակենք 4,3 տնտեսական աճով: Այսօր այսպիսի կանխատեսում արեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Նախարարն ասուլիս էր հրավիրել` ֆինանսական տարին ամփոփելու:

Պարոն Արամյանն ասաց, որ խիստ կարեւոր է մակրոտնտեսական իրավիճակը կայուն պահել, ինչը վստահություն է հաղորդում նաեւ ներդրումների համար:

Հիշեցնելով վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականը` ՊՈԱԿ-ները փակելու եւ ԾԻԳ-երի թիվը կրճատելու վերաբերյալ, պարոն նախարարին հարցրին, թե մինչ օրս որքան ՊՈԱԿ է փակվել եւ դրա արդյունքում որքան խնայողություն է եղել:

Վարդան Արամյանն ասաց, որ այն շարունակական գործընթաց է լինելու եւ միայն 2017-ի համար չէր ասված: Այդուհանդերձ, պարոն Արամյանն ասաց, որ այս օպտիմալացման նպատակն այնքան ՊՈԱԿ-ները փակելը չէր, որքան գրեթե նույն գործառույթն իրականացնող մարմինների թիվը կրճատելը:

Ըստ ֆինանսների նախարարի, պարտադիր չէ, որ ՊՈԱԿ-ը փակելով խնայողություն լինի, այլ այն, որ այդ գումարներն ավելի նպատակային ծախսվեն: Ֆինանսների նախարարության մասով, նախարարն ասաց, որ 299 միլիոն դրամի խնայողություն են ունեցել եւ 70 հաստիք կրճատվել է:

Մանրամասները` տեսանյութում

Հարցին, թե արտաքին պարտքի կայունացման նպատակով նախարարը հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետությունը ստիպված է շատ վարկային ծրագրերից հրաժարվել, ի՞նչ վարկային ծրագրերից են հրաժարվել, Վարդան Արամյանը պատասխանեց, որ վարկային ռեսուրսները պետք է առավելագույնս արդյունավետ ծախսենք, որպեսզի նա կատալիտիկ դեր խաղա մասնավոր ներդրումների համար:

Ինչ վերաբերում է վարկային ծրագրերից հրաժարվելուն, ապա պարոն Արամյանն ասաց. «Մենք ունենք բազմաթիվ ծրագրեր, որոնք որ բանակցման գործընթացներում են եւ մենք այդ գործընթացը փորձելու ենք ավելի պահպանողական դարձնել: Չեմ ուզում օգտագործել կասեցնել բառը: Մենք արդեն իսկ այսօր ունենք ստորագրված համաձայնագրեր, որոնք դեռեւս պետք է վերցնենք, այն 1, 7 միլիարդ ԱՄՆ դոլարի չափով է, որն առաջիկա 7-8 տարիների ընթացքում պետք է այդ միջոցները ներգրավենք մեր տնտեսությունում եւ ուղղորդենք ենթակառուցվածքներ: Ի լրումն դրան, որպեսզի մենք ավելացնենք այդ ընդհանուր պաշարը, պետք է ունենանք խիստ պահպանողական վարքագիծ: Մի կողմից մենք ունենք պարտքի կայունության խնդիր, մյուս կողմից մենք ունենք տնտեսական աճի ուժեղացման, ամրացման խնդիր: Դրա համար, որպեսզի մենք ապագայում խնդիրներ չունենանք, պետք է խիստ պահպանողական վարքագիծ ունենանք: Եվ կանոններով վերցնենք մեր վարկերը»:

Այն հարցին էլ, թե ճի՞շտ է արդյոք, որ ներդրումների մեջ ներառվել են համայնքային եւ բյուջետային ծախսերը, արդյոք դա կարող է ներդրում համարվել, Վարդան Արամյանը պատասխանեց, որ ներդրումների համար պատասխանատու է տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը. «Ներդրումը ներդրում է, շատ դեպքերում, շփոթ կա, որ արդյոք դա պետք է համադրելի դարձնենք օտարերկրյա ուղղակի ներդրումների հետ, դրանք տարբեր ցուցանիշներ են: Խոսքը վերաբերվել է Հայաստանի ներքին տնտեսությունում կատարվող ներդրումներին, եւ դա որ աղբյուրից պիտի կատարվի` կարեւոր չէ, կարեւորն այն ներդրումային ծրագրերն են, որոնք պետք է իրագործվեն այս տարվա ընթացքում»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930