Բլոգեր Ստանիսլավ Բորգունովը մեկ շաբաթով այցելել է Հայաստան, այդ թվում Արցախ: Այցի տպավորություններով և լուսանկարներով նա կիսվել է իր Travel Blog-ում:
«Հենց նոր եմ վերադարձել Հայաստան և Լեռնային Ղարաբաղ կատարած մեկշաբաթյա այցից,- գրում է նա:- Այստեղ պետք է գնալ հենց հիմա, քանի դեռ համաշխարհային զբոսաշրջային ինդուստրիան չի սկսել այդքան հետաքրքրվել այս վայրերով»:
Բլոգերը գրում է, որ իր վրա մեծ տպավորություն թողել է ոչ այնքան բնության հրաշալիքները, հնագույն պատմությունը կամ լեռնային եկեղեցիները, այլ այստեղ ապրող մարդիկ:
«Քաղաքների փողոցներում, շուկաներում և Աստծո կողմից մոռացված փոքրիկ գյուղերում կամ պարզապես ճանապարհին մեզ բախտ վիճակվեց հանդիպել բազմաթիվ հետաքրքիր բնակիչների, և նրանք բոլորն էլ չափազանց ֆոտոգենիկ էին և անկրկնելի»,- գրում է նա:
Հենց Հայաստանի բնակիչներին էլ բլոգերը նվիրել է իր առաջին ֆոտոշարքը: «Նայե՛ք այս մարդկանց դեմքերին և միանգամից կհասկանաք՝ արժե մեկնել այնտեղ, եթե դեռ չեք եղել, և արդյոք ձեզ այստեղ հետաքրքիր ու հարմար կլինի»,- գրել է նա:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ