Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Վրաստանում է

Սեպտեմբեր 25,2017 14:08

Սեպտեմբերի 25-ին մեկնարկել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի պաշտոնական այցը Վրաստան: ՀՀ խորհրդարանի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Արմեն Աշոտյանը, Արմեն Ռուստամյանը, Վարդեւան Գրիգորյանը եւ Լենա Նազարյանը, հանդիպել են Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի հետ:

Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ Հայաստանի խորհրդարանի պատվիրակության պաշտոնական այցը Վրաստան լուրջ խթան կհանդիսանա երկու երկրների միջպետական հարաբերությունների եւ, հատկապես, միջխորհրդարանական համագործակցության հետագա ամրապնդման համար:

Արա Բաբլոյանը, մասնավորապես, ընդգծել է, որ Հայաստանի իշխանություններն անկախության վերականգնման առաջին իսկ օրերից մեծ կարեւորություն են տվել Վրաստանի հետ համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը: ՀՀ խորհրդարանի ղեկավարն իր խոսքում նշել է. «Միմյանց հետ հարաբերություններում մենք միշտ առաջնորդվել ենք մեկ ճշմարիտ սկզբունքով՝ մեր միջեւ չլուծվող խնդիրներ չկան»: Նա հույս է հայտնել, որ ապագայում եւս արդյունավետ համագործակցությունը կշարունակվի, նոր ուղիներ կգտնվեն բազմաբնույթ շփումների սերտացման համար` առավելագույնս օգտագործելով առկա ողջ ներուժը: Արա Բաբլոյանը վրացի գործընկերոջն առաջարկել է առավել հաճախակի դարձնել երկու երկրների խորհրդարանականների համագործակցությունը փոխայցերի, համատեղ քննարկումների ձեւաչափով:

Վրաստանի խորհրդարանի նախագահը, խոսելով վրաց-հայկական հարաբերությունների մասին, մասնավորապես նկատել է, որ թեեւ այս տարի նշվում է երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակը, սակայն վրաց-հայկական բարեկամությունն ունի դարերի պատմություն: Իրակլի Կոբախիձեն վստահեցրել է, որ Վրաստանի խորհրդարանական բոլոր ուժերն ունեն միատեսակ դիրքորոշում այն մասին, որ Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունները պետք է լինեն եղբայրական ու քայլեր ձեռնարկվեն դրանք առավել ամրացնելու ուղղությամբ: Վրաստանի խորհրդարանի ղեկավարը հայ գործընկերներին մանրամասն ներկայացրել է իրենց երկրում ընթացող բարեփոխումների հիմնական ուղղությունները:

Կողմերը քննարկել են տնտեսական, սոցիալական, մշակութային, կրթական եւ այլ ոլորտներին առնչվող հարցեր:

Հանդիպումից հետո ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն ու խորհրդարանի պատվիրակությունն այցելել են Վրաստանի տարածքային ամբողջականության համար զոհված հերոսների հրապարակ:

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողով

Հանրային Կապերի Վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930