Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանն ունի հնարավորություն հասնելու առանց վիզայի ռեժիմին. ուկրաինացի փորձագետ

Սեպտեմբեր 25,2017 15:42

«Իհարկե, մտավախություններ միշտ կան, որ ՌԴ-ն ճնշում կգործադրի Հայաստանի վրա, բայց քանի որ անցյալ շաբաթ նույնիսկ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստի ժամանակ ՀՀ առաջին դեմքերի շուրթերով հայտարարվեց, որ Հայաստանը կստորագրի այդ համաձայնագիրը, հուսով եմ` դրանից հետո նահանջելու տեղ չունենք»,- «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը հայտարարեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը՝ անդրադառնալով այն մտահոգություններին, թե վտանգներ կան, որ նոյեմբերին ՀՀ-ն ԵՄ-ի հետ չի ստորագրի շրջանակային համաձայնագիրը:

Հայաստան ժամանած՝ Արևելյան գործընկերության երկրների փորձագետները հայտնեցին այն առավելությունները, որոնց համար երկրները պետք է շահագրգռված լինեն արևելյան գործընկերության հարթակում ընդգրկվելու համար:

EURACTIV Poland գլխավոր խմբագիր Կառօլինա Զբիտնեվսկան հիշեցրեց, որ դեռ 2008-ին Լեհաստանն ու Շվեդիան եղել են Եվրոպական հարևանության ծրագրի ճարտարապետները: Այնուհետև տեղեկացրեց, որ նախատեսվում է Արևելյան հարևանության վեց պետությունների՝ արժեքների շուրջ միավորում. «Հարցը դեռ քննարկման ընթացքում է: Անվանման հարցը լուծելի է: Այս նախաձեռնության մասին ընդգծվեց նաև Լեհաստանի գործող ԱԳ նախարարի ելույթում, որտեղ նա հույս է հայտնում, որ բրյուսելյան գագաթաժողովին ԵՄ-ն կկարողանա հստակ հայտարարություն անել, որ այս բոլոր երկրներն ունեն ԵՄ-ին միանալու հեռանկար: Դա շարունակում է մնալ Լեհաստանի արտաքին քաղաքականության անկյունաքարերից մեկը»:

«Եվրոպան առանց սահմանների» ուկրաինական հասարակական կազմակերպության ղեկավար Իրինա Սուշկոն վստահեցրեց, որ լինելով Ռուսաստանի ագրեսիայի ներքո, այնուամենայնիվ, ուկրաինական հասարակությունը գնաց այդ քայլին և Մայդանի` արժանապատվության հեղափոխության գնով ընտրեց եվրոպական արժեքները:

Անդրադառնալով Հայաստանին` ուկրաինացի փորձագետը հավաստիացրեց. «Մենք կարծում ենք` Հայաստանն ունի հնարավորություն հասնելու առանց վիզայի ռեժիմին, քաղաքացիական հասարակությունը պետք է ևս հետամուտ լինի այս հարցում»: Որպես առավելություն նշեց, որ ստեղծվել են նոր հակակոռուպցիոն մարմիններ, որոնց արդյունավետ գործունեության համար կա անհրաժեշտ օրենսդրական դաշտ: Այլ հարց է, թե որքանով են Ուկրաինայի իշխանությունները հետամուտ այդ մարմնի գործունեության կատարելագործմանը:

Մոլդովայի Եվրոպական քաղաքականության եւ բարեփոխումների ինստիտուտի (IPRE) փորձագետ Յուլիան Ռոսուն ներկայացրեց Մոլդովայի` ասոցացման համաձայնագրին միանալու պատմությունն ու արդյունքները. «Անշուշտ, նվաճումներից մեկը առանց վիզայի ռեժիմի ձեռքբերումն է Մոլդովայի համար: Ազատ վիզայի ռեժիմի սահմանումից հետո Մոլդովայում կա գոհացուցիչ վիճակագրություն, արտահանումների 67 տոկոսը գնում է ԵՄ: Այս համատեքստում կարևոր է նաև մերձդնեստրյան հակամարտության լուծման հարցը, որին ձգտում են Մոլդովան և Ուկրաինան: Ներկայումս, գտնվելով ԵՄ համաձայնագրի շրջանակներում, մենք վերանայում ենք մեր մոտեցումներն այդ հակամարտության կարգավորման վերաբերյալ: Այստեղ կարևորություն են ստանում Մոլդովայի և Ուկրաինայի միջև համատեղ անցակետերի վերահսկողությունը, որն ավելացնում է տարածաշրջանում անվտանգությունը և որոշակի երաշխիքներ ապահովում Մերձդնեստրյան Հանրապետության և մեր երկրների միջև թե՛ քաղաքացիների, թե՛ առևտրի շարժի տեսակետից»:

Հարցին` ի՞նչ տպավորություն կթողնի Հայաստանը միջազգային հանրության առաջ, եթե հանկարծ նոյեմբերին`արդեն երկրորդ անգամ չստորագրի ԵՄ-ի հետ համաձայնագիրը, Յուլիան Ռոսուն պատասխանեց. «Տպավորություն ստեղծվում է ժողովուրդների, այլ ոչ առաջնորդների մասին: Այդ առումով Մոլդովան ունի շատ լավ տպավորություն հայ ժողովրդի մասին, և այն կմնա անփոփոխ»:

Ստեփան Գրիգորյանն էլ ամփոփեց, թե չի հավատում, որ նոյեմբերին հնարավոր է շրջանակային համաձայնագիրը չստորագրվի, քանի որ ՀՀ իշխանությունները բոլոր հնարավոր հարթակներից այդ մասին հայտարարել են. անգամ օգտագործել են ՄԱԿ-ի հարթակը. «Պետք է իմանանք, որ դա ասոցացման խորացված պայմանագիր չէ, բայց շատ կարևոր է մեզ համար, որ ունենանք իրավական հիմքեր ԵՄ–ի հետ: ԵՄ-ն ԱՄՆ-ից բացի աշխարհում միակ կառույցն է, որ ուղղակիորեն աջակցում է Հայաստանին, ի տարբերություն մեր մյուս գործընկերների, որոնք Հայաստանից փող են դուրս բերում, ինչն ավելի ակնհայտ է սկսել դառնալ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը` «Մեդիա կենտրոն»-ի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930