Լոռու մարզի Դսեղ համայնքում գտնվող Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի հարակից շինություններից մեկը նորոգվել է եւ հանձնվել շահագործման: Ամերիկահայ ջութակահար Աշոտ Տիգրանյանի ներդրման շնորհիվ շինության մի հատվածում նախատեսում են հուշանվերների սրահ հիմնել, իսկ բացօթյա հատվածը կծառայի ցուցադրությունների համար: Նորոգվել է նաեւ սանհանգույցը:
«Երկար տարիներ մենք սանհանգույց չունեինք, վերջապես՝ դա իրականություն է: Բացօթյա տաղավարում էլ միջոցառումներ կկազմակերպենք: Այս ամենը մեզ նոր այցելուներ կտա»,-լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Ռոզա Ղազումյանը: Նա նշեց, որ տուն-թանգարանի ճակատային հատվածը նորոգման կարիք ունի:
Սեպտեմբերի 24-ին Ամենայն հայոց բանաստեղծի տան բակը լեցուն էր՝ դսեղցի աշակերտները հյուրերի համար ներկայացում-բեմադրություններ էին նախապատրաստել: Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը եւ ջութակահար Աշոտ Տիգրանյանը եղեւնիներ տնկեցին տուն-թանգարանի բակում:
Այս տարում սպասվում են թումանյանական գրքերի հրատարակումներ, փաստավավերագրական ֆիլմի նկարահանում, այլ գրական-մշակութային միջոցառումներ:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ