ՀՀ նախագահի հրամանագրով բանաստեղծ, արձակագիր Արմեն Շեկոյանն արժանացել է Մովսես Խորենացի մեդալի: Մեր սիրելի Արմեն Շեկոյանը, որ ճանաչված գրող է, բայց համեստ ու առանց մեծամտության: Նրան Նոբելյան կամ Պուլիտցերյան մրցանակն էլ չի փոխի, քանի որ նրա լավագույն մրցանակը իր ճանաչումն է: Ո՞վ չի ուզում գոնե մեկ անգամ հնարավորություն ունենալ զրուցել Արմեն Շեկոյանի հետ, որը բոլորից տարբերվում է իր ինքնատիպ ձեռագրով: Իր ստեղծած գրականությունն էլ ճիշտ իր նման է՝ պարզ, անբռնազբոսիկ, առանց պաթոսի կամ լալկանության, անմիջական քաղաքային խոսվածքով։
Ինչ վերաբերում է շեկոյանական պոեզիային, այն նույնպես զերծ է ճռճռան գունազարդումներից, իրական է, իսկ մտահոգությունները՝ չհնացող: Ճիշտ է, Արմեն Շեկոյանը տեւական ժամանակ է՝ պոեզիայի ժանրում չի ստեղծագործում, քանի որ գուցե պոեզիան ավելի խաղաղ ժամանակների համար է, բայց փոխարենը այժմ «Հայկական ժամանակ» «մեծակտավ» վեպն է գրում: Այն մաս առ մաս տպագրվում էր «Առավոտ» օրաթերթում, այժմ արդեն Aravot.am կայքէջում։ Արմեն Շեկոյանի կողքին ապրող շատերը վաղուց այդ վեպի հերոսներն են, շատերն էլ երազում են մի օր իրենց անունն էլ կարդալ «Հայկական ժամանակ» վեպում… Լուսահոգի նկարիչ Հակոբ Հակոբյանն ամեն առիթով շեշտում էր, որ «Առավոտ» թերթը հենց Արմեն Շեկոյանի վեպի համար է ամեն առավոտ կրպակից գնում: Ճիշտն ասած, առավոտցիներս առանձնահատուկ կարգավիճակում ենք, որ աշխատում ենք Արմեն Շեկոյանի հետ, ամեն մեկին տրված չէ քայլող դասականի հետ այդքան հաճախ հանդիպել ու վայելել նրա իմաստուն ներկայությունը:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ հեղինակի
«Առավոտ» օրաթերթ
23.09.2017